Լրահոս
Օրվա լրահոսը

«Առ այս պահը չենք արձանագրել ուժի կիրառման դեպք ոստիկանի կողմից». Դանիել Իոաննիսյանը՝ Կապանում ոստիկանական ուժերի մասին

Նոյեմբեր 14,2021 19:50

«Բավականին հանգիստ ու օրինական գործընթաց է ընթանում՝ համեմատած այլ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ»,-Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:

Նա հայտնեց՝ մի շարք ընտրական տեղամասերում արձանագրել են ընտրախախտումներ ու մանրամասնեց. «17 ընտրատեղամասերում արձանագրել ենք քվեախցիկից դուրս քվեարկության 54 դեպք: Չորս ընտրատեղամասերում եղել են դեպքեր, որ ընտրողները քվեախցիկ մուտք գործեն այլ անձանց հետ: 25/6 տեղամասում գրանցվել է բաց քվեարկության դեպք, 35/44 ընտրատեղամասի շենքի մոտ եղել են ՔՊ-ի և «Շանթ» դաշինքի պաստառներ, 35/42 ընտրատեղամասին կից շինության պատին երկու քաղաքական ուժերի պաստառներն էլ եղել են, 35/22-ում եղել են կուտակումներ, որոնք ենթադրաբար կազմակերպված են եղել մի քաղաքական ուժի կողմից:

Աղվանի ուղղությամբ արձանագրել ենք պաստառներ, որոնք փակցված էին օրենքի խախտմամբ. ՔՊ-ի և Շանթ դաշինքի պաստառներ ենք արձանագրել: Բայց բավականին արագ հեռացվել են: Արծվանիկում և այդ ուղղությամբ Կապանի փոխքաղաքապետի խնդրահարույց գործունեությունն է դիտարկվել, որը, չունենալով համապատասխան իրավունք, այցելում էր ընտրատեղամաս ու փորձում ցույց տալ, թե ինքն է իշխանությունը, այնինչ ընտրատեղամասերում իշխանությունը ընտրական հանձնաժողովներինն է: Ճակատենի մասով հիմնական խնդիրն այն է, որ բազմաթիվ ընտրողներ քվեարկել են օգնողով: Խոսքը տասը տոկոսից մեծ թվի մասին է: Փաստացի օգնողն է քվեարկել ընտրողի փոխարեն: Շատ տեղերում եղել են քվեարկության գաղտնիության հետ կապված խնդիրներ, օրինակ՝ քվեատուփի հետևում միջանցք է եղել, դուռ պատուհան, արձանագրվել է մեկ դեպք, երբ ընտրողը լուսանկարել է իր քվեաթերթիկը»:

Լրագրողների փաստմանը՝ այսօր Կապանում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել, դա արդյոք չի՞ խոչընդոտում ընտրություններին, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Կապանում իրապես ոստիկանական ուժերը շատ են՝ կարմիր բերետավորների գումարտակից, ոստիկանական զորքերի որոշ ստորաբաժանումներ: Կապանում  նրանք այսօր ավելի շատ են, քան սովորաբար: Դա ակնհայտ է: Ինձ թվում է հասնում ենք նրան, որ մեծ հաշվով ոստիկանի ներկայությունն ընդգծում է, որ օրինականությունն ավելի պաշտպանված է, և այն պետք է հակազդի տարբեր կրիմինալ ներգործությունների՝ ոչ պարտադիր թաղի խուժանի: Այո, Կապանում մեծաթիվ են ոստիկանական ուժերը, բայց առ այս պահը չի արձանագրվել մեր կողմից ուժի կիրառման դեպք ոստիկանի կողմից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930