Թավշյա թվաբանություն՝ ընդդեմ առողջ բանականության
Թավշյա իշխանությունը շատ արագ տրվեց իր իսկ մերժած բարքերին՝ յուրայիններին ամեն ինչ, այլոց՝ ոչինչ: Հիմա Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են ու թավիշը հասել է ընտրացուցակներին:
Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունից առաջ ոստիկանությունն ու կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրար չհամապատասխանող տվյալներ են հրապարակել:
Կարդացեք նաև
Մասնավորաբար՝ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, գնդապետ Ա. Մկրտչյանը ԿԸՀ-ին տեղեկացրել է, որ 2021 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ, օրինակ՝ Գյումրիում կա 123 115 ընտրող, Դիլիջանում՝ 20 367: Իսկ ահա ԿԸՀ-ն պնդում է, որ Գյումրիում կա 109 453 ընտրող (13 662-ով քիչ), իսկ Դիլիջանում՝ 18 374 (1993-ով քիչ): Ըստ ազգային վիճակագրական ծառայության՝ Հայաստանում ամսական մահանում է 2 500-2 700 մարդ: Իհարկե, նաեւ ծնվում են, ըստ նույն ազգային վիճակագրական ծառայության՝ տարեկան մոտ 40 000 կամ ամսական՝ ավելի քան 3 000 երեխա է ծնվում: Ամսական մոտ 3 000 երեխա դառնում է 18 տարեկան եւ ընտրելու իրավունք ստանում: Ուրեմն, հոկտեմբերի 17-ին՝ ամսվա կեսին կազմակերպված ընտրությանը մասնակցելու իրավունք կարող էր ստանալ առնվազն 3 000-ի կեսի չափ՝ 1500 քաղաքացի: Գյումրիում ընտրողների քանակը չէր կարող պակասել 13 662-ով, իսկ Դիլիջանում՝ 19936-ով: Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների, միայն Գյումրիում ոչ ոքի 18-ը չի լրացել եւ կյանքից կամ Հայաստանից հեռացել է ավելի շատ մարդ, քան ամսական միջինը Հայաստանում: Դիլիջանում էլ ոչ ոքի 18-ը չի լրացել եւ կյանքից կամ Հայաստանից հեռացել է Հայաստանի միջինի մոտ 80 տոկոսը:
Այս անտրամաբանական, թավշյա տրամաբանությունն է հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություն անցկացրած գրեթե բոլոր համայնքներում՝ Ֆերիկ, Ֆիոլետովո, Շամիրամ, Գորիս, Տեղ, Տաթեւ, Մեղրի:
«Առավոտի» հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսպես բացատրեց թվերի տարբերությունը. «Ըստ նոր ԸՕ պահանջների, այն քաղաքացիները, ում անձնագրային վավերականության ժամկետն ընտրության օրվանից սկսած՝ վեց ամսից ավել ժամկետով անվավեր է, նրանց տվյալները ցուցակից հանվում են»: Ըստ ԿԸՀ նախագահի, եթե այդ անձինք փոխում են անձնագիրը եւ ստանում են վավեր անձնագիր՝ նորից մտնում են ընտրացուցակ, եթե մինչեւ քվեարկության օրը դա չեն անում, ապա ոստիկանությունից պետք է տեղեկանք վերցնեն, նոր մասնակցեն ընտրության: Տիգրան Մուկուչյանը պնդում է, որ հրապարակված թվերի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ սկզբում հրապարակված թվի մեջ ներառված է նաեւ այն քաղաքացիների թիվը, որոնց անձնագիրը վեցամսյա վավերականության ժամկետում է, հետագայում, արդեն հրապարակվել է թիվ, որից հանվել է անվավեր անձնագրային տվյալներով քաղաքացիների թիվը: ԿԸՀ նախագահը պնդում է, որ թվային անհամապատասխանությունը զուտ տեխնիկական է եւ որեւէ կերպ չի առնչվում ընտրական իրավունքի ոտնահարման հետ:
Նա չհամաձայնեց նաեւ մեր այն դիտարկման հետ, որ թվային այս անհամապատասխանությունը կարող է հետ տանել դեպի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններ՝ կասկածի տակ դնելով դրանց լեգիտիմությունը: Մանավանդ, որ ընդդիմադիրները հայտարարում էին քվեարկության մասնակցածների 200 հազար անհասկանալի թվի մասին: Խոսքը, հիշեցնենք, վերաբերում էր, այսպես ասած, չաշխատող անձնագրեր՝ հին սերնդի անձնագրեր ունեցողներին, որոնց դեպքում կամ մատնահետքը չէր իդենտիֆիկացվում, կամ՝ լուսանկար չէին ունենում, եւ զինծառայողների մասնակցության թվին: Ըստ Տիգրան Մուկուչյանի, հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությւոնների ժամանակ ԸՕ-ի այդ նորմը չէր գործում, այն գործողության մեջ է մտել աշնանը՝ ՏԻՄ ընտրություններով, հետեւաբար, արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ հարթությունում խնդիրներ փնտրելն անհնար է:
Իսկ նոյեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ըստ մեր զրուցակցի, թվերի անհամապատասխանություն չի էլ նկատվել, քանի որ ծրագրային ապահովումներն աշխատում էին ողջ ծավալով եւ հարցը լուծվել էր. «Եթե համադրեք նոյեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների թիվը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների թվի հետ, այդտեղ էլ անհամապատասխանություն կտեսնեք, որովհետեւ այն ժամանակ այդ նորմը չէր աշխատում, իսկ նոյեմբերին աշխատում էր եւ այն մարդիկ, ում անձնագրի ժամկետը վեցամսյա անվավերականության շրջանում էր, արդեն ընդգրկված չեն ընտրողների ցուցակներում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.11.2021