Օրագիր՝ մեկ տարի անց
Ժամը օր է դառնում, օրը՝ տարի, իսկ մենք կանգնել ենք անեզր տարածության մեջտեղում՝ ստվերների կողքին, որտեղ անկենդան շնչում է աշունը, որ մեկ տարի առաջ փակեց բոլոր արահետները տուն տանող ու տնից բերող…
Ժամանակը կամաց-կամաց ծնկում է ու իր ոտքերին արյուն քսում՝ վերքերը ծածկելու համար, դողը գրպանում պահած: Եվ այդ ժամանակ դողը խոսում է աչքերիս հետ՝ գողանալով պատկերները խաղաղության:
***
Կարդացեք նաև
Հայրենիքը երազներում չեն գրկում, բառերով չեն գունավորում, շուրթերով չեն համբուրում: Նրա մեջ ու նրանով ապրում են, ծա՛ռ, նրա հետ օրորովում են, ինչպես դու, որ ամրացել ես ու տարիք առել, պատուհանիս մոտ պահակ կանգնել՝ ճյուղերիդ անցքերով երկրիս վերերկրային ու թափանցիկ լույսն ինձ հասցնելու համար: Մի անգամ քեզ ասել են, ծառ, որ կեղեւդ բացես…
***
Հող իմ, այդ ինչքան կենացներ խմեցիր, որ հիմա ամեն սեղան բացվում է մեկ րոպե լռությամբ ու փակվում գլխահակ…
***
Ապրելու դիմանկարը փոխվել է՝ եղանակների արանքում թողնելով աչքերը, որ ամեն պահ հիշեցնեն անցած օրերի մասին, որոնք շարունակում են մեռնել՝ ապրելուց առաջ կտուցով հարվածելով անձրեւներին խենթացած: Եվ այո, հիշողություններ կան, որոնք տարվա եղանակներից եմ հավաքում:
***
Նկարներն են խոսում, տղերքը լուռ են. մենք քայլում ենք՝ հասկանալով, որ երկինքն այս միջանցքով է լույսեր տանում: Ձեռքերս կարճ են ու չեն հասնում երանելի այն տարածքը, որտեղ տիրում է հավերժական ապրելու պահը:
***
Տարին դղրդում է անճարությունից, իսկ ճանապարհները հերթով փակվում են, կամ էլ՝ փակում են անհայրենիքները, որ արնաքամ անելուց անդին չգիտեն բժշկել…
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախի գրողների միության անդամ
«Առավոտ» օրաթերթ
13.11.2021