Լրահոս
Օրվա լրահոսը

Թյուրքական խորհրդի ձեւավորման հիմնական նպատակն Արցախի տարածքները զավթելը եւ Նախիջեւանով դեպի Կասպից ծով ելքի ապահովումն է․ «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 13,2021 12:24

Արցախի Հանրապետության դեմ հրահրված ագրեսիան ամբողջովին տեղավորվում է մեծ Թուրան կառուցելու տեսլականի մեջ, եւ լիովին օրինաչափ էր, որ 44-օրյա պատերազմը հրահրեց եւ դրանում անմիջականորեն ներգրավվեց պանթյուրքիզմի գաղափարախոսության վերակենդանացնողը՝ Էրդողանը:

Այսօր պաշտոնական Անկարան առանձնապես չի էլ ցանկանում քողարկել այդ հանցավոր գործողությունների հեղինակը լինելու փաստը: Արցախյան երրորդ պատերազմից մեկ տարի անց համարելով, որ «հաղթահարված» է Էրդողանի երազանքի իրականացման հերթական խոչընդոտը, Անկարան երեկ հրավիրել էր «Թյուրքական աշխարհ. 2040» խորագրով թյուրքական խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարների գագաթնաժողովը: Գագաթնաժողովի նախօրեին անցկացված համաժողովի ժամանակ Մեւլյութ Չավուշօղլուն, ակնարկելով արցախյան պատերազմը, շեշտել է, որ դեպի Կասպից ծով ընդլայնման հարցը լուծված է:

«Կասպից ծովով անցումն այս գործում զգալի ներդրում կունենա: Դրանից առավելագույն օգուտ քաղելու համար մենք պետք է ավելի ազատականացնենք մեր երկրների միջեւ առեւտուրը»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը՝ կարեւորելով թյուրքական երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդումը: Այդ տեսանկյունից Չավուշօղլուն ընդգծել է բեռնափոխադրումների եւ լոգիստիկայի ոլորտներում համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը եւ թյուրքական խորհրդի անդամ երկրներին հորդորել որքան հնարավոր է շուտ ստորագրել «Միջազգային բեռնափոխադրումների պայմանագիրը»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի ելույթից պարզ է դառնում, որ դեպի պանթյուրքիզմ ճանապարհին Անկարան սկսում է նոր փուլ՝ ավելի գործնական ծրագրերով, ինչը փաստում է, որ հետխորհրդային ժամանակահատվածում թյուրքական մեծ տարածքի ձեւավորմանը խոչընդոտում էին հիմնականում Արցախի Հանրապետության հարավային տարածքները:

Համաժողովում Չավուշօղլուն հայտնել է, որ թյուրքական խորհրդի գագաթնաժողովի ընթացքում ընդունվելու է «Թյուրքական աշխարհ. 2040» հայեցակարգը, եւ դրանում տեղ գտած նպատակներն իրագործելու համար ընդունվելու է նաեւ քայլերի կիրարկման 5-ամյա ծրագրի մասին փաստաթուղթ: Համաժողովում առաջարկվել է առաջին նման փաստաթուղթն ընդունել արդեն 2022 թ. առաջին եռամսյակում: Այսօր միանշանակ կարելի է ասել, որ թյուրքական խորհրդի ձեւավորման հիմնական նպատակն Արցախի տարածքները զավթելը եւ Նախիջեւանով` Արաքսի հովտով դեպի Կասպից ծով ելքի ապահովումն է:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930