Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի համայնքապետը կհամագործակցի Փաշինյանի հետ․ անվտանգության հարցերը կարեւոր են

Նոյեմբեր 15,2021 09:06

Նոյեմբերի 14-ին կայացած Կապանի համայնքի ավագանու ընտրություններին 31644 ընտրողից մասնակցել է 20 0 87 ընտրող։ Առաջադրված երկու կուսակցություններից «Շանթ դաշինքի» օգտին քվեարկել է 13962-ը, իսկ «Քաղաքացիական պայմանագրին» 5791-ը։

«Շանթ դաշինք» կուսակցության ցուցակը գլխավորում էր Կապանի գործող համայնքապետ, անկուսակցական Գեւորգ Փարսյանը։ Կեսգիշերից հետո, երբ արդեն հայտնի են եղել քվեարկության նախնական արդյունքները, լրագրողների հետ ճեպազրույցում Գեւորգ Փարսյանը հայտարարել է, որ համագործակցելու է գործադիր իշխանության հետ։ Ըստ Փարսյանի՝ կապ չունի, որ ինքը ժամանակին հորդորել էր չքվեարկել Փաշինյանի օգտին։ «Ես առավոտյան մեկ անգամ եւս ասել եմ, հունիսի 20-ին ժողովուրդը իր խոսքը ասել է, եւ իշխանության գլուխ Նիկոլ Փաշինյանն է։ Իհարկե համագործակցելու ենք, մանավանդ Կապանի անվտանգային հարցերի հետ կապված»,–ասել է նա։

Գեւորգ Փարսյանը անդրադարձել է նաեւ Կապան–Ճակատեն ավտոճանապարհին ադրբեջանցիների կողմից մաքսակետ տեղադրելուն։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։ Համապատասխանաբար՝ հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։ Արդյունքում՝ Ճակատեն, Շիկահող, Ծավ, Ներքին Հանդ, Սրաշեն, Շիշկերտ բնակավայրերի բնակիչները մինչեւ նոր այլընտրանքային ճանապարհի կառուցումը, ստիպված են երթեւեկել Մեղրիով, Շիշկերտ-Ծավ ուղղությամբ։ 8 կմ-ի փոխարեն նրանք անցնելու են մոտ 150 կմ։

«Այս պահին դժվարանցանելի մի ճանապարհ կա, որը անցնում է Գեղանուշով, դա 90-ականներին է կառուցվել, բայց հետո չի օգտագործվել։ Երկու-երեք օր առաջ, երբ Որոտանում տեղադրվեց մաքսակետ, սկսեցին կառուցել ճանապարհը։ Պարենային խնդիր չի լինի, Մեղրիով կապահովենք»,-ասաց Փարսյանը։

Նշենք նաեւ, որ Կապան-Ճակատեն ճանապարհին դիրքային նոր փոփոխություններ չկան, ադրբեջանական զինված ուժերը տեղակայվել են դեռ 2020-ի դեկտեմբերին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հուշագրի ստորագրումից հետո։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930