Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Համալսարանական տարիներն անջնջելի հետք են թողնում՝ ուսանողին նախապատրաստելով կյանքի տարբեր մարտահրավերներին»․ ԵՊՀ ուսանող

Նոյեմբեր 13,2021 13:56

Գևորգ Բարսեղյանը սովորում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսում: Ուսմանը զուգահեռ նա գործունեություն է ծավալել իրավաբանական տարբեր կառույցներում, այժմ էլ աշխատում է պետական կառավարման համակարգում: Գևորգը եղել է ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահը, ունի 20-ից ավելի տպագրված գիտական հոդված և ցանկանում է իր խոսքն ասել նաև գիտության ոլորտում: Իր առջև նորանոր նպատակներ սահմանող ուսանողն ընկերների հետ վերջերս ստեղծել է հասարակական կազմակերպություն, որի միջոցով Հայաստանի և Արցախի դպրոցներում կազմակերպելու են իրավական դասընթացներ։ Գևորգը սիրով համաձայնել է պատասխանել մեր հարցերին: 

 – Գևո՛րգ, ե՞րբ հասկացաք, որ ցանկանում եք իրավաբան դառնալ: Որևէ իրադարձություն ազդե՞լ է Ձեր ընտրության վրա:

– Դպրոցական տարիներին, երբ սովորում էի 6-րդ կամ 7-րդ դասարանում, ինձ մեծապես գրավել էր դատավորի՝ ֆիլմերից հայտնի սև և ազդեցիկ համազգեստը՝ պատմուճանը: Արդեն 9-րդ կամ 10-րդ դասարանում, երբ սկսեցինք ուսումնասիրել «Հասարակագիտություն» առարկան, ես պարզապես սկսեցի սիրել այն: Իսկ իրավաբանի մասնագիտության ընտրության հարցում մեծ է եղել մայրիկիս և մորաքրոջս դերակատարումը:

– Ինչո՞ւ որոշեցիք իրավաբանի կրթությունը ստանալ հենց ԵՊՀում: 

– Մանուկ հասակում մայրիկիս հետ հաճախ էինք զբոսնում ԵՊՀ-ի այգում: Հավանաբար հենց այդ ժամանակ էլ ծնվել է համալսարանի հանդեպ իմ մեծ սերը:  Համեմատաբար ավելի հասուն տարիքում որոշեցի, որ պետք է սովորեմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ինչի կապակցությամբ միայն ուրախ եմ:

– Դուք ինչպե՞ս կսահմանեք իրավունքը: Ինչո՞ւ է այն կարևոր:

– Իրավունքը հասարակության ինստիտուցիոնալ կարգի կարևորագույն բաղադրիչներից մեկն է, որը՝ որպես սոցիալական կյանքում հարաբերությունների կարգավորման պիտոյական ձև, ստեղծում է մարդկային հարաբերությունների փաստացի ձևեր, որոնք կազմում են իրավական իրականությունը։ Սա մի նոր իրականություն է, որ ածանցված է իրավունքի իրականությունից։ 

– Հիշո՞ւմ եք ուսանողական առաջին տարիները: Ի՞նչ խնդիրներ են ի հայտ եկել այդ շրջանում:

– Այո՛, հիշում եմ: Խնդիրներ, որպես այդպիսիք, իրականում չեն եղել: Եղել են դժվարություններ՝ պայմանավորված նոր, անծանոթ, որակապես այլ միջավայրում հայտնվելու հանգամանքով: Բնականաբար դրանք ինտեգրման արդյունքում հաղթահարվել են: Այդ հարցում մեծ են եղել նաև ֆակուլտետի դասախոսների ներդրումն ու կատարած աշխատանքը: Առհասարակ, համալսարանական անփոխարինելի տարիներն անջնջելի հետք են թողնում՝ ուսանողին նախապատրաստելով կյանքի տարբեր մարտահրավերներին:

– Իսկ առհասարակ ինչպե՞ս կբնութագրեք ուսանողական կյանքը ԵՊՀում: Ինչպիսի՞նն է այն:

– Իմ գնահատմամբ, ԵՊՀ-ում ուսանողական կյանքը բավականին ակտիվ է: Բուհում գործում են Ուսանողական գիտական ընկերությունը և Ուսանողական խորհուրդը, որոնք ապահովում են ուսանողների արտալսարանային հարուստ և բազմազան առօրյան: Դրանք տրամադրում են հարթակներ՝ կյանքի կոչելու նախաձեռնությունները, ծրագրերն ու միջոցառումները: Ի դեպ, վերջերս ՈՒԳԸ-Ն կազմակերպել էր միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողովը, ինչը ևս վկայում է ուսանողական կյանքի ակտիվության մասին:

– Գևո՛րգ, Դուք եղել եք Ձեր ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահը: Կպատմե՞ք այդ փորձառության մասին: Ի՞նչ հնարավորություններ են Ձեզ ընձեռվել:

– ՈՒԳԸ-ին սկսել եմ անդամակցել 2019 թվականի փետրվարից: Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ եմ ընտրվել 2021 թվականի փետրվարին: Գիտության ոլորտում առաջին քայլերս կատարել եմ հենց այս կառույցում: Որպես ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ՝ գործունեություն ծավալելիս ձեռք եմ բերել անձնակազմի հետ աշխատելու, աշխատանքի բաժանում կատարելու, համակարգելու հմտություններ: Բացի դրանից՝ մեծ պատիվ ու պատասխանատվություն է, երբ քո աշխատանքով փոքր-ինչ նպաստում ես ուսանողության գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը: Ի պաշտոնե եղել եմ նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ, ինչը մեծագույն պատիվ է ինձ համար:

– Խոսենք ֆակուլտետի մատուցած կրթական ծառայության մասին: Ինչպե՞ս կգնահատեք այն:

– ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը Հայաստանի կրթական կայացած հաստատություններից է։ Այն իրականացնում է կրթական ծրագրեր, որոնք ներառում են հետազոտական բաղադրիչ, ինչն էլ ուսումնառությունը դարձնում է հետազոտամետ:

Ֆակուլտետում ստացած կրթությունն ուսանողների շրջանում ձևավորում է համակարգային մտածողություն, ինչն իրավաբանի համար չափազանց կարևոր է:

Պայմանավորված հասարակական հարաբերությունների պերմանենտ բնույթով՝ ֆակուլտետը արտասահմանյան լավագույն փորձի հաշվառմամբ մշտապես վերամշակում է առկա կրթական ծրագրերը, մշակում նորերը, ինչի արդյունքում էլ պատրաստում է հանրապետության լավագույն իրավաբաններին:

Գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ուսանողների համար ֆակուլտետը ստեղծում է նպաստավոր բոլոր պայմանները, դասախոսներն էլ միշտ պատրաստակամ են օժանդակելու այս հարցում։ Նաև այս հանգամանքի շնորհիվ է, որ այժմ ունեմ ԲՈԿ-ի համար ընդունելի գիտական պարբերականներում քսանից ավելի տպագրված գիտական հոդված։

– Կրթություն ստանալուն զուգահեռ Դուք աշխատանքային գործունեություն եք ծավալել նաև իրավաբանական տարբեր կառույցներում: Այժմ էլ աշխատում եք պետական կառավարման համակարգում: Դժվար չէ՞ ուսումը համատեղել աշխատանքի հետ:

– Ֆակուլտետի օժանդակությամբ կրթությանը զուգահեռ մասնագիտական պրակտիկա եմ անցել Վճռաբեկ դատարանում, Գլխավոր դատախազությունում, Երևան քաղաքի դատախազությունում, Արդարադատության նախարարությունում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում։ Շուրջ մեկ տարի աշխատել եմ ՀՀ արդարադատության ակադեմիայում։ Ներկայումս զբաղեցնում եմ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ռեֆերենտի պաշտոնը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե դժվար չէ՞ արդյոք ուսմանը զուգահեռ աշխատել, պետք է ասեմ, որ գուցե ֆիզիկապես դժվար է, սակայն մասնագիտական առումով՝ ոչ. ֆակուլտետում ստացած իրապես որակյալ կրթության շնորհիվ մասնագիտական տեսանկյունից դժվարություններ գրեթե չեն լինում։ Այժմ աշխատում եմ մագիստրոսական թեզի վրա, իսկ ներկայիս աշխատանքս օգնում է հետազոտություն կատարելու հարցում։

– Գևո՛րգ, առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

– Ծրագրեր շատ կան։ Դրանց շարքում ամենակարևորներից է հանրապետությունում աշակերտների շրջանում իրավական կրթության իրականացումը։ Օրերս ընկերներով հիմնադրել ենք հասարակական կազմակերպություն՝ «Իրավական ասպեկտ» անունով։ ՀԿ-ի միջոցով Հայաստանի և Արցախի դպրոցներում իրականացնելու ենք իրավական դասընթացներ։

– Իսկ ի՞նչ երազանքներ ունեք:

– Երազանքներով չեմ ապրում։ Իմ կյանքում ունեմ հստակ նպատակներ, որոնց նվաճման ուղղությամբ անում եմ առավելագույնը։ Այս պահին նպատակներից ամենակարևորը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա ընդունվելն է, ավելի երկարաժամկետ հեռանկարում՝ կայացած գիտնական դառնալը, կարիերայում առաջընթաց գրանցելն ու նոր բարձունքներ նվաճելը։

– Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր դեռ նոր պետք է ընդունվեն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ:

– Նրանց, ովքեր որոշել են որպես մասնագիտություն և առաքելություն ընտրել իրավագիտությունը, խորհուրդ կտամ միանշանակ ընտրել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ Սովորելով Մայր բուհի հնագույն և կրթական ու գիտական ավանդույթներով հարուստ ֆակուլտետում՝ դուք հնարավորություն կունենաք ստանալու որակյալ կրթություն, ապագայում ունենալու հեղինակավոր աշխատանք։

ԵՊՀ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930