Վանո Սիրադեղյանի ծննդյան 75-ամյակի առիթով մի շարք միջոցառումներ են կազմակերպվել: Դրանցից մեկն էլ Հրանտ Մաթեւոսյանի թանգարանում էր:
Վանո Սիրադեղյանի ընկերները թանկ հուշեր պատմեցին ուսանող, արձակագիր, ներքին գործերի նախարար, քաղաքական եւ պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մասին՝ ամբողջացնելով նրա դիմանկարը: Օրինակ, հրապարակախոս, արձակագիր Վանուշ Շերմազանյանը մի զվարճալի դեպք պատմեց. «Վանոյի գիրքն էր լույս տեսել, եւ Հրաչ Թամրազյանը նրան ասել էր, որ Մատենադարանի գիտքարտուղարը գիրքդ շատ է հավանել: Վանոն՝ չիմանալով, թե ով է գիտքարտուղարը, հարցրել էր՝ գոնե սիրո՞ւն է, իսկ գիտքարտուղարը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր»:
Վանուշ Շերմազանյանը հիշեց նաեւ այն շրջանից մեկ այլ դրվագ. «Մենք 9-ից 6-ը ենթակա ու նախարար ենք եղել, իսկ 6-ից հետո՝ ընկերներ, չնայած ես երբեք սուբորդինացիան չեմ խախտել: Ես այսօր էլ եմ հպարտանում, որ նա իմ նախարարն է եղել: Կարծում եմ՝ մենք նման նախարար չենք ունեցել Հայոց աշխարհում, նա արժանապատվության տիտղոսը պահել է»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում.
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ասաց, որ դպրոցում սահմանել են Վանո Սիրադեղյանի անվան մրցանակ, նաեւ իրենց օրացույցում ներառել են Վանո Սիրադեղյանի օրը: Ավելի վաղ՝ «Վանո Սիրադեղյան-75» նախագծի մեկնարկին ընդառաջ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիան նախաձեռնել էր կլոր սեղան՝ ավագ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների մասնակցությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում.
Մշակույթի նախկին նախարար, բանաստեղծ Հակոբ Մովսեսի ձեւակերպմամբ, ովքեր Վանոյին վտարանդի դարձրին, փորձեցին նաեւ նրա գրականությունն էլ վտարանդի դարձնել: Նա նաեւ հավելեց, որ բոլորիս վրա դրված է ծանր առաջադրանք՝ Վանոյի անվան վրայից հանել այն աղբը, որ կուտակել են 20 տարի:
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի խոսքով, ոմանք փորձում են Վանոյին ոչնչացնել իբրեւ գրող: Նա նաեւ հավելեց, որ Վանոն ուզում էր՝ Հայաստանը լինի այնպիսին, ինչպիսին ինքն էր՝ ազատ եւ ինքնուրույն:
Մանրամասները՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ