ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքում մեծամասնական ընտրակարգով նոյեմբերի 14-ին ընթացող ավագանու ընտրություններում ժամը 13.00-ի դրությամբ գրանցվել է ընտրության մասնակցության բավականին ցածր ցուցանիշ:
Նշենք, որ այս համայնքում ավագանու անդամի 9 տեղի համար ներկայացվել է 14 թեկնածություն, որոնցից 8-ը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են, 6-ն ինքնաառաջադրումով:
Արզնի համայնքի ավագանու ընտրությունների քվեարկությունն անցկացվում է 28/1 և 28/2 ընտրատեղամասերում: 28/1 ընտրական հանձնաժողովի նախագահ Երմոնյա Լալայանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց. «Քվեարկության ընդհանուր ակտիվությունը թույլ է: Այս պահի դրությամբ ունեցել ենք 61 ընտրող, մեր ընտրատեղամասում ընդհանուր ընտրողների թիվը 1005 է»:
Երմոնյա Լալայանը հույս ունի, որ ժամը 13:00-ից հետո ավելի մեծ մասնակցություն կգրանցվի, քանի որ իրենց համայնքում հիմնականում այդպես է լինում:
28/2 ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Գևորգյանն էլ հայտնեց՝ իրենց ընտրատեղամասում 1047 ընտրողից ժամը 13:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 85-ը:
Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է պասիվության պատճառը, Գագիկ Գևորգյանը պատասխանեց. «Մոտիվացիան: Մեր համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններ չեն. համայնքի ղեկավարի լիազորության ավարտին դեռ երկու տարի կա: Հիմա ավագանու ընտրություն է, երևի մարդկանց համար այդքան էական չէ: Սովորաբար այդպես է լինում: Սպասումներ ունենք, որ օրվա երկրորդ կեսին ավելի շատ մարդ կգա ընտրելու»:
Գագիկ Գևորգյանը նաև տեղեկացրեց՝ իրենց ընտրատեղամաս ընտրություններին հետևելու համար այցելել են Լիտվայի դեսպանատնից և Սիրիայի հյուպատոսարանից:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ