Լրահոս
Օրվա լրահոսը

Քահանա․ «Պատշաճ վերաբերմունքը եկեղեցական մեծ տոների հանդեպ ոչ մի կերպ չի խանգարի տնտեսությանը»․ «Ազգ»

Նոյեմբեր 13,2021 09:20

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկին:

Գործադիրն առաջարկում է հունվարի 2-ը, 3, 4,5, 7-ը դարձնել աշխատանքային: Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է զարգացած եւ առավել եւս զարգացող երկրներում ընդունված ոչ աշխատանքային օրերի թվին:

Փորձագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի դիտարկմամբ, մարդու հանգստի որակից է կախված նրա աշխատանքի արդյունավետությունը. վատ հանգստացավ՝ վատ էլ կաշխատի: Վերջին տարիներին, ըստ Միքայելյանի, Հայաստանում ձեռնպահ են մնում դեկտեմբերյան անսահման առեւտրից: Նա ուսումնասիրել է վերջին տարիների նոյեմբերից-հունվար ապրանքների սպառման ծավալները եւ ասում է` մարդիկ ավելի չափավոր են դարձել մթերքներ պահեստավորելու հարցում, գերադասում են հանգստի օրերը ծախսել հանգստի վրա:

Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Սուսաննա Սաֆարյանի կարծիքով` ամանորյա ոչ աշխատանքային օրերի կրճատման որոշումն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր, բայց եւ այնպես կարելի էր եւս մեկ տարով հետաձգել որոշումը, քանի որ համավարակի պատճառով ունենք զբոսաշրջության տուժած ոլորտ:

Ըստ Տեր Եսայի քահանայի, Ամանորի ընթացքում եկեղեցական տոները ոչ մի կերպ չեն խանգարի տնտեսությանը, նրա խոսքով՝ վերոհիշյալ տոների խորհրդի մեջ արտացոլված է մեր ազգային մշակույթը, մեր հոգեւոր զգացումներն ու ապրումները:

«Տնտեսագետները գուցե հաշվեն, թե Մեռելոցի կամ Ճրագալույցի տոները ոչ աշխատանքային հայտարարելով` որքան ֆինանսական կորուստներ կլինեն տնտեսության մեջ, բայց կարծում եմ, որ պատշաճ վերաբերմունքը եկեղեցական մեծ տոների հանդեպ, մանավանդ եթե խոսքը Տաղավար տոնի մասին է, ոչ մի կերպ չի խանգարի տնտեսությանը»,- ասաց քահանան:

Մայր աթոռի եկեղեցական ժողովը դիմել է Ազգային ժողովին` առաջարկելով ոչ աշխատանքային դարձնել նաեւ հունվարի 5-ն ու հունվարի 7-ը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախագծի զեկուցողն էր, անդրադարձավ Մայր Աթոռի՝ հունվարի 5-ը եւ 7-ը ոչ աշխատանքային պահելու առաջարկին, ասելով. «Եկեղեցին եւ պետությունն անջատ են գործում: Եթե Մայր աթոռը առաջարկում է ավելացնել հանգստյան օրերի քանակը, ապա թող նաեւ առաջարկի դրա հետ մեկտեղ չնշել դեկտեմբերի 31-ը եւ հունվարի 1-ը, որոնք որեւէ հոգեւոր նշանակություն չունեցող օրեր են»:

Հասմիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930