Արձակագիր, հրապարակախոս եւ գեղանկարիչ Բակուր Կարապետյանի Արցախյան հանդիպումների առիթը վերջերս լույս տեսած նրա «Ջամասպ եւ Կավատ Սասանյան արքայից արքաները» պատմավեպի հետ կապված արցախյան քննարկումներն էին: Մեր խմբագրությունը ներկայացնում է գրողի արցախյան գրառումների շարքը:
– Հայր, դու ինձ պարզ ու տեսանելի Արարատ էիր խոստացել, -կշտամբեց ղեկին նստած աղջիկս՝ Սոնան:
Սիսն ու Մասիսը մշուշի մեջ են հայտնվել: Փոքրը հազիվ ուրվագծվեց: Հրաժարվեցի այս անհաջողությունը դեպի Արցախ իմ ճամփորդության նախանշան ընդունել: Զանգեզուրում մեզ դիմավորեց խիտ մառախուղը: Քսան մետրից այն կողմ անհայտություն էր: Գորիսում ամպաքուլաները ծառերի կատարներին քսվելով լանջն ի վեր էին բարձրանում:
Սոնան արգելակեց, դուրս եկավ մեքենայից ու սկսեց լուսանկարել մառախուղի միջից հազիվ նշմարվող գորիսյան ապառաժ-կացարանները ու անմիջապես տեղադրեց ֆեյսբուքյան իր էջում: Բնության հրաշալիքները կադրերով տեսնելն ու դրանք հանրությանը ներկայացնելը, կիսվելը երջանկության զգացում է համակում հեղինակին:
Ամառն իր իրավունքները արդեն զիջել է աշնանը, պատվիրելով, որ ձմռան հետ վեճի մեջ չմտնի ու չշտապի ամեն ինչ միանգամից թողնել ու հեռանալ…
Կարդացեք նաև
Ցուցանակին գրված էր. «Лачинский коридор безопасности…»: Այսինքն՝ հայեր, մոռացեք Քաշաթաղն ու Բերձորը, ամենն անցյալ է, հիմա նոր կարգեր են, մե՛ր կարգերն են…
Ոստիկանը, ստուգելով անձնագրերը, հեռախոսով ասաց.
-Երկու հոգի…
Միջանցքում թվաքանակն է կարեւորը, իսկ որակը կապ չունի:
-Մտանք Ադրբեջան, -ասաց Սոնան:
-Չէ, Միջանցքը մերն է, -անվստահ ասացի ես:
-Ռուսներինը, -ուղղեց դուստրս:
Հակաճառելու բան չունեի: Ճանապարհի եզրին անցյալից մնացել է «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակը:
-Ի՞նչ «ազատ», հայր…
Կրկին չհակաճառեցի: Մտածում էի շրջաններում իմ հանդիպումներին ասելիքիս մասին: Մարդկանց հավատքն է պետք վերականգնել: Արցախը իր երեքհազարամյա պատմության ընթացքում ավելի խորը ճգնաժամեր է ապրել: Սակայն միշտ պահպանել է սերը դեպի իր մշակույթը, լեզուն, նախնյաց երկիրը, ինքնությունը, ամբողջական Մայր Հայաստանը, ի վերջո, մոխիրներից հառնել, ամբողջացել, կրկին Հայոց երկրի մաս կազմել:
Հաջորդ ստուգողը ռուս զինվորն է:
– Բարեւ ձեզ, ո՞նց եք, -հայերեն դիմեց նա:
– Շնորհակալություն, դուք լա՞վ եք, -ասացի ես:
Ի պատասխան՝ ժպտաց, ապա հարցրեց.
– Ինչ կա բագաժնոցում:
– Գրքեր…
– Խնդրեմ, գնացեք…
Ցանկություն առաջացավ կամրջից թեքվել ձախ, որտեղ ճանապարհը տանում էր Հակառուի գետահովիտը: Վերջին չորս տարիներին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության ինստիտուտի հետազոտական խմբի կազմում ուսումնասիրում էինք ազատագրված տարածքների՝ Քաշաթաղի եւ Քարվաճառի նորահայտ վաթսուն հինավուրց ամրոցները: Մտքով արդեն Աղահեճի երեքհազարամյա ամրոցում էի, քայլում էի եզակի կառույցի՝ զիկուրատի աստիճաններով դեպի Արեւի տաճարը, հայացքով շոյում քարերի կիկլոպյան շարվածքը: Արդեն տեսնում եմ զիկուրատի լայն հարթակներում տոն օրերին հեթանոսական ծեսերը, աստվածություններին մատուցվող զոհողությունները… Մի տեղ հարթ դաշտում հայտնաբերեցինք փորագրություններով հսկա քարը: Մանրազնին ուսումնասիրելով այն՝ եկանք այն եզրահանգման, որ այն տեղանքի քարտեզն է, որտեղ փոսորակները ցույց են տալիս լճակները, իսկ գծերը՝ նախիրների ճանապարհները դեպի ջրարթի լճակները: Դա կարեւոր էր, որպեսզի նախիրները չխառնվեն իրար:
Ապա մտքերով հայտնվեցի Վարազգոմեր գյուղատեղում, որտեղ նկարահանել ենք «Ճեղքված եկեղեցու ճիչը» վավերագրական ֆիլմը: Այդ վայրը հնում Մաղավուզ է կոչվել, որտեղից բնակիչները 1813 թվականից սկսած գաղթել են Արցախի Չարդախլու, Մաղավուզ եւ Տոնաշեն գյուղերը:
Հայոց պատմության այս անհամար գանձերը, անառիկ ամրոցները, բնակավայրերը կրկին զիջեցինք թշնամուն, որպեսզի ավելի միավորվենք, ամրանանք, մի բռունցք դառնանք ու ազատագրենք մեր նախնյաց հիշողությունն ու պատիվը, մեզ ժառանգություն թողած հայրենի եզերքը:
Մոտենում ենք Բերձորին: Ճանապարհի աջ ու ձախ կողմերում մեզ ուղեկցում են մատղաշ ընկուզենիները: Դրանք քսանհինգ տարիների ընթացքում համալսարանական ուսանողների հետ տնկել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր, բարերար Գուրգեն Մելիքյանը: Ինքս բազմաթիվ անգամ Գուրգենի հրավերով մասնակցել եմ ծառատնկումներին, ռեպորտաժներ պատրաստել «Բարեգործ» թերթի համար: Մի ընկուզենու տակ բերձորցին ընկույզ էր հավաքում: Հետաքրքիր էր կրկին տեսնել Արցախյան առաջին պատերազմի հերոս, զորավար Մոնթե Մելքոնյանի պուրակը իր հուշաքարով: Հաջորդ պուրակը նվիրված էր Երեւանի պետական համալսարանին իր հուշակոթողով:
Միջանցքի լայնությունը երկու կողմերից 2,5 կմ է: Թուրք դիպուկահարին հասանելի է Հայոց երկու հանրապետությունները կապող ճանապարհը: Խաղաղապահ ռուս զինվորը դրա դեմ ոչինչ անել չի կարող:
Անցանք Աղավնո գետը, որը հնում Արցախի եւ Սյունիքի սահմանագետն էր: Այս գետահովտում մեր հետազոտական խումբը հայտնաբերեց Նախկորզան քաղաքը: Այն վաղ միջնադարում հանդիսացել է ոսկու նախնական կորզման վայր: Ըստ երեւույթին, նրա երկու կողմերում հոսող գետակներից ոսկի էին փորում: Անդոկ իշխանաց իշխանի որդին՝ Բաբեկը, վերստանալով հոր ժառանգությունը՝ Սյունիքը, առաջին հերթին արցախցիներից ձեռք է բերում Նախկորզանը:
Բերձորը այսօր կորցրել է իր երբեմնի աշխուժությունը: Մարդիկ եզակի էին հանդիպում: Այստեղից մեր հետազոտական խումբը անցել էր Որոտանի գետահովիտը, որտեղ էլ հայտնաբերեցինք Բաղաքաշատ, այժմ՝ Բարգուշատ ամրոցը: Այս ամրոցում են 501-528 թվականները բնակվել Հայոց երկրորդ պետության՝ աղվանից Վաչական Բարեպաշտ թագավորը իր դստեր՝ Խոնչիկի եւ փեսայի՝ 496-501 թթ. Պարսից արքայից արքա հանդիսացած Ջամասպի հետ: Վերջինս իր գահը հոժարակամ թողնում է ավագ եղբորը՝ Կավատին, քրիստոնեություն ընդունում եւ փեսայանալով Վաչականին, բնակվում է Բաղակաշատ ամրոցում: Ամրոցի տարածքում լիճ կար: Սյունիքի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը մանրամասն նկարագրում է այս ամրոցում ստեղծած հարուստ տնտեսության մասին: 528 թ. Կավատ արքայից արքան հայտնաբերում է կրտսեր եղբոր բնակության վայրը, Վաչական արքային ու Ջամասպին իր վրանը զրույցի հրավիրում եւ դավադրաբար սպանել տալիս երկուսին: Այս պատմության մասին ես գրել եմ իմ «Ջամասպ եւ Կավատ Սասանյան արքայից արքաներ» պատմավեպում, որը փաստորեն իմ «Վաչական Բարեպաշտ թագավոր» պատմավեպի շարունակությունն է:
Բերձորից հետո Համայն Հայության միջոցներով կառուցված ճանապարհի ասֆալտը կարկատանների համար տեղ-տեղ տաշտշած էր, որը ցնցումների պատճառով անհարմարություն էր ստեղծում ավտոմեքենաների համար: Իսկ ասֆալտը այնքան բարակ էր, որ մի շերտ հանելիս արդեն երեւում էր խիճը:
Հաճախ ենք փորձում գտնել համընդհանուրից, պետությունից գողանալու սովորության ակունքը: Խորհրդային տարիներին գոյություն ուներ «նեսուն» համատարած հասկացությունը: Եթե որեւէ մեկը չի գողանում, որինչ չի տանում իր աշխատավայրից, նրան միամիտ ու հիմար, անհաջող մարդ են համարում: Իսկ несун-ությունը հանրության մտածելակերպի է վերածվել: Խորհրդային կարգերից ժառանգություն մնացած այս մտածելակերպը թույլ չտվեց, որ հանրությունը զարգացող երկիր ստեղծվի: Անկախացած երկրում ամեն մի պաշտոնյա ասես շարունակում էր ապրել խորհրդային երկրի պայմաններում, իր պարտքն էր համարում ընձեռված հնարավորությամբ գողանալ, թալանել իրեն վստահված ոլորտը: Թալանում, գողանում էր նախարարը, մարզպետը, քաղաքապետը, վարչապետը, երկրի նախագահը, զորավարը, սպան… դպրոցականը տեսնում է «ընտրյալների» շքեղ դղյակները, ամենաթանկ մեքենաները, նպատակ է դնում ինքն էլ դառնա թալանող ու несун, իսկ, թե ինչպես կազդի այն երկրի վրա, այդ մասին թող երկրի նախագահը մտածի:
Ու ոչ ոք չէր մտածում, որ դա աղետ է, որը կործանում է երկիրը:
Զարգացումը կախված է երկրում ապրող մարդկանց որակից: Համընդհանուր շահի, պետության զարգացման մեջ իր շահը չգնահատող հանրությունը ենթակա է ոչնչացման: Այսպիսի հանրությունը, ժողովուրդը չի կարող միակամ լինել, համատեղ ուժերով ծաղկուն երկիր կառուցել:
Միջանցքով իմ այս ճամփորդությունը ինձ ավելի ու ավելի հոռետես է դարձնում: Իսկ նման զգացումներով արցախցուն հիասթափեցնելու իրավունք չունեմ, մանավանդ, որ գնում եմ հանդիպումների, ոգեւորող ու համոզիչ խոսք ասելու պատերազմում դաժան պարտություն կրած արցախցուն:
Շարունակելի
Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.11.2021