Վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Գերմանիայի ընտրանու հետ կայանալիք հանդիպումից առաջ նախախաղային մամուլի ասուլիսում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, պատասխանելով դիտարկմանը, որ մեր հարձակվողները դիպուկ հարվածների հետ կապված խնդիրներ ունեն, համաձայնեց, որ հավաքականն այդ առումով անցած խաղերում արդյունավետ չէր գործում, եւ այդ պատճառով մենք հաղթանակներ չտոնեցինք:
Նա նաեւ պատասխանեց հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Ալեքսանդր Կարապետյանը, որը վերջին շրջանում ավելի արդյունավետ խաղ է ցույց տալիս իր ակումբում, քան Սարգիս Ադամյանը եւ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, սակայն հավաքականում մեկնարկային րոպեներին շանս չի ստանում: «Իհարկե, Կարապետյանն այն ֆուտբոլիստն է, ում հետ մենք հույսեր կապում ենք: Բայց կարելի էր հարցնել նաեւ Նարեկ Գրիգորյանի մասին, որը երիտասարդ ֆուտբոլիստ է: Նրանք այն ֆուտբոլիստներն են, որ հրավիրվում են հավաքական եւ եթե հրավիրվում են, դա նշանակում է, որ մեր համար կարեւոր դերակատարություն ունեն»,- ասաց մարզիչը:
Հյուսիսային Մակեդոնիային պարտվելուց հետո անցած այս կարճ ժամանակահատվածում տղաների հետ իրականացված հոգեբանական աշխատանքի մասին իսպանացի մասնագետը ասաց, որ նման իրավիճակներում ֆուտբոլիստներն են առաջինը, որ իրենք իրենց մոտիվացնում են, որովհետեւ հենց իրենք են առաջին հերթին զգացել պարտության դառնությունը այն խաղից, որի հետ մեծ-մեծ հույսեր կային կապված եւ մեծ խանդավառություն կար: «Իհարկե, նրանց հետ խոսել ենք, ասել, որ շատ կարեւոր եւ դժվար խաղ է մեզ սպասվում Գերմանիայի հավաքականի հետ եւ այժմ մենք լավ հնարավորություն ունենք մեր մարզասերներին արժանի խաղ ցուցադրել»,-ավելացրեց նա:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե Հյուսիսային Մակեդոնիային պարտվելուց հետո ֆեդերացիայում իր հրաժարականի հարց քննարկվե՞լ է: «Ոչ, բոլորովին ոչ: Մենք խոսել ենք ապագայի մեր նախագծերի մասին»,- պատասխանեց Կապառոսը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ