Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես գիտեմ պատգամավորներ, որոնց գլխին Կալաշնիկովը պահես՝ մանդատը չեն դնի». Նաիրա Զոհրաբյանը մեղադրում է ընդդիմությանը

Նոյեմբեր 15,2021 14:55

Այսօր «Պատերազմ եւ կապիտուլյացիա. մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքը դեռ վաղուց է հասկացել ու ասել, որ խորհրդարանով հնարավոր չէ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին. «Խորհրդարանով, եթե դու չունես մեծամասնություն, ավելի ես ամրապնդելու Փաշինյանի իշխանությունը: Ինչքան էլ ցավալի հնչի, այս խորհրդարանը Եռաբլուրի ծնունդ է: Խորհրդարանական ընդդիմությունը մեկ գործառույթ ուներ՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին, ոչ թե նրա հետ քննարկեր գույքահարկ, նրան հրավիրեր ու քննարկեր բյուջեում գրահրատարակչության ոլորտի խնդիրները»:

Նա, դիմելով քննարկմանը ներկա խորհրդարանական ընդդիմության՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին, նրան հարցրեց՝ ի՞նչ է անում խորհրդարանական ընդդիմությունը հիմա, ի՞նչ գործիքներ է օգտագործում, որ չէին անում նախկին ընդդիմադիրները. «Ես, օրինակ, հիմա կլինեի Իշխանասարի ներքեւում, ոչ թե կքննարկեի գույքահարկի խնդիրները, «Անտարեսի» հետ կքննարկեի գրահրատարակչության խնդիրները: Ես չեմ ասում, որ իմ՝ այնտեղ լինելով, խնդիրները կլուծվեին: Դուք այն պատգամավորներից եք, որոնք ազնվությանը վստահելով՝ բաց ուղղում եմ այս հարցերը»:

Տիգրան Աբրահամյանն ի պատասխան ասաց. «Մեր մանդատները վայր դնելը մշտական օրակարգի հարց է»: Անդրադառնալով Իշխանասարում լինելու խնդիրներին՝ նա ասաց, որ համարում է, որ տեղերում ըստ խնդիրների աշխատելն առաջնահերթություն է ու իրենք այդպես էլ անում են. «Պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո ՀՀ-ն ուներ ՊՆ նախարար, որը փոփոխության ենթարկվեց. Դավիթ Տոնոյանին փոխեցին Վաղարշակ Հարությունյանով, հետո՝ Արշակ Կարապետյանով: Հիմա էլ հայտնի է դարձել, որ մեկ տարվա ընթացքում ունենք արդեն 4-րդ ՊՆ նախարարը: Խոսել պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության մասին այս ֆոնին՝ իրավիճակը բավականին անլրջանում է: Չեմ խոսում ԳՇ տեղակալների, բանակային կորպուսում տեղի ունեցած փոփոխության մասին, պատերազմից հետո փոփոխության ենթարկվեց ՊԲ հրամանատարը. մենք մտել ենք կադրային շրջապտույտի մեջ, որից նույնիսկ դուրս գալու հեռանկարներ այս պահին տեսանելի չեն: Այս պայմաններում խոսել երկրում տեղի ունեցող պաշտպանական համակարգի լուրջ գործընթացների մասին՝ իմաստ չունի»:

Նա ասաց, որ ՀՀ-ում 8 ամիս է՝ խոսում են ԶՈՒ արդիականացման մասին, բայց իրականում դա գոյություն չունի. «Արցախում ունենք 1 ամսվա ընթացքում խոցված 2 քաղաքացիական անձ, ՀՀ երկու հատվածում ունենք տեղակայված ադրբեջանական անցակետեր, Ադրբեջանը սահմանի մեծ հատվածով՝ Գեղարքունիք, Սյունիք, Վայոց ձոր, վերադիրքավորումներ է իրականացնում ու էականորեն բարելավում իր դիրքերը, որոնք առանց այն էլ լավ իրավիճակում էին, ունենք բանակին հասցված հարվածներ, հեղինակազրկում եւ այլն: Սա ունի մեկ պատճառ՝ Նիկոլ Փաշինյանն է: Ցանկացած խնդրի հիմքում դրված է նա ու ՀՀ-ում գործող ցանկացած ուժ՝ խորհրդարանական, արտախորհրդարանական, հկ եւ այլն, պետք է իմանա, որ մեր երկրի խնդրի լուծումը պետք է սկսել Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ձեր ընդդիմության շարքերում կան մարդիկ, որ այսօր պաշտոններ են զբաղեցնում ընդդիմության քվոտաներով, անձամբ ինձ ասում էին, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի հետ գտնվել ԱԺ դահլիճում, մասնակցել կառավարության հարցուպատասխանին՝ հավասարազոր է պղծել Եռաբլուրը: Ես շատ դեպքերում համաձայնել եմ այդ կարծիքի հետ ու անկեղծ ասեմ՝ եկել եմ ԲՀԿ քաղաքական խորհրդում ասել եմ՝ միգուցե գրավենք ԱԺ ամբիոնը… Լինելով «17»-ի համակարգող խորհրդի անդամ՝ անգամ Նարեկ Սամսոնյանի հետ բազմաթիվ անգամներ քննարկել ենք հարցերը՝ միգուցե գրավենք ամբիոնը, թույլ չտանք ամբիոնից խոսել: Հիմա ի՞նչ հարց չի տրվել պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին, որ դուք կարծում եք՝ ահա այդ հարցը տալու եք ու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փլվելու է, կամ կա՞ այդպիսի իրավիճակ, որ խորհրդարանում ստեղծելու եք, որ իրեն հնարավոր լինի գցել թակարդը»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության 4 հոգանոց հատվածը, եթե Սերժ Սարգսյանն ասի՝ մանդատները վայր դրեք, մի վայրկյան անգամ չեն քննարկի դա. «Բայց ես գիտեմ պատգամավորներ, որոնց գլխին Կալաշնիկովը պահես՝ տարբեր պատճառաբանություններ կբերեն ու չեն անի»:

Տիգրան Աբրահամյանն ասաց, որ որոշ մասով կիսում է այս տեսակետը, բայց իրականում այդ հարցադրումները չի համարում, որ իրեն են ուղղված:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930