Լրահոս
Օրվա լրահոսը

Համաճարակաբան. Ստեղծված իրավիճակը ռազմավարական մոտեցման բացակայությունից է․ «Փաստ»

Նոյեմբեր 13,2021 11:35

Հայաստանում գրեթե ամեն օր կորոնավիրուսի տարածման ու հատկապես վարակից մահացության դեպքերի հակառեկորդներ են գրանցվում: Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի դիտարկմամբ, այսօր ստեղծված իրավիճակը ռազմավարական մոտեցման բացակայությունն է, ինչը մեր երկրում ակնհայտ էր դեռ համաճարակի տարածման սկզբից:

«Խոսքը կոմպլեքս խնդրի մասին է, և այդ տեսանկյունից հնարավոր չէ ասել, որ, օրինակ՝ մի հանգամանքի պատճառով է նման իրավիճակ ստեղծվել: Տարբեր ոլորտներում և ուղղություններում ձախողում է եղել: Սպասվող իրավիճակի տեսանկյունից կանխատեսումները հստակ չեն եղել: Իսկ եթե անգամ կանխատեսումներ են եղել, ապա պրոակտիվ աշխատանք չի կատարվել: Չենք նախապատրաստվել նման զարգացումներին, դրա համար էլ այսօր նման իրավիճակում ենք: Խոսքը և՛ պատվաստման գործընթացի, և՛ բուժման կազմակերպման, և՛ թեստավորման կազմակերպման, և՛ վաղ ախտորոշման, և՛ թե ամբուլատոր բուժման խնդրի մասին է: Օրինակ՝ հիմա քարոզչությունը տարվում է այն ուղղությամբ, որ միայն պատվաստումն է փրկելու մահերից, բայց դա միակ գործոնը չէ: Մահացությունը կախված է նաև այն հանգամանքից, թե որքան շուտ կհայտնաբերվի վարակը, որքան շուտ կսկսվի պատշաճ բուժումը, տնային ճիշտ բուժում կիրականացվի, թե ոչ: Այս ամենը հաշվի առնելու արդյունքում քիչ մարդ կհոսպիտալացվի»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Է. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ ամենն իր դրական շղթայական ազդեցությունը կունենա:

«Մասնավորապես, հիվանդանոցները քիչ ծանրաբեռնվածություն կունենան, ըստ դրա, նաև ավելի որակով բուժում կիրականացվի և ավելի քիչ մարդ կմահանա: Ընդհանուր առմամբ, գործ ունենք բազմակողմանի խնդրի հետ՝ տարբեր ուղղությունների ձախողումներով: Մասնավորապես՝ սկսած կանխարգելումից մինչև բուժում և պատվաստում: Հիմնականում խնդիրը կազմակերպչական հարցերն ու հատկապես մենեջմենթն է: Պետք է գաղափար ունենալ մենեջմենթից, որ, օրինակ՝ իրավիճակ գնահատելու համար ճիշտ աշխատանքային խմբեր ստեղծվեն, այդ գնահատման հիման վրա ռազմավարություն մշակեն, հետո կառավարեն գործընթացները և այդպես շարունակ: Դա բավականին մեծ ու լուրջ աշխատանք է, որը, սակայն, չեն պատկերացրել, չգիտեն՝ ինչ է պետք իրականացնել, ու քայլեր չեն ձեռնարկել»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ այս փուլում ևս որոշումներն ու քայլերը միայն խորացնում են իրավիճակը: «Օրինակ՝ հոկտեմբերի 1-ից գործող որոշումը միայն ու միայն իրավիճակը վատթարացնող է, որովհետև, միևնույնն է, մեզ մոտ ռիսկի գոտում գտնվողներին, խոցելի խմբերին պատվաստելը առաջնահերթություն չէ: Պատվաստում են երիտասարդներին, որոնց դեպքում հոսպիտալացումը ցածր տոկոս է կազմում: Նրանք ոտքի վրա են տանելու հիվանդությունը, և մի քիչ շատ, մի քիչ քիչ, բայց վարակը տարածվում է ու հասնում իրենց տներ, տան մեծահասակներին, որոնք, իրենց կարծիքով, տներում ապահով նստած են: Հենց սա է նաև մահացության նման բարձր ցուցանիշի հետևանքը»,-ասաց նա՝ այս համատեքստում շեշտելով, որ պատվաստումը չի ապահովագրում վարակվելուց, բայց հնարավոր է դարձնում խուսափել ծանր ընթացքից ու մահվանից:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930