Լրահոս
Օրվա լրահոսը

«Չստորագրված փաստաթղթի համաձայն, տարածքներ են հանձնում». Աղասի Ենոքյան

Նոյեմբեր 15,2021 14:38

«Կապիտուլյացիայից հետո ՀՀ-ում տեղի ունեցան ԱԺ ընտրություններ: Դրա նպատակը երեւի թե պետք է լիներ կապիտուլյացիայի արդյունքների վերանայման համար մեխանիզմներ գտնելը, ՀՀ-ում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարումը: Բայց այս ամեն ինչը չիրականացավ»,- այսօր «Պատերազմ եւ կապիտուլյացիա. մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:

Ընտրությունները, ըստ նրա, ոչ թե ռեյտինգային, այլ «ապառեյտինգային» էին. Նիկոլ Փաշինյանին կողմ էին քվեարկում նրանք, ովքեր դեմ էին նախկիններին, նախկիններին կողմ էին քվեարկում նրանք, ովքեր դեմ էին Նիկոլ Փաշինյանին. «Սրանով մենք ունեցանք չափազանց անկայուն, փխրուն հանրային դաշտ ու որպես արդյունք, այսօր ունենք տոտալ ապատիա: Ընտրությունների պրոցեսում խնդիր էր դրվել, որ իշխանությունը փոխվի: Մենք տեսանք, որ իշխանությունը չփոխվեց ու խորհրդարանի միջոցով իշխանություն փոխելը հիմա շատ անհույս գործ է: Պետք է մտածել այլ միջոցառումներ, որի միջոցով իշխանությունը կփոխվի: Նկատենք, որ խորհրդարանական ընտրությունները եղան ոչ ընդդիմության հանրահավաքների պիկի ժամանակ, այլ, երբ որ պիկն արդեն անցել էր, ըստ էության, ընդդիմության կողմից չկար թելադրանք ընտրությունների գնալ: Ես կարծում եմ, դա դրսից թելադրված քայլ էր: Ըստ էության, ինքը ստացել էր երաշխիքներ, որ կմնա իշխանության»:

Աղասի Ենոքյանն ասաց, որ մինչեւ հիմա կապիտուլյացիայի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ գոյություն չունի, նոյեմբերի 9-ի հայտարարությունը, դրանից հետո եղածները միջազգային փաստաթղթեր չեն. «Այն, ինչ կատարվում է, քայլ առ քայլ տարածք վերցնելը, ադրբեջանական զորքերի մուտքը ՀՀ, ռուսական զորքերի մուտքը ՀՀ՝ մի թղթի վրա հիմնված քայլեր են, հայտարարության, որը իրավական ուժ չունի»:

Ըստ նրա, հիմա Նիկոլ Փաշինյանի վրա ճնշումներ կան, որ փաստաթուղթ ստորագրի, որից հետո այն կգնա խորհրդարանի հաստատման ու նա կարծես թե մինչեւ հիմա դիմադրում է՝ շատ լավ հասկանալով, որ այդ փաստաթղթի ստորագրումից հետո ինքը լուրջ խնդիրներ է ունենալու ոչ թե ՀՀ-ում, այլ դրանից հետո ինքն այլեւս անելիք չի ունենալու. «Հիմա մենք տեսնում ենք սողացող ագրեսիա, եւ չստորագրված փաստաթղթի համաձայն, տարածքներ են հանձնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930