Նոյեմբերի 12-ին, ինչպես հայտնել է առողջապահության նախարարությունը, կորոնավիրուսից մահացել է 70 մարդ։ Սա մինչ նոյեմբերի 12-ը քովիդից մահացության ամենաբարձր ցուցանիշն է։ Ու թեեւ, վերջին օրերին ավելի շատ քաղաքացիներ են պատվաստվում, որը մեծամասամբ արդյունք է առողջապահության նախարարի հրամանի՝ աշխատանքի ներկայանալ պարտադիր ՊՇՌ թեստի բացասական պատասխանով կամ պատվաստման հավաստագրով, այդուհանդերձ, պատվաստման ցուցանիշը մեր երկրում հեռու է բավարար լինելուց։
Նախարարի՝ նոյեմբերի 8-ին հայտնած տվյալների համաձայն, Հայաստանում քովիդ-19-ի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 613 հազար 849 քաղաքացի, մեծահասակ բնակչության մոտ 30%-ը, երկրորդ դեղաչափ ստացել է 276 հազար 948 քաղաքացի։
Գերմանիայի Հագեն քաղաքի հիվանդանոցում աշխատող հայազգի բժիշկ Տարոն Սարիբեկյանն «Առավոտ»-ի հետ զրույցում պատմում է Գերմանիայում պատվաստման գործընթացի մասին, համեմատում մեր երկրի իրավիճակի հետ, ասում է՝ 83 միլիոն բնակչություն ունեցող Գերմանիայում պատվաստման ցուցանիշը մոտ 70% է։ «Այն 30%-ի մեջ են հիմնականում 12 տարեկանից ցածր երեխաները եւ օտարերկրացիները՝ հարավային երկրներից: Նրանցից շատերն էլ չեն վստահում պատվաստանյութին, հավատում են դավադրապաշտական տեսություններին»,-ասում է բժիշկը։
Նա նշում է, որ այդ երկրում կառավարությունն ի սկզբանե հսկայական գումարներ է ծախսել եւ համակարգված լուրջ աշխատանք կատարել՝ մարդկանց շատ լավ իրազեկելով։ Հետեւելով Հայաստանի իրավիճակին՝ Սարիբեկյանն ասում է. «Եթե ի սկզբանե Հայաստանի կառավարությունը բնակչությանը տրամադրեր կորոնավիրուսի դեմ պայքարին, անլուրջ հայտարարություններ չանեին, թե «կորոնավիրուսն ում շունն է» եւ այլն, այսօր նման խնդիր չէր լինի։ Ես նկատում եմ, որ Հայաստանում շատ կան մարդիկ, որոնք մեդիագրագետ չեն եւ ոչ թե հավաստի տեղեկատվության աղբյուրին են հետեւում, այլ՝ թե ինչ կասի հարեւանը կամ բարեկամը։ Ես քովիդով վարակվել եւ առողջացել եմ, որից հետո 8-9 ամիս անց եմ պատվաստվել։ Սկզբում ես էլ էի թերահավատ, որովհետեւ ուսումնասիրությունները քիչ էին, շատ բաներ փոխվում էին, իսկ հիմա պատվաստանյութերը բավականաչափ ուսումնասիրված են, որպեսզի կարողանանք գնահատել՝ պատվաստանյութն արդյունավե՞տ է, թե՞ ոչ»։
Կարդացեք նաև
Սարիբեկյանն աշխատում է նաեւ պատվաստումային կենտրոնում, ասում է՝ Գերմանիայում պատվաստվում են նաեւ հղիները, սակայն հղիության առաջին եռամսյակում չեն պատվաստում, որովհետեւ պտղի մոտ, ըստ բժշկի, զարգանում է օրինակ նյարդային համակարգ, սակայն հաջորդ եռամսյակներում թույլատրվում է պատվաստվել, կրծքի կաթով կերակրող մայրերն էլ են պատվաստվում։ Այսօր այդ երկրում, ինչպես ներկայացնում է Սարիբեկյանը, արդեն կա որոշում, ըստ որի, վարակվելուց եւ առողջանալուց մեկ ամիս հետո կարելի է պատվաստվել։
Հիշեցնեմ, որ ՀՀ-ում, խորհուրդ է տրվում, ըստ նախարարի, վարակվելուց եւ առողջանալուց հետո 90 օր հետո պատվաստվել։
«Գերմանիայում քրոնիկ հիվանդներին առաջինն է ցուցում տրվում պատվաստվել, մենք նույնիսկ օնկոլոգիական հիվանդներին ենք պատվաստում։ Օրինակ՝ բազմակի միելոմա, արյունաբանական հիվանդություն է, ցուցում է տրված պատվաստվել, բրոնխիալ ասթմա, երակների խցանման հիվանություններ, սրտի եւ գլխուղեղի կաթված տարած մարդիկ եւս պետք է պատվաստվեն»,-ասում է բժիշկը։
Գերմանիայում հակահամաճարակային կանոնների մասին էլ Տարոն Սարիբեկյանն ասաց՝ քաղաքացիները նորմալ են ընդունում. «Մի քանի օրով կարանտին սահմանվեց չպատվաստվածների համար, չպետք է տանից դուրս գային, բացառությամբ՝ խանութ գնալը։ Գերմանիայում բոլոր հանրային վայրերում հսկողություն կա, կոչվում է 2G, 3G, հատուկ կանոններ են, որոնց ժամանակ անպայման կամ պետք է լինեն կամ վարակված եւ առողջացած, կամ թեստավորված կամ պատվաստված։ Օրինակ մեզ մոտ չպատվաստվածները պետք է շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնեն»։
Բժիշկն իրենց հիվանդանոցի օրինակն է բերում, ասում է՝ վերակենդանացման բաժանմունքում հայտնվող միջինում 10 հիվանդներից 8-ը պատվաստված չեն լինում։ Նաեւ նկատում է՝ պատվաստվելով մարդիկ հիվանդությունը ավելի թեթեւ են տանում, եւ իհարկե, կան բացառություններ, երբ պատվաստված մարդն էլ է ծանր տանում կամ մահանում է, սակայն երբ ուսումնասիրում են պատճառները, պարզվում է առողջական լուրջ խնդիրներ ուներ, օրինակ իմուն թուլություն կամ իմուն անբավարարություն»։
«Ցավոք, քովիդի դեմ դեղամիջոց չկա, սիմպտոմատիկ բուժում է արվում, աջակցող թերապիա, թթվածին ենք տալիս։ Ինձ շատ են գրում Հայաստանից, հարցնում են՝ բժիշկ մի հատ կնայեք, մեզ այս-այս դեղերն են նշանակել։ Նայում եմ՝ անտիբիոտիկներ, եւ նման դեպքերը շատ են։ Քովիդը վիրուսային հիվանդություն է, եւ անտիբիոտիկ պետք չէ նշանակել։ Անտիբիոտիկը նշանակում են միայն ծանր հիվանդներին, որոնց մոտ վիրուսային թոքաբորբին բակտերիալ թոքաբորբի միացման վտանգ կա։ Նաեւ գրում են՝ ուզում եմ պատվաստվել, բայց ինձ ասել են նախապես ասպիրին խմիր։ Ինչի՞ համար, չկա որեւէ գիտական ապացույց, որ պատվաստվելուց առաջ պետք է ասպիրին խմել կամ մանրամանս բուժզննում անցնել։ Իհարկե, խրոնիկ հիվանդությունների դեպքում, ասենք՝ տրոմբոցիտների քանակը քիչ է, հետազոտման ենք ուղարկում, ու տվյալ բժիշկն է որոշում՝ պատվաստվի պացիենտը, թե՝ ոչ, դա կախված է տրոմբոցիտների քանակից։ Գիտեմ, որ Հայաստանում էլ են դեքսամետազոն նշանակում։ Մեզ մոտ այս դեղամիջոցը ցուցված է ծանր հիվանդներին, օրինակ երբ արդեն վերակենդանացման բաժանմունքում է հիվանդը»։
Տարոն Սարիբեկյանը հակապատվաստումային քարոզ անող անձանց, կամ ուղղակի պատվաստանյութերին չվստահողներին ասում է՝ հիշեք՝ վերակենդանացման բաժանմունքում հայտնված մարդու ապրումները սարսափելի են, երբ փորձում ես օդ շնչել ու չի ստացվում, դա ցավից էլ տհաճ է։
«Ես գրել էի, որ Հայաստանում հակապատվաստումային քարոզ տանող բժիշկներից մեկը շատ ծանր թոքաբորբով հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում։ Դա ուղղակի կոչ էր աչալուրջ լինելու համար, որովհետեւ պետք է նաեւ դիմացինի համար պատասխանատու լինել, ամեն խոսքը կամ գործողությունը կարող է վտանգել մարդու առողջությունը։ Ի վերջո, աշխարհի փորձը նայենք, պատվաստման բարձր ցուցանիշի դեպքում մահացածությունը ցածր է, իսկ Հայաստանում 70 մահ է գրանցվում, էլի չեն ուզում պատվաստվել։ Եթե չեք ուզում պատվաստվել, բայց պատասխանատվություն ունեցեք, դիմացինին մի վտանգեք, կանոնները պահպանեք։
Մի առիթով ասել էի, որ մահերի մեծ մասը բժշկական վատ սպասարկման հետեւանք է։ Հայաստանյան գործընկերներս նեղվել էին, հասկանում եմ։ Բայց ես ուզում եմ կրկնել, այո, դա այդպես է։ Եթե հիվանդանոցը գերծանրաբեռնված է հիվանդներով, իսկ բժիշկը պետք է հասցնի բոլորին սպասարկել, չի հասցնում։ Եթե հիվանդների քանակը նորմայի մեջ է, ապա բժիշկը ամեն հիվանդին ավելի շատ ժամանակ է տրամադրում եւ նրա փրկվելու շանսերը բարձր են լինում, բայց երբ բժիշկը գերլարված է, ունի նորմայից ավելի հիվանդ, ապա ասենք՝ «իքս» պացիենտին տրամադրվող ժամանակը կրճատվում է մյուս պացիենտներին սպասարկելու հաշվին, բնականաբար այդ պացիենտը կարող է գերծանրաբեռնվածության զոհ դառնալ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.11.2021