Իջևանում այսօր անցկացվող ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ թեկնածու Վահան Ղազումյանը քվեարկել է հանուն վաղվա օրվա:
Մեզ հետ զրույցում Ղազումյանը խոսելով քվեարկության մասնակիցների ակտիվությունից նշեց, որ նման ցածր ակտիվությունն անգամ իր համար է զարմանալի․
«Ես քարոզարշավի ընթացքում տեսնում էի, որ մարդիկ հիասթափված են և քչերն են պատրաստվում գնալ ընտրություններին, բայց չէի սպասում, որ այսքան ցածր կլինի մասնակիցների թիվը»։
Ղազումյանի խոսքով՝ բնակիչների պասիվությունը հիմնականում կապված է նրա հետ, որ մարդիկ չեն հավատում վաղվա օրվան․
Կարդացեք նաև
«Ես հուսով էի, որ գոնե 40 տոկոս մասնակցություն կլինի, բայց հայաթափությունն այնքան խորն է, որ մարդիկ չեն էլ ուզում գնալ ընտրությունների և այս վիճակը միայն Իջևանի հետ չի կապված, այլ ամբողջ երկրում է մարդկանց մոտ մեծ հիասթափություն»:
ՀՅԴ թեկնածուի խոսքով ընտրություններին չմասնակցողների հիմնական մասը ընդդիմության ընտրողներն են, քանի որ հենց նրանք են դժգոհ հատվածը:
Իսկ ընտրախախտումների և ընտրական ընթացքի մասին Ղազումյանը նշեց․ «Մարդ չի գալիս, որ խախտումներ լինեն: Ամեն 15 րոպեն մեկ մի հոգի է գալիս ընտրելու, ինչ խախտում պետք է անեն»:
Նշեք, որ այսօր Իջևանում անցկացվող ՏԻՄ ընտրություններին առաջադրվել են 2 ուժ՝ ՀՅԴ -ն՝ Վահան Ղազումյանի գլխավորությամբ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Իջևանի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:
Ըստ ԿԸՀ֊ի 14:00-ի տվյալների Իջևանում 33090 ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 5629-ը (17%):
Սաթենիկ Հովսեփյան