Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր մենք ունենք դեակտիվացված Հայաստան»

Նոյեմբեր 13,2021 15:00

«Կգա ժամանակը եւ ես շատ ավելի բաց կխոսեմ, թե այսօր մանդատը սիրով իր ծոցագրպանը դրած ընդդիմադիրներից ով եւ ինչպես էր մեզ ամոթանք տալիս, որ մենք պղծում ենք Եռաբլուրը, երբ պատերազմից հետո կառավարության հետ հարց ու պատասխանին Նիկոլի հետ գտնվում ենք նույն դահլիճում եւ ամբիոնը չենք տալիս գլխին, կամ՝ տեղում չենք գնդակահարում Նիկոլին». «Առավոտի» զրուցակիցն է նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

– Արդեն մեկ օր Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետեր են դրված եւ այդ լուրը հպարտությամբ ավետեց ՀՀ ԱԽ քարտուղարը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանի խայտառակ պարտության ամրագրման օրը: Ստացվում է, սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը ընթացքի մեջ է եւ դարձյալ գաղտնիության քողի տակ: Ինչպե՞ս կգնահատեք կատարվողը:

– Այն, որ Արցախի, կամ՝ ավելի ճիշտ, այն, ինչ մնացել է Արցախից եւ Հայաստանի ճակատագիրը այլեւս մենք չենք որոշում՝ դա փաստ է։ Մեզ պարզապես պոստ-ֆակտում տեղեկացնում են մեր մասին կայացրած որոշումներին։ Ես զարմանում եմ, որ գիշերվանից մի անհասկանալի աղմուկ է բարձրացել՝ Գորիս-Կապան ճանապարհին տեղադրված ադրբեջանական մաքսակետի մասով։ Որ ադրբեջանցիները էդտեղ պոստ էին դնում ու վերահսկում էին Գորիս-Կապան ճանապարհով անցնող մեքենաները, էդ ժամանակ հասկանալի չէ՞ր, որ հաջորդ քայլը լինելու է պաշտոնապես մաքսակետ տեղադրելը։ Որ արցախցի երեխաներ տեղափոխող մեքենան կանգնեցնում եւ երեխաներին ահաբեկում էին ու ի պատիվ երեխաների՝ իրենք շատ ավելի արժանապատիվ իրենց պահեցին, քան բազմաթիվ ֆիդայական բեղերով տղամարդիկ, պարզ չէ՞ր, որ ինչ-որ պահի այլեւս պաշտոնապես մաքսակետ են դնելու։ Ինձ զարմացնում է քաղաքական դաշտի էս լալահառաչ դեմագոգիան՝ ոչինչ չանել, տանը նստած, կամ ԱԺ ամբիոնից կակոֆոնիա՝ այսինքն՝ անիմաստ, անհոդաբաշխ աղմուկ բարձրացնել, երբ ստվերային բոլոր պայմանավորվածությունները հստակ ժամանակացույցով գնում են եւ չկա որեւէ քաղաքական կենդանի մարմին, որը կարողանա էդ ամենը կասեցնել, կամ՝ առնվազն տեղեկանալ, թե ի՞նչ է սպասվում Հայաստանին։ Իրականությունն այն է, որ մենք այլեւս ունենք դեակտիվացված Հայաստան։

– ԵԽԽՎ Հայաստանի պարտավորությունների եւ հանձնառությունների մոնիտորինգի գծով համազեկուցողների հայտարարության համաձայն, Հայաստանը հաջողությամբ դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում իր պարտության հետեւանքով առաջացած լուրջ քաղաքական ճգնաժամից: Համազեկուցողները փոքր խնդիր են դիտարկել վիրավորանքի քրեականացման մասով, բայց ոչ թե իշխանավորներին ապահովագրելու եւ ետքայլի, այլ պատերազմից հետո ատելության խոսքի եւ ապատեղեկատվության տարածման համատեքստում: Արձանագրվում է նաեւ դատական համակարգի նկատմամբ անվստահություն, սակայն, 2018-ից հետո այդ համակարգում արված հետքայլերի մասին որեւէ հիշատակություն չկա: Ինչո՞վ բացատրել համազեկուցողների՝ երկակի ստանդարտներին հավատարիմ մնալու մղումը:

– Շատ պարզ՝ ես ինքս, պարբերաբար շփվում եմ համազեկուցողների, եվրոպական տարբեր ինստիտուտների հետ։ Նրանց համար կա մեկ հստակ չափորոշիչ՝ դա հունիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն են, որոնց արդյունքում 680 հազար քաղաքացի գնաց եւ իր հպարտ ձայնը տվեց Նիկոլ Փաշինյանին։ Միջազգային հանրության համար կա նաեւ երկրորդ հիմնավոր ազդակը՝ համարելու ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված՝ երբ ընդդիմությունը վերցրեց մանդատները եւ հիմա իշխանություն- ընդդիմություն, ինչպես բոլոր եվրոպական քաղաքակիրթ երկրներում է՝ խորհրդարանում սիրուն աշխատում են։ Դե, բնականաբար, «Նոյի» կամ «Բյուրեղի» շիշ շպրտելն էլ խորհրդարանական աշխատանքի ստեղծագործական ատրիբուտիկայի մաս է։ Վերջերս եվրոպական խիստ ժողովրդավար երկրներից մեկի խորհրդարանում էլ իրար վրա էսպրեսո էին շպրտել՝ հետո ի՞նչ։ Ջուրը ավելի անվնաս է։ Ուստիեւ՝ ես համազեկուցողներին չեմ մեղադրում. կա՛ ընտրության արդյունք, կա՛ ժողովրդի տված քվե եւ կա՛ ընդդիմություն, որը, օրինակ, ի տարբերություն վրացական ընդդիմության հիմնական մասի, որը մեկ տարուց ավելի է՝ բոյկոտում է եւ չի մտնում խորհրդարան, իսկ երեկ իմ վրաց գործընկերները տեղեկացրեցին, որ այս պահին քննարկում են մանդատները վայր դնելու հարցը, հայաստանյան ընդդիմությունը գնաց խորհրդարան եւ միջազգային հանրության համար լեգիտիմացրեց հետպատերազմյան գործընթացը՝ ներքաղաքական ճգնաժամը համարելով ավարտված։ Սա քաղաքագիտական աքսիոմ է։ Ամեն ինչ շատ պարզ է եւ համազեկուցողներին ծախված լինելու մեջ մեղադրելը պլինդուսի մակարդակի զրույցներն են։ Իրենք աշխատում են կոնկրետ փաստերի հետ՝ եւ վերջ։

– Այս զարգացումների ֆոնին Հայոց ցեղասպանության մասին հիշելու, այդ հարցում պահանջատեր լինելու շքերթ է սկսվել Անգլիայում, Իսրայելում, երկրներ, որոնք ավանդաբար Թուրքիայի բարեկամներն են եւ լոբբիստները: Սա ինչպե՞ս կգնահատեք:

– Եկեք արձանագրենք կարեւորագույն մեկ փաստ՝ Ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսել են Միացյալ Նահանգաների երկու հիմնական ռազմավարական դաշնակիցները՝ Մեծ Բրիտանիան եւ Իսրայելը։ Էստեղ կարող է երկու դիտարկում լինել՝ քանի որ Արցախի հարցն իրենց համար այլեւս փակված խնդիր է եւ իրենք ողջունել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը եւ ըստ այդմ՝ որոշել են հետեւել իրենց հիմնական ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ի օրինակին, կամ՝ Էրդողանից դեռ ինչ-որ բան ունեն ստանալու եւ սա ընդամենը թեթեւ շանտաժ է։ Չնայած, ես հակված եմ առաջին տարբերակին, քանզի գիտեմ, որ Բրիտանիայի խորհրդարանում Ցեղասպանության ճանաչման երկրորդ ընթերցումը նախատեսված է մարտ ամսին եւ վճռական են այն ընդունելու հարցում։

– Իսկ ներքաղաքական կյանքում կրկին հանրահավաքային ակտիվություն է. արդեն խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը նաեւ փողոցային պայքար է սկսել ու տպավորություն է, որ «կռվից հետո՝ կամավոր» սկզբունքի հետ գործ ունենք՝ նաեւ վերջին մեկ տարվա իրադարձությունների համատեքստում:

– Կարծում եմ՝ հետեւել եք հանրահավաքին, ուստի թույլ տվեք այդ հանրահավաքի մասին ոչինչ չասել։ Փողոցային պայքար, երբ խորհրդարանում Նիկոլի թիմի հետ նստում ու գրահրատարակչության ոլորտի հարցեր ես քննարկում, երբ ասում ես՝ դավաճան, հողատու, ի դեպ, հիմա արդեն չեն էլ ասում ու հետը գույքահարկի հարց են քննարկում, նման պայքարի արդյունքն ի սկզբանե կանխորոշված է եւ դուք էլ դա ինձանից լավ գիտեք։ Ասել եմ եւ կրկնում եմ՝ ընդդիմությունը տոտալ փակուղու մեջ է, չգիտեն ինչ անել եւ փորձում են փակուղին հաղթահարել քայլերով, որոնք, ցավոք, ավելի տխուր են դարձնում իրավիճակը։ Եվ մի քանիսի իրապես ազնիվ մղումները՝ Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի եւ եւս մեկ-երկուսի, ցավոք, իրավիճակ չեն փրկելու։

– Ի դեպ, մեկ տարի առաջ, երբ 17-ի շարժումը սկսվեց, Դուք շարժման քաղաքական խորհրդի համակարգող խմբում էինք եւ եթե ճիշտ եմ հիշում, ասում էիք, որ ձեր գործընկերները փակ քննարկումների ժամանակ ամոթանք են տալիս ձեզ, անբարոյական էին համարում, որ խորհրդարանական ընդդիմությունը թույլ է տալիս, որ պատերազմի նման խայտառակ արդյունքից հետո, ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն, թույլ եք տալիս Նիկոլ Փաշինյանին մտնել խորհրդարան: Հիմա ինչպե՞ս կգնահատեք այդ նույն՝ արդեն խորհրդարանական ընդդիմադիրների կեցվածքը ԱԺ-ում:

– Կգա ժամանակը եւ ես շատ ավելի բաց կխոսեմ, թե այսօր մանդատը սիրով իր ծոցագրպանը դրած ընդդիմադիրներից ով եւ ինչպես էր մեզ ամոթանք տալիս, որ մենք պղծում ենք Եռաբլուրը, երբ պատերազմից հետո կառավարության հետ հարց ու պատասխանին Նիկոլի հետ գտնվում ենք նույն դահլիճում եւ ամբիոնը չենք տալիս գլխին, կամ՝ տեղում չենք գնդակահարում Նիկոլին, ու մեզ առաջարկում էին Նիկոլին դահլիճից դուրս հանելու մի շարք տարբերակներ՝ գրավել ամբիոնը, թույլ չտալ, որ մտնի ԱԺ շենք եւ էլի մի շարք հերոսական ակցիաներ։ Ես այդ ամենը փոխանցում էի ԲՀԿ քաղաքական խորհրդին ու ասում էի՝ իրենք ճիշտ են։ Հիմա ի՞նչ են անում իրենք՝ խելոք նստած՝ Նիկոլին հարց են տալիս ու խելոք լսում են Նիկոլի պատասխանները։

Եվ, ի դեպ, գիտե՞ք որն է ամենավատը, երբ նույն այդ մարդիկ ժամանակին էնտուզիազմով քննադատում էին Նիկոլի զոմբիներին, բայց մենք տեսնում ենք, թե իրենց զոմբիները, որոնք, ի դեպ, հասարակ ժողովուրդը չեն, այլ հիմնականում մանդատավորներն ու իրենց գրասենյակի աշխատակիցները, որքան ավելի անհանդուրժող ու ագրեսիվ են հակառակ կարծիքի հանդեպ։ Իրենք էլ գիտեն, որ տոտալ փակուղու մեջ են, բայց դե, ինչպես ինձ նախօրեին ասաց իրենցից մեկը՝ բա ի՞նչ անենք, մի գործ պիտի՞ ցույց տանք։ Դե, թող գործի իմիտացիա անեն, մենք իրենց չենք խանգարելու, բայց եւ չենք լռելու, որովհետեւ ես իրենց հավատացել եմ, ես իրենց ձայն եմ տվել եւ ես լինելու եմ պահանջատեր։ Իսկ զուգահեռաբար արդեն իսկ ձեւավորվում են տարբեր շարժումներ, որոնք վստահաբեր ֆեյք ընդդիմադիրներ չեն լինելու։

– Ձեզ եւ ձեր գործընկերներին շատ հաճախ մեղադրում են, որ քննդատելով ընդդիմությանը՝ ջուր եք լցնում Նիկոլի ջրաղացին։

– Նիկոլի հետ գտնվելով նույն խորհրդարանում՝ իրենք արդեն ամենամեծ լողավազանն են լցնում Նիկոլի ջրաղացին։ Եվ ի վերջո, ովքե՞ր են էդ քննդատողները՝ խորհրդարանում նստած՝ դոլարային միլիոնատեր ընդդիմադիրնե՞րը։ Կա տիեզերական արդարության ոսկե կանոն՝ աղքատ երկրում միլիոնատեր ընդդիմություն չի լինում։ Իսկ եթե լինում է, էդ ընդդիմությունը լինում է ամենախոցելին։ Մնացածի մասին՝ հաջորդ դասին։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
12.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930