Արթիկ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող անկուսակցական Արտակ Հարությունյանը, որը զբաղեցնում է Սամվել Բաբայանի հիմնած «Ազատական» կուսակցության ցուցակի առաջին համարը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ սկսված քարոզարշավի ընթացքում որևէ խախտում դեռ չեն հայտնաբերել, բացառությամբ այն հանգամանքի, որ որոշ գործող համայնքի ղեկավարներ շարունակում են պաշտոնավարել, պաշտոնից ազատման դիմում չեն ներկայացրել։
«Հիմնավոր կասկածներ կան, որ նրանք պաշտոնական դիրքը ներկայումս օգտագործում են, ինչն արդեն իսկ անհավասար պայմաններ է ենթադրում։ Օրինակ՝ ես զբաղեցնում էի Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը, նոյեմբերի 4-ից դիմում եմ գրել ու ազատվել աշխատանքից։ Ինձ թվում է՝ բոլոր այդ ղեկավարներն աշխատանքից ազատման դիմումներ պիտի գրեին, նոր զբաղվեին քարոզչությամբ»,-ասաց մեր զրուցակիցը։
Նա նաև նշեց՝ որոշ տեղեկություններ են ստանում այն մասին, որ որոշ համայնքի ղեկավարներ ճնշումներ են գործադրում իրենց համայնքի բնակիչների ու համայնքապետարանի ենթակայության տակ գործող կառույցների աշխատակիցների նկատմամբ, որոնք ընդգրկվել են այլ քաղաքական ուժերի ընտրացուցակներում։
«Ցուցակներում ընդգրկված շատ մարդիկ ինքնաբացարկներ են ներկայացնում, այդ ցուցակները որ ուսումնասիրեն, կտեսնեն՝ ինչ է կատարվում, ահագին մարդիկ արդեն հրաժարվել են՝ որպես թեկնածուներ»։
Կարդացեք նաև
Արտակ Հարությունյանը նշեց, որ իրենց ցուցակը բաղկացած է եղել 37 անձից, երեք հոգի ինքնաբացարկ են հայտնել։
«Ցուցակում ընդգրկված են մարդիկ՝ ըստ իրենց մասնագիտական կարողությունների, որոնք իրենց կենսագրության ընթացքում անխոնջ աշխատել են, ստեղծել և որևէ օդիոզ դեմքի հետ առնչություն չեն ունեցել և հետագայում չեն ունենալու։ Մեր թիմում ընդգրկել ենք մաքուր կենսագրություն ունեցող մարդկանց՝ բժիշկների, մանկավարժների, իրավաբանների, տնտեսագետների, սոցիոլոգների, բանվորների։
Ամենակարևորը, մենք նաև ընդգրկել ենք 44 օրյա պատերազմին մասնակցած անձի, նահատակված հերոս Հարություն Սուքիասյանի հորը, թե՛ հայրը, թե՛ որդին մասնակցել են պատերազմին, ցավոք , որդին զոհվեց։ Ընդգրկել ենք նաև 44 օրյա պատերազմին մասնակցած, 3 անգամ վիրավորում ստացած անձի, հետագայում այս մարդիկ կընդգրկվեն հանձնաժողովների մեջ ու այս բոլոր հարցերը կբարձրաձայնեն, սա մեր երկիր ամենակարևոր խնդիրներից է։
Պարտադիր չէ, որ ճանաչում ունեցող մարդիկ լինեն, կարևորը՝ տարբեր ոլորտներից լինեն, որպեսզի կարողանան օգուտ բերել մեր խոշորացված համայնքին»,-ասում է թեկնածուն։
Մեր հարցին, թե կան պնդումներ, որ Արթիկ խոշորացված համայնքի ընտրություններում շատ թեկնածուներ իշխանական են, ուղղակի հանդես են գալիս տարբեր կուսակցություններով՝ ձևական դարձնելով ընտրապայքարն Արթիկում, Արտակ Հարությունյանը պատասխանեց․ «Շատ կարևոր հարց էր, կան այդ մասին պտտվող լուրեր քաղաքում, բայց մենք չենք համագործակցում որևէ ուժի հետ։ Առողջ տրամաբանությունը հուշում է, որ մենք պայքարում ենք ոչ թե որևէ մեկի դեմ, այլ Արթիկ խոշորացված համայնքի վաղվա ձեռքբերումների և հաղթանակի համար»։
Արտակ Հարությունյանն ասաց, որ քարոզարշավը կանցկացնեն ընտրողների հետ թե՛ անհատական, և թե՛ բակային հանդիպումներ կազմակերպելով։ Քարոզարշավի ժամանակ ընտրողների կփորձեն համակողմանիորեն ներկայացնել իրենց թիմի ապագա աշխատանքային ծրագրերը։
Ըստ Արտակ Հարությունյանի, 15 կետից բաղկացած իրենց նախընտրական ծրագիրն արդեն պատրաստ է, տվել են տպագրման, ամենաառաջին դրույթը «Թափանցիկ և բաց կառավարումն է»։
Նա նշեց, որ եթե շանսեր չունենային, չէին մասնակցի, գնում են հաղթանակի։
«Ազատական» կուսակցությամբ առաջադրվելու գաղափարն էլ, ըստ մեր զրուցակցի, եղել է հենց Սամվել Բաբայանինը, ինքն առաջարկներ ունեցել է 3-4 այլ կուսակցություններից, սակայն հաշվի առնելով Սամվել Բաբայանի անցած ճանապարհը ու դերակատարությունը մեր երկիր պետականության կայացման գործում՝ որոշել է այդ կուսակցությամբ մասնակցել։
Արտակ Հարությունյանը 5 տարի շարունակ զբաղեցրել է Արթիկի համայնքի ղեկավար տեղակալի պաշտոնը, իսկ դրանից առաջ՝ 10 տարի եղել է ավագանու անդամ։
«Եղել եմ նաև հակառակ բևեռում՝ որպես ավագանու անդամ, դա ինձ մեծ վստահություն է տալիս հաղթելու առումով, անցած փորձն աշխատանքի մեջ շատ կարևոր է, 24 համայնքներում խնդիրները շատ են ու շատանալու են, բայց ես պատրաստ եմ աշխատելու, իրագործելու մեր ծրագրերը։ Իսկ ժողովուրդը հոյակապ գիտի՝ որ համայնքապետն ինչ ոճով է աշխատել։
Գիտեք, որ 2016 թվականին ուզում էի առաջադրվել քաղաքապետի թեկնածու, քաղաքական հետապնդումներ եղան իմ հանդեպ, ինչ-ինչ պատճառներով չեմ առաջադրվել, բայց մինչև վերջ մնացել եմ իմ սկզբունքներին հավատարիմ և ունեմ իմ հստակ ընտրազանգվածը»,- ասաց Արտակ Հարությունյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ