ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Մետաղակայուն մանրէները որպես շրջակա ﬕջավայրի կենսավերականգնման ﬕջոցներ» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել մանրէների հիմքով կենսատեխնոլոգիա, որը կնպաստի հանքարդյունաբերական արտադրանքի թափոնների մշակմանը՝ նվազեցնելով դրանց տոքսիկ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեման, Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Արմինե Մարգարյանի ղեկավարությամբ, ներկայացրել է հետազոտական խումբը, որում ներառված են նույն ամբիոնի դոցենտ, կենսաբ. գիտ. թեկնածու Հովիկ Փանոսյանը, տեխն. գիտ. դոկտոր Լիանա Մարգարյանը, ասպիրանտներ Դիանա Ղևոնդյանը և Սոնա Նիկոլյանը:
Մեզ հետ զրույցում Արմինե Մարգարյանն ասաց, որ այս նախագիծը տրամաբանական շարունակությունն է նախորդ ծրագրի, որը ևս երաշխավորվել էր Գիտության կոմիտեի կողմից, և որի շրջանակում արդեն ուսումնասիրվել է Հայաստանի հանքարդյունաբերական տարբեր տարածքներում մետաղակայուն մանրէների տարածվածությունը, մեկուսացվել են ացիտոֆիլ, նեյտրոֆիլ և ալկալիֆիլ մետաղակայուն մանրէներ:
Կարդացեք նաև
«Այս ծրագրով արդեն մեր նպատակն է իրականացնել վերոնշյալ մանրէների ամբողջական նույնականացումը, ուսումնասիրել դրանց մետաղակայունությունը և վերջինիս մեխանիզմները, ինչպես նաև հասկանալ, թե աղտոտված շրջակա միջավայրի վերականգնման համար ինչպես կարող ենք դրանք կիրառել»,- ասաց հետազոտական խմբի ղեկավարը:
Նրա խոսքով, շրջակա միջավայրի՝ ծանր մետաղներով աղտոտումը համընդհանուր բնապահպանական խնդիրներից է, քանի որ դրանք մարդու և կենդանի օրգանիզմների համար թունավոր միացություններ են. «Բակտերիաները և այլ մանրէներ ծանր մետաղների բարձր կոնցենտրացիաների պայմաններում դրսևորում են նյութափոխանակության հետ կապված և ոչ կախյալ կայունության մի շարք գործընթացներ: Մանրէներում ծանր մետաղների հանդեպ կայունության մեխանիզմների ուսումնասիրությունը կարող է կարևոր կիրառություն գտնել աղտոտված շրջակա միջավայրի կենսավերականգնման գործընթացներում»:
Արմինե Մարգարյանը փաստեց, որ ըստ այդմ՝ ներկայացված նախագծի նպատակն է Հայաստանի տարբեր հանքարդյունաբերական տարածքներից մեկուսացնել և նույնականացնել նոր մետաղակայուն մանրէներ, ընտրել առավել կայուն մանրէների շտամներ, ուսումնասիրել դրանց մետաղների թունազերծման և կենսակուտակելու ունակությունը, ապա ընտրված մանրէների հիմքով մշակել կենսավերականգնման նոր կենսատեխնոլոգիա:
«Հետազոտությունների արդյունքները հնարավորություն կստեղծեն պարզաբանելու մետաղակայուն մանրէների տարածվածությունը Հայաստանի տարբեր հանքարդյունաբերական տարածքներում, հասկանալու մանրէներում մետաղակայունության մեխանիզմները և ուսումնասիրելու մանրէաբանական ռեսուրսների ներուժն աղտոտված շրջակա միջավայրի կենսավերականգնման գործընթացներում»,- ասաց ծրագրի ղեկավարը:
Նախագիծն իրականացնելու համար, ըստ Արմինե Մարգարյանի, հիմնական սարքավորումներն առկա են, սակայն վերջնարդյունքին հասնելու համար անհրաժեշտ է նաև իրական ժամանակի ՊՇՌ ամպլիֆիկատոր, որը ձեռք կբերվի դրամաշնորհի շրջանակում. «Սարքավորման միջոցով կուսումնասիրենք մետաղակայունության գեների էքսպրեսիան մանրէներում: Լաբորատորիայում նախատեսում ենք նաև առանձնացնել ՊՇՌ տարածք, որտեղ էլ կտեղադրվեն համապատասխան անհրաժեշտ սարքավորումները»:
Ծրագիրը եռամյա է: Պահանջների համաձայն՝ խմբի անդամները գումարային 15 օր պետք է լինեն ծրագրի գործընկեր հաստատությունում և գիտական հետազոտություններ իրականացնեն. «Մեր գործընկերը Բերգենի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Նիլս-Կորե Բիրկելանդն է, որի հետ մենք այլ ծրագրերի շրջանակում համագործակցում ենք դեռևս 2011 թվականից: Նրա խորհրդատվությունը և օգնությունն այս աշխատանքի իրականացման ընթացքում շատ կարևոր են մեզ համար»:
ԵՊՀ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ