Լրահոս
Օրվա լրահոսը

«Ականատես» դիտորդական առաքելության կողմից ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքները

Նոյեմբեր 15,2021 16:22

ՏԵՂԵԿԱՆՔ

2021 թ նոյեմբերի 14-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ

2021 թ. նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության հինգ համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրություններ: Երեք համայնքում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու, երկուսում` մեծամասնական ընտրակարգով ընտրություններ:

«Ականատես» դիտորդական առաքելության կողմից երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն է իրականացվել բոլոր 3 համայնքներում, որտեղ ընթացել են համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ.

Մարզ Համայնք Բնակավայրերի քանակ Ընտրողների քանակ
Լոռի Ստեփանավան 4 13,335
Սյունիք Կապան 39 31,820
Տավուշ Իջևան 20 33,056

Նախընտրական ժամանակահատվածի գործընթացները դիտարկելու նպատակով «Ականատես»-ը ներգրավել է 3 երկարաժամկետ դիտորդ, որոնք ուսումնասիրել են ընտրությունների վարչարարությունը, գործողությունների համապատասխանությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից սահմանված ժամանակացույցին, քաղաքական ուժերի և նրանց շտաբների գործունեությունը, նախընտրական քարոզչությունը, վարչական ռեսուրսի չարաշահումը և ընդհանուր մթնոլորտը: Դիտորդները տեղերում աշխատել են ընտրական հանձնաժողովների, թեկնածուների հետ: Տվյալների հավաքագրումը կատարվել է գրասենյակային հետազոտության, առցանց բաց տվյալների վերլուծության, անմիջական դիտարկումների, պաշտոնական հարցումների, հանդիպումների, հարցազրույցների, ինչպես նաև՝ մամուլի լուսաբանումներին հետևելու միջոցով: Անուղղակիորեն ստացված տեղեկությունների ճշգրտությունն ու հավաստիությունն ապահովելու նպատակով՝ դրանք հնարավորինս ստուգվել են մի քանի անկախ աղբյուրների միջոցով:

Քվեարկության օրն «Ականատես»-ն իրականացրել է շրջիկ դիտորդություն վերոնշյալ 3 համայնքի 77 տեղամասում՝ ներգրավելով 15 շրջիկ դիտորդ։

Դիտարկման արդյունքներ

«Ականատես» դիտորդական առաքելության կողմից նախընտրական ժամանակահատվածում և քվեարկության օրն իրականացված դիտարկման արդյունքները ներկայացվում են ստորև:

 Նախընտրական ժամանակահատված

Ընտրական հանձնաժողովների աշխատանք

Տարածքային ընտրական հանձնաժողովները հիմնականում գործել են համաձայն Ընտրական օրենսգրքի պահանջների և ընթացակարգերի:

Դիտարկված 3 տարածքային ընտրական հանձնաժողովներում գրանցվել է կուսակցությունների 7 ընտրական ցուցակ։

Տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքի դիտարկման գործընթացում դիտորդի իրավունքների խոչընդոտման դեպքեր չեն եղել:

Դիտարկման շրջանում ներկայացվել է երկու դիմում-բողոք թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողով։ Երկու դիմում բողոքները ներկայացվել են «Շանթ դաշինք» կուսակցության կողմից, որոնք վերաբերել են հետևյալ խնդիրներին․

  • Կապան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող թեկնածու, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանի կողմից ԱԺ ամբիոնից քարոզչություն իրականացնելը, որին ի պատասխան տարածքային ընտրական հանձնաժողովը նշել է, որ ԱԺ պատգամավորը իրավունք ունի համատեղելու իր պատգամավորական աշխատանքը և ավագանու անդամի թեկնածուի կարգավիճակը․
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից օրենքով արգելված վայրերում քարոզչական պաստառներ փակցնելը, որին ի պատասխան տարածքային ընտրական հանձնաժողովը դիմել է Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար պարոն Մարատ Հարությունյանին օրենքի խախտմամբ փակցված քարոզչական նյութերը հեռացնելու նպատակով։

Տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքների թափանցիկությունը շարունակում է մնալ խնդրահարույց: Դրանց դիտարկման համար դիտորդները ստիպված են եղել ֆիզիկապես այցելել հանձնաժողովների գրասենյակներ և տեղում ծանոթանալ առկա փաստաթղթերին, քանի որ դրանք տեղադրված չեն ԿԸՀ կայքում, և տարածքային ընտրական հանձնաժողովները դրանք չեն տրամադրում էլեկտրոնային փոստի միջոցով։

Նախընտրական քարոզչություն

2021 թ․ նոյեմբերի 14-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին և տևել է մինչև նոյեմբերի 12-ը՝ ժամը 24։00-ը։

Քարոզչության նպատակով նախընտրական հիմնադրամներ բացել են դիտարկված համայնքների բոլոր կուսակցությունները։ Ընտրություններին մասնակցել են հետևյալ քաղաքական ուժերն՝ ըստ համայնքների.

Համայնք Կուսակցություն/դաշինք Ավագանու անդամի թեկնածուների թիվ
Ստեփանավան «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 17
  «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 16
  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 30
Կապան «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցություն 70
  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 61
Իջևան «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն 14
  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 56

 Ընտրական շտաբներ

Նախընտրական ժամանակահատվածում դիտորդները այցելել են կուսակցությունների թվով 16 նախընտրական շտաբ/գրասենյակներ։ Ըստ տրամադրված տվյալների՝ կուսակցությունների քարոզչական աշխատանքներում ներգրավված է եղել ավելի քան 200 կամավոր։ Չնայած ընտրական շտաբների տեղակայման նպատակով տարածքների վարձակալման ծախսերը ենթակա են պարտադիր հայտարարագրման, այնուամենայնիվ, նախընտրական շտաբների աշխատանքների կազմակերպման և իրականացման նպատակով ներգրավված մարդկային ռեսուրսների (թե վճարովի, թե կամավոր) ծախսերի հարցը մնում է բաց։

Քարոզչանյութերի տարածում

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում արձանագրվել են բազմաթիվ դեպքեր՝ կապված չսահմանված/արգելված վայրերում քարոզչական նյութերի տեղադրման հետ։ Նման խախտումներ թույլ են տրվել ընտրությունների մասնակցող բոլոր կուսակցությունների կողմից։ Մասնավորապես՝ պաստառները փակցված են եղել փողոցային սյուների, բազմաբնակարան շենքերի, առևտրի օբյեկտների, տաքսիների վրա։

ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ ներառեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ: Անհրաժեշտ տվյալները բացակայել են «Շանթ դաշինք» կուսակցության տպագիր քարոզչական նյութերում: Այս խնդիրը ոչ միայն պարզապես ընտրական օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում է, այլ նաև հետագայում դժվարացնում և երբեմն անհնարին է դարձնում նախընտրական հիմնադրամների միջոցով կատարված ծախսերի ստուգումը և հաստատումը։

Քարոզչանյութերի վնասում

«Ականատես»-ի դիտորդներն արձանագրել են քարոզչական տպագիր նյութերը պատռելու և վնասելու մի քանի դեպքեր Կապան և Իջևան համայնքներում։ Ստեփանավան համայնքում պաստառների վնասման դեպքեր չեն արձանագրվել։

Միջոցառումներ

Թեկնածուների նախընտրական միջոցառումները (հանրահավաքներ, երթերը և բակային հանդիպումներն ընտրողների հետ) ընթացել են հանդարտ, խաղաղ մթնոլորտում, չեն արձանագրվել բռնության, սպառնալիքի, ատելության խոսքի, կաշառքի և բարեգործության դեպքեր։ Միջոցառումների ընթացքում հիմնականում թեկնածուների կողմից ներկայացվել են համայնքում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված՝ քաղաքական ուժերի ծրագրերը:

Վարչական ռեսուրսի չարաշահում

«Ականատեսի» երկարաժամկետ դիտորդներն ուսումնասիրել են նախորդ տարվա ժամանակահատվածում ՏԻՄ-երի կողմից ընդունված որոշումները՝ ուշադրության կենտրոնում ունենալով համապատասխան համայնքներում իրականացվող ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, ֆինանսական և հողային հատկացումները, հարկային արտոնությունները՝ մասնավորապես այն համայնքներում, որտեղ համայնքի ղեկավարը տվյալ պահին հանդիսանում է համայնքի ղեկավարի թեկնածու: Նման դրսևորումները համարվում են խնդրահարույց և պարունակում են չարաշահումների զգալի ռիսկ, քանի որ ընտրական ժամանակահատվածում կարող են օգտագործվել որպես լծակ ընտրողների կամքի վրա ազդելու նպատակով։

Դիտարկված համայնքներում պատկերը հետևյալն է․

Ստեփանավան

Քանի որ Ստեփանավան բազմաբնակավայր համայնքի ավագանու անդամները 2020 թ․ օգոստոսին հրաժարական էին տվել, այժմ  համայնքում  ավագանին չի գործում։ Ուստի ուսումնասիրության առարկա են հանդիսացել հիմնականում համայնքի ղեկավարի պաշտոնակատարի որոշումները:

Համայնքի ղեկավարի որոշումների մեծ մասը վերաբերել է ապօրինի շենք-շինությունների օրինականացմանը: Դիտորդական առաքելության հարցմանն ի պատասխան համայնքապետարանում նշել են, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2022 թ․ անշարժ գույքի կադաստրային արժեքները բարձրանալու են, ուստի բնակիչները դիմում են, որպեսզի ապօրինի շինություններն օրինականացնեն մինչև տարեվերջ:

Արձանագրվել են նաև որոշումներ բնակիչներին սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Ավագանու չգործելու պարագայում՝ դիմումներն ուսումնասիրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից  ձևավորված հատուկ հանձնաժողովը, որի առաջարկով առավել անապահով անձանց/ընտանիքների տրամադրվել է աջակցություն: Մասնավորապես․

  • 08.2021թ. N 175 որոշմամբ մեկ ընտանիքի տրամադրվել է 30,000, իսկ մեկ  ընտանիքի 20000- ական դրամ․
  • 09.2021թ. N 177 որոշմամբ Ստեփանավան համայնքում բնակվող հինգ ընտանիքի տրամադրվել է 20,000-ական դրամ․
  • 09.2021 թ. N 201   որոշմամբ  Ստեփանավան համայնքում բնակվող մեկ ընտանիքի տրամադրվել է 30,000, իսկ երկու ընտանիքի 20,000-ական դրամ սոցիալական աջակցություն․
  • 10.2021 թվականի N 208 որոշմամբ Ստեփանավան համայնքի չորս ընտանիքի  տրամադրվել է 30,000-ական դրամ սոցիալական աջակցություն․
  • 10.2021 թ․ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի N 211 որոշմամբ Ստեփանավան համայնքի երկու ընտանիքի տրամադրվել է 20,000-ական, իսկ մեկ ընտանիքի 30,000-ական դրամ սոցիալական աջակցություն։

Կապան

Կապան համայնքում 2021 թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին համայնքի ղեկավարի թվով 6 որոշումներով սոցիալական աջակցություն է տրամադրվել թվով 60 շահառուի։ Մասնավորապես․

  • 03․09․2021 թ․ համայնքի ղեկավարի N 1145-Ա որոշմամբ 8 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր 300,000 դրամ օգնություն․
  • 08․09․2021 թ․ համայնքի ղեկավարի N 1166-Ա որոշմամբ 5 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր 200,000 դրամ օգնություն․
  • 10․09․2021 թ․ համայնքի ղեկավարի N 1185-Ա որոշմամբ 4 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր 50,000 դրամ օգնություն․
  • 14․09․2021 թ․ համայնքի ղեկավարի N 1191-Ա որոշմամբ 3 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր 120,000 դրամ օգնություն․
  • 17․09․2021 թ․ համայնքի ղեկավարի N 1217-Ա որոշմամբ 1 քաղաքացու տրամադրվել է 50,000 դրամ օգնություն․
  • 09.2021 թ․ համայնքի ղեկավարի N 1265-Ա որոշմամբ 1 քաղաքացու տրամադրվել է 50,000 դրամ օգնություն․
  • 12․ 10․2021 թ․ համայնքի ղեկավարի N 1316-Ա որոշմամբ թվով 11 քաղաքացիների տրամադրվել է ընդհանուր 395,000 դրամ օգնություն․
  • 19․10․2021 թ․ համայնքի ղեկավարի N 1347-Ա որոշմամբ թվով 14 քաղաքացիների տրամադրվել է ընդհանուր 500,000 դրամ օգնություն․
  • 25․10․2021 թ ․ համայնքի ղեկավարի N 1356-Ա որոշմամբ թվով 10 քաղաքացիների տրամադրվել է ընդհանուր 355,000 դրամ օգնություն․
  • 29․10․2021 թ․ համայնքի ղեկավարի N 1366-Ա որոշմամբ մեկ քաղաքացու տրամադրվել է 50,000 դրամ օգնություն․
  • 03․2021 թ․ համայնքի ղեկավարի N 1374-Ա որոշմամբ թվով 12 քաղաքացիների տրամադրվել է ընդհանուր 300,000 դրամ օգնություն․
  • 04․2021 թ․ համայնքի ղեկավարի N 1383-Ա որոշմամբ թվով 2 քաղաքացիների տրամադրվել է ընդհանուր 80,000 դրամ օգնություն։

Բացի այդ, Կապանի համայնքապետարանը 2021 թ․ նոյեմբերի 13-ին համայնքի կազմում գտնվող Սյունիք գյուղական բնակավայրում կազմակերպել է Կորկոտի փառատոն, որի համար համայնքի ղեկավարի 2021 թ․ նոյեմբերի 3-ի N 1373-Ա որոշմամբ համայնքային բյուջեից հատկացվել է 2,000,000 դրամ։ «Լռության օրը» կազմակերպված այս միջոցառմանը  մասնակցել է նաև «Շանթ դաշինք» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածու, գործող քաղաքապետ  Գևորգ Փարսյանը, ում նաև ուղեկցել են նրա համակիրներ իրենց մեքենաներով, որոնց վրա առկա են եղել քարոզչական նյութեր,  ինչը կարող է դիտվել, որպես արգելված քարոզչություն և համայնքային ռեսուրսների չարաշահում:

Իջևան

Իջևան խոշորացված համայնքում վարչական ռեսուրսի չարաշահումներ չեն նկատվել։ Առկա է դրամական աջակցության տրամադրման երկու որոշում Աչաջուրի գործող համայնքի ավագանու կողմից, մեկը՝ քաղաքացու բուժման ծախսերի փոխհատուցման նպատակով (05․04․2021 թ․ ավագանու N 23 որոշում) և երկրորդը՝ անհետ կորած ու զոհված զինծառայողների ընտանիքներին (18․03․2021 թ. ավագանու N 18 որոշում)։

Վարչական ռեսուրսի օգտագործում մարզպետարանի մակարդակում

Հատկանշական է, որ սոցիալական աջակցության նպատակով հատկացումներն առկա են ոչ միայն համայնքապետարանի, այլ նաև մարզպետարանի մակարդակում։ Չնայած մարզպետի որոշումները վերաբերում են մարզի բոլոր բնակավայրերին և ունեն ավելի մեծ ծածկույթ՝ այնուամենայնիվ կարևոր է անդրադարձ կատարել այս խնդրին նաև 2021 թ․ դեկտեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում, որոնք տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետության տարածքի գրեթե կեսում։

ՀՀ Լոռու մարզպետի որոշումներով 2021 թ․ սեպտեմբերի 24-ից նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում մարզպետարանի կողմից տրամադրվել է ընդհանուր 5,399,000 դրամ օգնություն, մասնավորապես․

  • 24․09․2021 թ․ մարզպետի N 533-Ա որոշմամբ թվով 17 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր 595,000 դրամ օգնություն,
  • 5․10․2021 թ․ մարզպետի N 566-Ա որոշմամբ թվով 7 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր 240,000 դրամ օգնություն,
  • 11․10․2021 թ․ մարզպետի N 587-Ա որոշմամբ թվով 25 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր 1,325,000 դրամ օգնություն,
  • 11․10․2021 թ․ մարզպետի N 595-Ա որոշմամբ թվով 43 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր 780,000 դրամ օգնություն,
  • 18․10․2021 թ․ մարզպետի N 610-Ա որոշմամբ թվով 20 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր 685,000 դրամ օգնություն,
  • 28․10․2021 թ․ մարզպետի N 655-Ա որոշմամբ թվով 6 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր 209,000 դրամ օգնություն,
  • 4․11․2021 թ․ մարզպետի N 668-Ա որոշմամբ թվով 21 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր 815,000 դրամ օգնություն,
  • 9․11․2021 թ․ մարզպետի N 691-Ա որոշմամբ թվով 16 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր 540,000 դրամ օգնություն,
  • 11․11․2021 թ․ մարզպետի N 704-Ա որոշմամբ թվով 21 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր 210,000 դրամ օգնություն։

ՀՀ Սյունիքի մարզպետի որոշումներով 2021 թ․ սեպտեմբերի 14-ից նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում մարզպետարանի կողմից տրամադրվել է ընդհանուր 5,964,000 դրամ օգնություն, մասնավորապես․

  • 14․09․2021 թ․ մարզպետի N 369-Ա որոշմամբ թվով 50 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր 2,070,000 դրամ օգնություն,
  • 29․09․2021 թ․ մարզպետի N 385-Ա որոշմամբ թվով 70 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր 2,720,000 դրամ օգնություն,
  • 22․10․2021 թ․ մարզպետի N 441-Ա որոշմամբ թվով 67 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր 2,940,000 դրամ օգնություն,
  • 11․11․2021 թ․ մարզպետի N 467-Ա որոշմամբ թվով 21 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր 880,000 դրամ օգնություն։

ՀՀ Տավուշի մարզպետի որոշումներում սոցիալական աջակցությանը վերաբերող գործողություններ չեն արձանագրվել։

Նման թե համայնքային, թե մարզային մակարդակներում սոցիալական աջակցության ծրագրերը ավելի արդիական և անհանգստացնող են դառնում, եթե հաշվի առնենք նման հատկացումների ոչ թափանցիկ գործընթացը, որն, իր հերթին, ավելի է մեծացնում հնարավոր չարաշահումների և ընտրողների նկատմամբ ճնշումների ռիսկը։ Տրամաբանությունից դուրս է նաև մարզային իշխանությունների կողմից սոցիալական աջակցության ծրագրերը, քանի որ մարզպետարանները, հանդիսանալով ՀՀ կառավարության կառուցվածքային մաս, փաստացի «կրկնօրինակում են» այն լիազորությունները, որոնք վերապահված են սոցիալական աջակցության համար պատասխանատու մարմնին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։

Վարչական ռեսուրսի օգտագործում ՀՀ կառավարության մակարդակում

Վարչական ռեսուրսների չարաշահման համատեքստում չափազանց կարևոր է դիտարկել նաև ազգային իշխանությունների գործունեությունը։ Այստեղ խնդրահարույց և բարձր ռիսկ պարունակող գործոն կարող են հանդիսանալ, օրինակ, ներկայումս համայնքներում ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի օգտագործումը, բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությունը քարոզարշավում, պետական ապարատի տարբեր մակարդակներում աշխատողների նկատմամբ հնարավոր ճնշումները իշխող կուսակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածուների համար առավել բարենպաստ դիրքեր ձևավորելու նպատակով։

Առաքելության դիտարկումներով հետաքրքրական են մասնավորապես ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի մարզային այցերը, որոնք նոյեմբերի 14-ի ընտրությունների համատեքստում առավել ակտիվ բնույթ են կրել Լոռու մարզի Ստեփանավանի և մասնավորապես, Սյունիքի մարզի Կապան համայնքներում։

Սուրեն Պապիկյանի այցերը տվյալ համայնքներ որպես փոխվարչապետ (օր․՝ Ստեփանավանում՝ Բաղրամյան և Վիրահայոց փողոցների, Ստեփանավան-Միխայելովկա ճանապարհի հիմնանորոգումը և այլ սուբվենցիոն ծրագրերի դիտարկումը, Կապանում՝ հանդիպում Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում), հանդիպումները քաղաքացիների հետ, ինչպես նաև որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ տվյալ համայնքներում կուսակցության հանդիպումներին մասնակցությունը նախընտրական քարոզչության համակարգման նպատակով անհնարին են դարձնում Սուրեն Պապիկյանի որպես փոխվարչապետի և կուսակցության վարչության նախագահի լիազորությունների «սահմանազատումը»։

Հաշվի առնելով, որ նմանատիպ այցերը առավել ակտիվ են դարձել վերջին ամիսների ընթացքում՝ կարելի է արձանագրել, որ նման այցերով հնարավոր չէ խուսափել ընտրությունների վրա անուղղակի ազդեցությունից և վերոնշյալ համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ասոցացվելուց, դրանք կարելի է դիտարկել որպես վարչական ռեսուրսի չարաշահում։ Նման իրավիճակներում լավագույն միջազգային պրակտիկան առաջարկում է հնարավորինս խուսափել նման այցեր և գործողություններ կատարելուց, որը հնարավորություն կտա ապահովելու հավասար պայմաններ և հնարավորություններ բոլոր մասնակից կուսակցությունների համար։

Լրացուցիչ ուսումնասիրության առարկա խնդիրներ

Դիտորդության ընթացքում դիտորդների կողմից արձանագրվել են մի քանի մտահոգիչ դրվագներ/զարգացումներ, որոնք հետագա ուսումնասիրության և քննության առարկա պետք է հանդիսանան, մասնավորապես․

  • 2021 թ․ հոկտեմբերի 29-ին Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր բողոքներ են հասցեագրել Կապանում գործող «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության մի քանի աշխատակիցներ այն մասին, որ իրենք ընդգրկված են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու թեկնածուների ցանկում: Ըստ բողոքների՝ այդ մասին տեղեկանալուց անմիջապես հետո ընկերության ղեկավարությունը իրենցից պահանջել է կա՛մ հրաժարվել ավագանու թեկնածությունից և դուրս գալ կուսակցության ցուցակից, կա՛մ սեփական դիմումով ազատվել աշխատանքից: Ըստ նշված քաղաքացիների՝ ընկերության ղեկավարությունն ապօրինի միջամտում է իրենց քաղաքական իրավունքներին, պահանջում է դրանցից հրաժարվել՝ աշխատանքային իրավունքների խախտման սպառնալիքով:

Համաձայն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված ահազանգերի՝ նշված ՓԲ ընկերության նկատմամբ ճնշումներ են գործադրել հանրային իշխանության առանձին մարմիններ ու պաշտոնյաներ՝ իրենց առաջադրած թեկնածուի օգտին բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով:

  • «Սյունիքի մարզային տարածաշրջանային պետական քոլեջի» տնօրեն Անժելա Մաքյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որ իր որդու` Գոռ Թադևոսյանի «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության թեկնածու առաջադրվելու նախօրերին ՊՎԾ-ն մշտադիտարկում իրականացրեց «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում։ Հոկտեմբերի 20-ին տասնյակ ոստիկաններ քոլեջից առգրավել են փաստաթղթեր, իսկ հոկտեմբերի 28-ին՝ առավոտյան 8:30-ին խուզարկություններ են կատարվել իր և 23 աշխատակիցների բնակարաններում։
  • Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Մերի Գանդալյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել: Ըստ Մ.Գանդալյանի, հոկտեմբերի 28-ին իրեն հորդորել են դիմում գրել և ազատվել աշխատանքից։ Հրաժարվելուց հետո իր դեմ սկսվել է ծառայողական քննություն։ Մ.Գանդալյանի կարծիքով, դա քաղաքական հետապնդում է՝ հաշվի առնելով այն, որ սկսվել են Կապանի համայնքապետի ավագանուն ընտրությունները, իսկ խորհրդարանական ընտրություններին ինքն ընտրել է «Հայաստան» դաշինքին։ Մ.Գանդալյանի լիազորությունները դադարեցված են մինչեւ նոյեմբերի 29-ը։

Վերոնշյալ խնդիրների համատեքստում հնարավոր չարաշահումներից և շահարկումներից խուսափելու նպատակով չափազանց կարևոր է պատկան մարմինների համար ապահովել տվյալ գործերի հնարավորինս թափանցիկ քննությունը։

Քվեարկության օր

Քվեարկության օրն, ընդհանուր առմամբ, անցել է հանդարտ՝ առանց էական միջադեպերի: Պահպանվել է քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը:

Քվեարկության ընթացք

«Ականատես»- առաքելության 8 շրջիկ դիտորդական խումբ դիտարկել է քվեարկության ընթացքը Իջևան, Կապան և Ստեփանավան համայնքների՝ թվով 77 տեղամասային կենտրոնում, ինչպես նաև դիտարկել ընդհանուր իրավիճակը՝ տեղամասերին հարող տարածքներում։ Համաձայն ստացված տեղեկատվության՝ քվեարկությունն ընթացել է խաղաղ, իսկ տեղամասային հանձնաժողովները գործել են հիմնականում համաձայն սահմանված ընթացակարգերի։

Արձանագրված հիմնական խնդիրներից են մարդկանց և մեքենաների կուտակումները տեղամասի մոտ կամ 50 մետր շառավղով տարածքում։ Նման կուտակումներ արձանագրվել են թվով 11 տեղամասում, որոնց մեծամասնությունը (9 տեղամաս) գտնվում էր Կապան խոշորացված համայնքում։ Արձանագրվել է նաև մարդկանց կուտակում թվով 2 տեղամասում։

Դիտորդներն օրենքի պահանջների խախտմամբ տեղամասի դասավորության խնդիրներ են նկատել թվով 5 տեղամասում, ինչպես նաև կողմնակի անձանց ներկայություն թվով 2 տեղամասում։ Երկու դեպքում էլ դիտորդի կողմից խնդիրը բարձրաձայնելու արդյունքում տեղամասային հանձնաժողովի նախագահը դուրս է հրավիրել տվյալ անձանց:

Քվեարկության արդյունքների ամփոփում

Քվեարկության ամփոփման ընթացքը եղել է հանդարտ, էական խախտումներ չեն արձանագրվել։

Արձանագրված խնդիրների հիման վրա դիմում-բողոքներ չեն ներկայացվել։ 

Դիտորդական առաքելության մասին

 «Ականատեսի» նպատակն է նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությանը: Դիտորդական առաքելության անդամներն են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) ու «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» (ԺԱԱ) հասարակական կազմակերպությունները, «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնությունը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը։ Առաքելության գործընկերն է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։

«Ականատեսը» հիմնադրվել է 2018 թ.-ի օգոստոսին։ Այն գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի), թեկնածուի օգտին կամ դեմ:

2021 թ. նոյեմբերի 14-ի  ՏԻՄ ընտրությունների դիտարկումն իրականացվել է Եվրոպական միության, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի և Բաց հասարակության հիմնադրամներՀայաստանի աջակցությամբ:

Սույն տեղեկանքի բովանդակության համար պատասխանատու են «Ականատես» դիտորդական առաքելությունն ու դրա անդամ կազմակերպությունները, և այն չի արտացոլում դրամաշնորհատուների տեսակետները:

«Ականատես» դիտորդական առաքելություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930