Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագծից զորքերի հայելային ետքաշում եւ միջազգային հովանու ներքո սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ. Անվտանգության խորհրդի հայտարարությունը

Նոյեմբեր 15,2021 13:34

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ,
հարգելի գործընկերներ,

երեկվանից մենք այս կազմով, տարբեր ձևաչափերով մի քանի անգամ հանդիպումներ և քննարկումներ ենք ունեցել: Քննարկումների առարկան եղել է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժման փաստը: Այսօր նիստի նպատակը մեր քննարկումներն ամփոփելն է, նաև մեր հանրությանն ամբողջական տեղեկատվություն տալը տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Մինչ այդ ուզում եմ ընդգծել, որ ես որոշում եմ կայացրել Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել Սուրեն Պապիկյանին, ով այս պահին զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնը:

Այս որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում: Ես պարոն Կարապետյանին առավոտյան հրավիրել եմ և շնորհակալություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար, ասել եմ, որ գնահատում եմ կատարված աշխատանքը, բայց այս պահին իրադրությունն ինձ հանգեցրել է որոշման, որ պիտի Պաշտպանության նախարարի փոփոխություն տեղի ունենա:

Այսօր մենք նախ կլսենք Գլխավոր շտաբի պետի՝ պարոն Դավթյանի զեկույցը ստեղծված իրադրության և ընդհանուր առմամբ օպերատիվ իրավիճակի մասին, նաև իրավիճակի վերլուծություն կանենք և մի քանի ուղղություններով կփորձենք որոշում կայացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված մեր գործողությունների վերաբերյալ»:

ՀՀ կառավարություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Սույն թվականի նոյեմբերի 14-ին ժամը 13.00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:

Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետեւանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:

Լուրերը, թե ՀՀ ԶՈւ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել՝ իրականությանը չեն համապատասխանում: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը համապատասխան մարմիններին հանձնարարել է իրականացնել միջադեպի պատշաճ քննություն:

Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա եւ ընդգծում, որ այդ գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ, ինչպես նաեւ հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին:

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը արտահայտում է իշխանությունների եւ ժողովրդի վճռականությունը  հայրենիքի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ անկախությունը պաշտպանելու գործում:

Անդրադառնալով Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներին, հարկ ենք համարում ընդգծել, որ դրանք դեռեւս ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին վերաբերվող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գտնվում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջոցներ է ձեռնարկել Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների նոր ցանցի ստեղծման ուղղությամբ եւ այդ աշխատանքներն առաջիկայում ավարտին կհասցվեն: Հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության որեւէ բնակավայր կենսապահովման ճանապարհից զրկված չէ:

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը շարունակում է ընդգծել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, այն է՝ Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագծից զորքերի հայելային ետքաշում եւ միջազգային հովանու ներքո սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ:

Նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը կոչ ենք անում ակտիվացնել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորման ուղղությամբ:

Անվտանգության խորհրդի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930