Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վանոն գրող էր, որի լսարանն իր ժողովուրդն էր». Ռուբեն Բաբայան

Նոյեմբեր 13,2021 19:57
Vano Siradexyan

Վանո Սիրադեղյանի ծննդյան 75-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում նրա «Ամեն տարվա գոճին», «Գառ ախպերիկ», «Բուքը, երգը, երեխան» պատմվածքների եւ «Երկիր։ Ցպահանջ» պոեմի թատերականացված ընթերցումներ են կայացել Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում: Դրանք ներկայացրել են երիտասարդ դերասաններ Տաթեւ Հովակիմյանը, Վաչե Երիցյանը եւ Հարություն Սարգսյանը։

Այնուհետեւ  ցուցադրվել են Սիրադեղյանի արխիվային լուսանկարները, որոնցում Վանոն է այնպիսին, ինչպիսին կար՝ ընտանիքի հայր, լավ ընկեր, անկախության նվիրյալ, շարժման մասնակից, կուսակցական գործիչ, պետական պաշտոնյա եւ արձակագիր։

Aravot.am-ի հետ զրույցում Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը նշեց, որ թատերականացված ընթերցումները երիտասարդներն են իրականացրել, նաեւ ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել իրենց թատրոնի հարկի ներքո: Ապա ներկայացրեց իր կարծիքը եւ տպավորությունը գործչի մասին:

«Ես կարծում եմ, որ Վանո Սիրադեղյանը ողբերգական կերպար է մեր պատմության մեջ, թերեւս ամենաողբերգականը: Անձամբ ինձ համար մեծագույն ողբերգություն է, որ Վանո Սիրադեղյանը վերջին տարիներին չի գրել: Նա շատ մեծ տաղանդ ուներ, հետաքրքիր հայացք եւ ընտիր գրիչ: Իր հոդվածներն ինձ համար հարազատ էին ոչ միայն հայացքների տեսանկյունից, այլեւ մոտեցումների…Վանոյի լսարանը ժողովուրդն էր, իր գրականությունն ուղղված էր դեպի հանրություն:

Նա չէր մանրանում՝ իշխանություն, ընդդիմություն մակարդակով, ինչը մեծ գրողի հատկություն է…Մեծ գրող, որի լսարանն իր ժողովուրդն է…Բոլոր թերությունները, որ նա տեսնում էր, ժողովրդի միջից էին գալիս, ամենակարեւորը՝ նա շատ անկեղծ էր իր ժողովրդի հետ, իրեն կարելի էր ընդունել, չընդունել, համաձայնել, չհամաձայնել, բայց  որեւէ մեկը չէր կարող մեղադրել, որ անկեղծ չէ սեփական  ժողովրդի հետ»,-ասաց պարոն Բաբայանը:

Հավելեց, որ անձամբ մոտիկից ծանոթ չի եղել Վանո Սիրադեղյանի հետ, բայց 1988-ի ցույցերին է մասնակցել  եւ նրան հիշում է Ազատության հրապարակի հարթակի ելույթներից: Ասում է՝ Վանո Սիրադեղյանն առանձնանում էր բոլորից. «Երբ ինչ-որ մեկը փորձում էր սուտ հայրենասիրական ճառերով հանդես գալ, Վանոն ասում էր՝ ամբախ-զամբախ բաներ մի խոսեք: Նման մոտեցման, նման ճաշակի, նման սթափ մտածողության կարոտ շատ ունենք…Նաեւ շատ կուզենայի, որ Վանոն հանգչեր իր հայրենիքում, որի դարդերով ու ցավերով էր տարված, եւ նրա գրական ժառանգությունը հենց դրա մասին է խոսում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Մերթ ասում եք հանցագործ է ու մարդասպան, մերթ մեծարում եք որպես գրող, Մաթևոսյանի առվակն էր, ուժեղ չէր…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930