Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, միլիոնատեր եմ…»

Նոյեմբեր 15,2021 13:00

Ճանաչված ֆլորիստ-դիզայներ Արայիկ Գալստյանի միջազգային դպրոցը կունենա երեւանյան մասնաճյուղ

Վերջերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում 6-րդ անգամ անցկացվեց Հայաստանի ֆլորիստ-դիզայներների ազգային առաջնությունը։ Ներկայացված էին 13 հայ ֆլորիստների աշխատանքներ։ Մասնակիցներից միայն 3-ն էին Հայաստանից։ Հաղթող ճանաչվեց Բուլղարիայից Էդիտա Իսկանդարյանը, երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում համապատասխանաբար Տաթեւ Ոսկանյանն էր ու Հայկ Ավագյանը՝ երկուսն էլ Երեւանից։ Հանդիսատեսի մրցանակին արժանացավ Մարինե Սանդոյանը, դարձյալ Երեւանից։

Առաջնությանը ներկա էր նաեւ ճանաչված ֆլորիստ-դիզայներ Արայիկ Գալստյանը։ Հայաստանում գտնվելու նրա ժամանակը սուղ էր, ինչի պատճառով արվեստագետը ներողություն խնդրեց, ասելով, որ վերջին վեց տարին գտնվում է Իսպանիայում, իսկ ընդհանրապես ստեղծագործում ու դասավանդում է ողջ աշխարհում։ Դրանից հետո, պայմանավորվածության համաձայն՝ հեռակապով կապվեցինք Իսպանիայում գտնվող ֆլորիստի հետ։


Մինչ նրա հետ զրույցը ներկայացնելը նշենք, որ Արայիկ Գալստյան ֆլորիստ-դիզայների անվանը առաջին անգամ հանդիպել էինք ռուսաստանյան մամուլում, եթե չենք սխալվում՝ 2016թ., Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Արվեստի թանգարանում տեղի ունեցած Մոսկվայի ֆլորիստական դպրոցի տնօրեն Արայիկ Գալստյանի «Grang World Wedding Show» ծրագրի բացման առիթով։ Այն մեծ հետաքրքրություն էր առաջացրել ծաղկարվեստի մասնագետների շրջանում։ Նշված էր, որ միջոցառմանը ներկա են գտնվել պաշտոնական եւ մշակութային շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ։ Շոուի ընթացքում հայազգի ֆլորիստի աշխատանքներից բացի, ներկայացվել են նաեւ ռումինացի դիզայներների կողմից ստեղծված հագուստները՝ Արայիկ Գալստյանի ծաղկե հարդարանքներով։

– Արայիկ, քանի որ «Առավոտն» առաջին անգամ է անդրադառնում ձեր արվեստին, կարծում ենք՝ ձեզնից լավ ոչ ոք չի ներկայացնի ձեզ։ Մեզ հայտնի է միայն, որ դուք Ռուսաստանում՝ Սկոլկովոյում, 2010թ. հիմնել եք ֆլորիստ-դիզայներների միջազգային դպրոց, որն այսօր արդեն աշխարհի 30 երկրում ունի իր մասնաճյուղերը։ Գիտենք նաեւ, որ առաջին մասնագիտությամբ գեղանկարիչ եք։ Մի բան էլ. ռուսաստանյան մամուլը անդրադառնալով ձեր արվեստին, ձեզ ներկայացնում է իբրեւ ռուս ֆլորիստ-դիզայներ։

– Հիմա հերթով գամ։ Կաշխատեմ շատ հակիրճ ներկայանալ։ Բնականաբար, ծնվել եմ (ժպտում է), իսկ ծնվել եմ Հայաստանում։ Փոքրուց իմ տարերքը գեղանկարչությունն էր։ Սիսիան քաղաքում ավարտել եմ գեղարվեստի դպրոցը, ապա ուսումս շարունակել Երեւանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ Իսկ հետո Երեւանի համալսարանում ձեռք բերեցի արվեստաբանի մասնագիտություն… Դա 1990-ականներին էր։ Ընդ որում, մեկ-երկու տարի աշխատանքի անցա «Բրաբիոն ֆլորա սերվիսում» եւ վերջնական որոշում ընդունեցի, որ ծաղկարվեստը կդառնա կյանքիս գործը։ Այդ նպատակով 2002-ին մեկնեցի Մոսկվա…


– Գիտենք նաեւ, որ մասնակցել եք մի շարք առաջնությունների՝ ռուսաստանյան, եվրոպական եւ աշխարհի։ Հետաքրքիր է՝ ո՞ւմ մոտ ուսանեցիք իբրեւ ֆլորիստ։

– Այդ առումով բախտս բերել է, ուսանել եմ էստոնացի ֆլորիստ, իկեբանայի պրոֆեսոր Ինդրեկա Կաելիի մոտ։

– Երեւանում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա գտնվելով առաջնությանը, մեր ականջին հասավ, որ Մոսկվայի կենտրոնում ունեք ոչ թե մեկ, այլ մի քանի ծաղկի սրահներ եւ այդ բիզնեսը ձեզ դարձրել է միլիոնատեր… Իսկ ավելի քան 10 տարի է, ինչ աշխարհում գրանցված է «Արայիկ Գալստյան» բրենդը։

– Մոռացա նշել, որ իբրեւ ֆլորիստ կայանալու հարցում ինձ շատ է օգնել գեղանկարչի մասնագիտությունը, հենց թեկուզ գույների համադրության հարցում։ Ինչ վերաբերում է միլիոնատեր լինելուն, այո, միլիոնատեր եմ։ Իսկ միլիոնատեր եմ՝ ինստագրամում ունենալով մոտ 9 միլիոն հետեւորդ։ Ի դեպ, հեղինակ եմ մի քանի գրքերի, այդ թվում՝ «Միլիոն՝ ծաղիկների վրա», որտեղ շատ պարզ բացատրել եմ, թե ինչպես կարելի է դառնալ միլիոնատեր՝ ծաղիկներին կամ ծաղկարվեստին նվիրվելով…

– Թույլ տվեք կեսկատակ-կեսլուրջ մի դիտարկում անել. մենք վաղուց Հայաստանում ունենք մեկ-երկու միլիոնատերեր, որոնք նման կարողություն վաստակել են ծաղիկների շնորհիվ…

– Ես հասկացա՝ ում նկատի ունեք։ Խնդրում եմ ծաղկավաճառությունը չշփոթել ծաղկարվեստի հետ։

– Խնդրում եմ, միայն անկեղծ պատասխանեք՝ ի՞նչ գնահատականի կարժանացնեք մեր ծաղկի սրահների առաջարկած գործերը։

– Երեւանյան ծաղկի սրահներում վաճառվում են ավելի շատ թղթեր, քան ծաղիկներ։ Տեսեք. փունջը, որը փաթեթավորված է թղթով, 80 տոկոսը թուղթ է, 20 տոկոսը՝ ծաղիկ։ Մինչդեռ ծաղիկը նվիրելիս թղթով չեն նվիրում, թուղթը պետք է անպայման հանել…

– Չե՞ք կարծում, որ ծաղիկ նվիրել պետք է սովորեցնեն պրոֆեսիոնալ մասնագետները, որոնք նախ իրենք պետք է ուսանեն պրոֆեսիոնալ դպրոցում։

– Միանշանակ՝ այո։ 2022թ. գարնանը կբացվի իմ ղեկավարած միջազգային դպրոցի երեւանյան մասնաճյուղը։

– Վերադառնանք Երեւանում կայացած առաջնությանը։ Գիտենք, որ առաջին մրցանակին է արժանացել Էդիտա Իսկանդարյանը՝ Բուլղարիայից։ Իսկ ցանկացած առաջնության եւ մրցույթի հաղթող ներկայացնում է իր երկիրը։

– Հասկանալի է։ Էդիտան 2022թ. կմասնակցի Եվրոպայի առաջնությանը՝ ներկայացնելով Հայաստանը։

– Դուք հիշո՞ւմ եք ձեր առաջին մասնակցությունը եվրոպական առաջնությանը։

– Այո, դա 2007-ին էր, Չեխիայում։ Հենց այդ մրցույթին մասնակցության համար ես ընտրեցի եւ դասեր վերցրի էստոնացի մասնագետից։ Եթե հետաքրքիր է՝ ասեմ նաեւ, որ Եվրոպայից 1-2 տարի անց մասնակցել եմ Չինաստանում կայացած աշխարհի առաջնությանը։

– Ռուսաստանյան մամուլը գրել է, որ դուք աշխարհում միակ ֆլորիստ-դիզայներն եք, որը երկու անգամ է արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։

– Ես տարեթվերով չեմ կարող ասել, բայց մոտ 10 տարի առաջ այդպես էր։ Ինձ համար շատ բարձր այդ պարգեւներին արժանացել եմ Չեխիայում եւ Չինաստանում։

– Իսկ հիմա վերջին հարցը. քովիդն իր հետ բոլոր ոլորտներում բացասական երեւույթներ բերեց, ունեցավ բացասական ազդեցություն…

– Երբեւէ չե՞ք մտածել, որ քովիդը հեղաշրջում արեց՝ հենց թեկուզ օնլայն ուսման բնագավառում։ Եվրոպայում այսօր ծաղկի վաճառքի 95 տոկոսը օնլայն է կատարվում։ Մեկը մյուսի հետեւից փակվում են բրենդային հագուստի սրահները, քանի որ այդ ոլորտն էլ է մեծ մասամբ անցել օնլայն սպասարկման։ Հենց իմ մասով ասեմ. ես այսօր դասավանդում եմ 100-ից ավելի երկրներում, իհարկե՝ օֆլայն նույնպես։ Հենց երկուշաբթի օրվանից կսկսվեն դասերս Ֆրանսիայում…

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
13.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930