Կիրակի՝ նոյեմբերի 14-ին, Կապանում, լրագրողները համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված «Քաղաքացիական կուսակցության» ցուցակը գլխավորող, Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է օրեր առաջ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ այցելել կոմբինատ:
««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 15 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը եւ հնարավոր է այդ մասնաբաժինը վերադարձվի Հայաստանի քաղաքացուն: Ես՝ լինելով քաղաքական թիմի անդամ եւ լինելով «Քաղաքացիական պայմանագրից» ընտրված պատգամավոր, նույնպես հետաքրքրված եմ կոմբինատի ապագայի, կոմբինատի ծավալների ընդլայնման եւ ներսում մեր հայրենակիցների շահերը պաշտպանելու գործում: Մենք կոմբինատում անդրադարձել ենք ընդլայնվող արտադրության ծավալներին։ Հնարավոր է նոր ատոմակայանի կառուցում եւ պղնձաձուլարանի ստեղծում, ծանոթացել ենք քաղաքացիների խնդիրներին, լսել ենք պահանջները, առաջարկները եւ դրա արդյունքում պետք է կայացնենք մի շարք որոշումներ, որի արդյունքում կոմբինատի շահագործումը ավելի շահավետ կլինի թե՛ սեփականատերերին, թե՛ Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե կոմբինատում կառավարության կողմից մասնաբաժին վերցնելը շատերը դիտարկում են որպես սեփականատերերից «բիզնեսի խլում»՝ Դավիթ Դանիելյանը պատասխանեց. «Մենք բիզնես խլող չենք, մենք բիզնեսները քաղաքացիներին վերադարձնող ենք: Ես բիզնեսներ չունեմ, իսկ մնացածի բիզնեսների մասով հարցերն ուղղեք իրենց»:
Հիշեցնենք, որ Կապան համայնքի ավագանու ընտրություններին բացի «Քաղաքացիական պայմանագրից» մասնակցում է նաեւ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը։ Ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ, անկուսակցական Գեւորգ Փարսյանը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ