Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարարական աշխատանքների ակտերն անխոչընդոտ ընդունելու համար 25.000.000 դրամ կաշառք է պահանջել. ԱԱԾ-ն կոռուպցիոն բնույթի չարաշահման հերթական դեպքն է բացահայտել

Նոյեմբեր 15,2021 11:16

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի առանձին աշխատակիցների ներգրավմամբ գործել է կոռուպցիոն սխեմա, որի շրջանակներում, գնումների գործընթացում հաղթող ճանաչված շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներից պաշտոնատար անձինք պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք-գումարներ։


Մասնավորապես, նախապատրաստված նյութերում առկա փաստական տվյալների համաձայն, պետական մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ հանդիսացող, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի իրականացման բաժնի ղեկավարը, հիմնադրամի կողմից 2021 թ-ի հուլիսին անցկացված միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների շուրջ 1,8 մլրդ դրամի արժողությամբ  մրցույթում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպության սեփականատիրոջից, վերոնշյալ դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքում, կապալառու ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակներում հովանավորչության, այդ թվում՝ հիմնադրամին ներկայացված շինարարական աշխատանքների ընթացիկ ավարտական ակտերն անխոչընդոտ ընդունելու համար պահանջել է առանձնապես խոշոր չափերով 25.000.000 ՀՀ դրամ կաշառք, որից 2.404.100 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլարը պաշտոնատար անձը ստացել է 2021 թ-ի սեպտեմբերին։

Ստացված տեղեկությունների իրացման նպատակով, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2021 թ-ի նոյեմբերի 12-ին պաշտոնատար անձի կողմից կաշառքի հերթական մասնաբաժինը՝ 1.900.760 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը ստանալուց հետո, նա և կաշառք տված անձը բռնվել և բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։ Անձնական խուզարկության արդյունքում պաշտոնատար անձի մոտից հայտնաբերվել է կաշառքի առարկա գումարը։

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Պաշտոնատար անձը և նրան կաշառք տվողը ձերբակալվել են, իրականացվում է նախաքննություն։

Իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումեր կոռուպցիոն սխեմայի հնարավոր բոլոր դրվագները, դրանցում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և յուրաքանչյուր արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է նպատակաուղղված պայքար մղել պետության տնտեսական հիմքերը քայքայող տարաբնույթ կոռուպցիոն երևույթները բացահայտելու, դրանց հետագա ծավալումը կանխելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ԱԱԾ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930