Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորների թիվը մեծ էր, որովհետեւ հին հույները մտածում էին, որ այսքան դատավորին կաշառելը համարյա անհնար է»

Նոյեմբեր 15,2021 13:30

Օրերս լույս է տեսել «Առավոտի» ընթերցողին տասնյակ հրապարակումներով հայտնի, ԵՊՀ դասախոս Մերուժան Հարությունյանի «Պետությունն ընդդեմ ժողովրդի կամ փրկարար բարոյակարգը: Բարոյատնտեսագիտական վերլուծություն» գիրքը: Մ.Հարությունյանը հեղինակել է մի շարք գրքեր՝ ոտանավորներ, էսսեներ, հեքիաթներ (նրա «Կոմիտասի եւ Աբեղյանի անձնական ու մեր ընդհանուր ողբերգությունը» գրքում հեղինակը պնդում է, թե մենք չենք հետեւում Մաշտոցի, Աբովյանի, Կոմիտասի, Թումանյանի ու մեր մնացած այս կարգի մեծերի պատգամներին, չնայած անընդհատ պնդում ենք, թե պահպանում ենք մեր ազգային արժեքները: Ու սա նաեւ պատմում է սնափառ հայագովության վնասների մասին-խմբ.), անգլերենից թարգմանել է Արիստոտելի «Աթենական հասարակարգը», Կառլ Ռեյմունդ Պոպեր. «Բաց հասարակությունն ու դրա թշնամիները» (2 հատոր, 2002, 2004, «Հայաստան»), Վիլյամ Շեքսպիր. Սոնետներ (2020, Հեղինակային հրատարակություն):

Ըստ «Պետությունն ընդդեմ ժողովրդի կամ փրկարար բարոյակարգը: Բարոյատնտեսագիտական վերլուծություն» գրքի անոնսի՝ սա առաջին հայերեն գիրքն է, ինչը շարադրում է նորագույն գիտության՝ պռաքսեոլոգիայի (այսինքն, լիբերթարյան (ավստրիական) տնտեսագիտության, բարոյագիտության, իրավագիտության ու սպոնտան կարգի տեսության) հիմնական գաղափարները: Գիրքն սկզբում առաջարկում է երկիրը փրկելու սահմանադրական կարգի Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկի Law, Legislation and Liberty եռահատոր աշխատության ոգով կազմված գիտական ծրագրի ուրվագիծը, հետո, բավական մանրամասն, հիմնավորում է այս ծրագիրը: Սույն գրքի հասցեատերերն են՝ տնտեսագետները, բարոյագետները, իրավագետները, քաղաքագետները, քաղգործիչները, հումանիտարիստիկայի ուսանողներն ու, առհասարակ, ընթերցողը: Գրքի վերջում կա նշված թեմաներն արծարծող տնտեսագիտության, իրավագիտության ու բարոյագիտության ավստրիական դպրոցի հեղինակների կարեւորագույն անգլերեն գործերի 3 ցուցակ: Գրքի կառուցվածքն ու բովանդակությունը հստակ երեւում են վերնագրերի 10 էջանոց ցանկից, ինչը դրված է գրքի հենց սկզբում, ու սկսվում է 6-րդ էջից:

Գրքի բովանդակությանը ծանոթանալիս, հասկանում ես, որ գործ ունենք խորն ուսումնասիրության հետ: Ահավասիկ 28 գլուխներից՝ «Տնտեսական հրաշքներ», «Բարոյակարգի հռչակագիր», «Իշխանությունը տրոհելու ելակետերը», «Խավարամոլության օրենքները», «Ինչ են ունեցվածքն ու օրենքը», «Ինչ է փոխանակությունը», «Հասարակական ազատությունը», «Հին հունական կապիտալիզմը»…

Գրքի առաջաբանում հեղինակը գրում է. «Այս գիրքը գրելու իմ հիմնական նպատակը մեր ժողովրդին բարոյագիտության, տնտեսագիտության ու իրավագիտության այն հիմնական հարցերին ծանոթացնելն է, ինչին ընդհանուր անունով ասում են ավստրիական դպրոցի մտածողություն կամ պռաքսեոլոգիա կամ լիբերթարիզմ, ու ինչն օդի պես է անհրաժեշտ, որ մեր ժողովուրդն իմանա, որ այս էտապում պիտի դեմ լինի ոչ թե պետությանը առհասարակ, այլ դեմ լինի այնպիսի անհսկելի, անզուսպ ու անպատիժ պետությանը (պետերի անհսկելի, անզուսպ ու անպատիժ հանրությանը), ինչի գլխավոր նպատակը միայն աշխատավորներին հարկ ու մաքսով թալանելն ու կեղեքելն է, որ խոշոր պետերի անձնական բարեկեցությունն անընդհատ շատանա: Այս գիրքը գրվել է, որ մեր ժողովուրդն իմանա, թե իր երկրի հասարակական կարգն ինչպես կառուցի, որ նախ՝ հարուստ ու բարգավաճ լինի ու, երկրորդն էլ՝ հզոր բանակ ունենա, չճորտանա ու չմնա հզոր տերությունների հույսին»:

Ձեզ ենք ներկայացնում գրքի «Ինչ է պետությունը» գլխից մի հատված:

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ

Հայաստանի դատարանների համակարգը եռաստիճան է, ստորինը՝ առաջին ատյանի դատարանն է, սրանից վերեւ վերաքննիչ դատարանն է, իսկ վերջնական աստիճանին Վճռաբեկ դատարանն է: Բացի դատարանները, կա նաեւ Արդարադատության նախարարությունը, ու Բարձրագույն դատական խորհուրդը: Թե այս նախարարության, թե այս խորհրդի ֆունկցիաներն այնքան են անորոշ ու նվազ, որ սրանց գոյության իմաստը հույժ կասկածելի է: Ակնհայտ է մի բան. Դրույթ 1. Դատական այս բազմաստիճան ու բարդագույն ապարատը ստեղծվել է բյուրոկրատական անասելի քաշքշուկի համար, ինչը հույժ ձեռնտու է պետերի խմբին ու դատական այս խրթին ու ուռճացրած համակարգի ապական անդամներին, որոնց համար այսպիսի համակարգը այն ամենապղտոր ջուրն է, որտեղից սրանք «բռնում են իրենց ձկները»: Այսպիսի համակարգում մի կողմից պետերն են օգտվում իրենց «հեռախոսային իրավունքից», ու իրենք էլ օրենքից էլ վեր են, ու իրենց դատելը գործնականում անհնար է, մյուս կողմից էլ ապական դատավորն է պաշտպանված իր վերադասով, եթե ինքն այս վերադասի հլու կամակատարն է:

Դատարանը մեր քաղաքակրթության ինքնին (սպոնտան) առաջացած ամենակարեւոր ինստիտուտներից մեկն է: Դատարանը արդարություն արտադրող պրոցես է: Սա հարկավոր է, որ հանրության անդամների վեճերը խաղաղությամբ ու արդար լուծվեն: Օրինակ, հին հունական դատարանը կազմված էր միայն հանրության ընտրած դատավորներից, մեղադրողից ու դատապաշտպանից: Սկզբնական շրջանում հենց ինքը, մեղադրյալը պիտի իրեն պաշտպաներ, սրա համար էլ հին հունական պոլիսի քաղաքացին անպայման ճարտասանություն ու տրամաբանություն էր սովորում (հետագայում առաջացան «պրոֆեսիոնալ» պաշտպանները, ովքեր հենց ազդեցիկ քաղաքացիներն էին, որ իրենց հաջող պաշտպանություններով հարգանք ու պատիվ էին վաստակում): Թե հին հունական դատարանը, թե հին բոլոր դատարանները, ըստ իրենց էության, ինչպես արդեն ասվեց, դատավորների ու ժողովրդի ներկայությամբ մեղադրողի ու պաշտպանի ազատ մրցությամբ արդարություն արտադրող պրոցես էին, ու մեղադրողի ու պաշտպանի իրավունքները լրիվ էին հավասար: Այսօր այդպես չի, այսօր մեղադրողը դատախազն է, այսինքն, պետությունը կամ պետերի հանրությունն է, ով նաեւ դատաքննության հսկիչն է, ու այսօր դատական ազատ մրցությունից խոսելն անիմաստ է: Սրան գումարեք այսօրվա իշխանավորների հեռախոսային իրավունքն ու դատավորների, դատախազների (հաճախ նաեւ պաշտպանների) ապականությունը, գումարեք նաեւ մեր դատական կոդեքսների իշխանամետությունն ու այսօրվա պետերի խմբին պաշտպանող օրենքների վիթխարի քանակը, ու պարզ կլինի մեր այսօրվա դատարանի ողբալի պատկերը:

Հին հույների առաջին դատարանը ցեղային դատարանն էր, ինչի ընտրովի դատավորների կազմը 41 հոգի էր: Հետո գալիս էր 201 դատավորանոց դատարանը, հետո՝ 501 դատավորանոց «լրիվ» դատարանը, որ քննում էր առավել ծանր կամ խոշոր գումարներին առնչվող հանցանքները: Իսկ, օրինակ, Սոկրատեսին դատեցին ու մահվան դատապարտեցին 1501 դատավորանոց եռակազմ դատարանով:
Դատավորների թիվը մեծ էր, որովհետեւ հին հույները մտածում էին, որ այսքան դատավորին կաշառելը համարյա անհնար է: Հետաքրքիր է, որ հին հույները նույնիսկ քվեները (սեւ ու սպիտակ քարերը կամ լոբու հատիկները) հաշվող ստրուկներին էին վիճակահանությամբ ընտրում: Բացի այս դատարանները, հին հույները կարեւորագույն հարցերը քննում էին իրենց գերագույն ժողովում՝ Արեոպագում, իսկ եթե սա էլ չէր բավարարում, հանրաքվե էին հրավիրում, ինչը համարյա պարբերական էր, տարին մի քանի անգամ:

Հանրաքվեի ընթացքում ամեն մի քաղաքացի ցանկացած ուրիշ քաղաքացու մեղադրելու իրավունքն ուներ, ու սրան պիտի անպայման ու տեղնուտեղը դատ հետեւեր, բայց եթե պարզվում էր, որ մեղադրանքն անհիմն է, հենց այդ մեղադրանքն առաջարկող քաղաքացուն էին դատում ու պատժում: Այս ամենն ասացի, որ ընթերցողը երկու բան իմանա, նախ՝ որ դատական պրոցեսի նպատակը արդարություն արտադրելն է, ինչն արվում էր համաձայն արդարության մասին ինքնին (սպոնտան) առաջացած ավանդույթների ու պատկերացումների, ու ոչ թե անպայման գրված (ստատուտային) հորինովի օրենքների (մանավանդ պետերի մոգոնած ժողովրդին կեղեքելու ու խանգարելու օրենքների):

Երկրորդն էլ, որ իմանանք, թե այսօրվա դատարանն ինչքան է հեռու իր իսկական, ճշմարիտ կոչումից, ու պարզ լինի, որ հներից էլ սովորելու շատ բան կա:

«Առավոտ» օրաթերթ
13.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930