«Ուզում եմ խոսել հրադադարի մասին համաձայնագրի և խաղաղության համաձայնագրի տարբերությունների մասին»,- «Մեկ տարի անց. Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագայի կառուցում հետկոնֆլիկտային դարաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը: Նշենք, որ Արման Գրիգորյանի հետ բանավեճին մասնակցում էր Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը:
Արման Գրիգորյանը շեշտեց՝ տարբերությունը խաղաղության և կայուն խաղաղության միջև է: Փաստելով, որ անցյալ տարի ունեցանք հրադադարի համաձայնագիր, և այժմ ՀՀ-ի, Ադրբեջանի իշխանությունները ռուսական միջնորդությամբ բանակցություններ են ընթանում խաղաղության համաձայնագրի շուրջ, Արմեն Գրիգորյանը նկատեց՝ հրադադարի համաձայնագրի կնքումից հետո կարծես հույսեր ունեինք, որ դա կլինի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև թշնամության ավարտը, սակայն այդպես չեղավ: Այս առիթով նա մանրամասնեց. «Կայուն խաղաղությունն այն է, երբ հակամարտության մասնակիցներն ունեն դրական տրամադրվածություն, ազդակներ այդ խաղաղությունը պահպանելու հարցում»:
Արման Գրիգորյանը խոսեց այն խոչընդոտների մասին, որոնք կարող են առաջանալ կայուն խաղաղություն պահպանելու ճանապարհին ու նշեց. «Խոչընդոտ կարող են լինել պարտադրված, միակողմանի քայլերը, երբ երկիրն այսպես ասած «ոչ» ասել չի կարող, ստիպված է ընդունել ներկայացվող պահանջները»:
Ըստ քաղաքագիտության դոկտորի՝ իհարկե, հակամարտությունը բավականին դժվար է, բայց պատերազմը և էսկալյացիան նոր թշնամանք են առաջացնում, ատելության զգացողություն, նաև ռևանշի ցանկություն:
Կարդացեք նաև
Նրա համոզմամբ՝ ՀՀ-ի և Ադրբեջանի քաղաքական վերնախավերը պետք է զգույշ լինեն, որպեսզի այս տեսակի տրամադրություններ չներարկեն իրենց հասարակություններին: Այս առնչությամբ Արման Գրիգորյանը հիշատակեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հռետորաբանությունն ու ասաց. «Կարծում եմ՝ այս առիթով երկու երկրների՝ այսպես կոչված էլիտաներն էլ շատ բան չեն արել այս ուղղությամբ: Բայց հատկապես զարմացած եմ Ադրբեջանի կառավարության և նախագահ Ալիևի հայտարարություններից, որոնք թվում է, թե արվում են ՀՀ-ին և ՀՀ-ի կառավարությանը ստորացնելու համար: Համենայն դեպս, նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղության հաստատմանը»:
Ըստ Արման Գրիգորյանի՝ և՛ ՀՀ-ում, և՛ Ադրբեջանում կան մարդիկ, որոնք իրենց անհատական և մասնագիտական մղումներում ունեն հակամարտությունը շարունակելու տրամադրվածություն, սակայն ըստ նրա՝ այդ անձինք պետք է հասկանան, որ սա միայն զգայական հարց չէ, այլ քաղաքական, տնտեսական:
Արման Գրիգորյանը նաև անդրադարձավ հակամարտությունում երրորդ կողմի դերակատարության հարցին՝ նշելով, թե իրեն անհանգստացնում է այն մտայնությունը, որ հակամարտությունը լուծելու, խաղաղություն ապահովելու պատասխանատվությունը երրորդ կողմինն է: Այս մտայնությունը ևս, ըստ նրա՝ լուրջ խոչընդոտ է. «Շատերի հետ եմ այդ մասին բանավիճել՝ պնդելով, որ դա միայն երրորդ կողմի խնդիրը չէ: Ավելին, երբեմն երրորդ կողմերի ներգրավվածության դեպքում այդ կողմն ավելի հետաքրքրված է իր անձնական շահով, քան խաղաղությամբ: Այս խնդիրը սովորական է և բնորոշ հակամարտություններում միջնորդական առաքելություններում»:
Իր ելույթի եզրափակիչ հատվածում Արման Գրիգորյանն անդրադարձավ այն քայլերին, որոնք պիտի անեն ՀՀ-ն ու Ադրբեջանը: Ըստ նրա՝ այս պահին պետք է մի կողմ դրվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, մանավանդ, որ այս հարցում երկու երկրների դիրքորոշումները շատ հեռու են միմյանցից. «Կարծում եմ՝ լավ է, որ մյուս բոլոր խնդիրները լուծվեն, տեղի ունենա կարգավորման գործընթաց, այնուհետև անցում կատարվի կարգավիճակի հարցին: Մենք պետք է փորձենք կարգավորել երկու երկրների, հասարակությունների հարաբերությունները, հասնենք մի իրավիճակի, երբ երկու երկրների միջև դրական ազդակներ լինեն: Իրավիճակի բարելավման հարցում մեծ օգնություն կլինի, եթե Ադրբեջանն ազատ արձակի հայ ռազմագերիներին, ՀՀ-ն էլ տրամադրի ականապատ տարածքների քարտեզները: Սա կլինի ճիշտ ուղղություն, այդ ժեստը կստեղծի դրական մթնոլորտ»:
Ըստ Արման Գրիգորյանի՝ տնտեսական հաղորդակցությունը ևս կարող է ստեղծել դրական ազդակներ խաղաղության համար:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ