Այս տարվա հոկտեմբերին զգալի գնաճ է արձանագրվել
Վերջին եռամսյակում հանրապետությունում առաջին անհրաժեշտության գրեթե ոչ մի ապրանքատեսակ կամ ծառայություն չի էժանացել, հակառակը՝ կան ապրանքներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ տասնյակ տոկոսներով թանկացել են: Այնպիսի ապրանքների կամ ծառայությունների գներն էլ, եթե նվազել են, ապա դրանք քաղաքացիների համար առաջնային չեն: Ընդ որում, այս տարվա առաջին տասը ամիսների ընթացքում, հոկտեմբերին գներն ավելի են բարձրացել: Էական գնաճ է արձանագրվել սննդամթերքի շուկայում: Ընդհանուր առմամբ սնունդը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատությամբ թանկացել է 14,6 տոկոսով: 10,4 տոկոսով թանկացել է հացաբուլկեղենը, 13,2 տոկոսով բրինձը, 9,6 տոկոսով ալյուրը եւ ձավարեղենը, 11 տոկոսով հացը, 34,3 տոկոսով թարմ եւ պաղեցրած խոզի միսը, 15,2 տոկոսով թռչնամիսը, 36,1 տոկոսով թարմ ու պաղեցրած ձուկը, 11,7 տոկոսով կաթնամթերքը, պանիրը եւ ձուն, 8,2 տոկոսով կաթնաշոռը, 23,6 տոկոսով յուղերը եւ ճարպերը, 14,4 տոկոսով առաջին անհրաժեշտության ապրանք կարագը, 69,3 տոկոսով բանջարեղենը, 78,2 տոկոսով՝ թարմ կամ պաղեցրած տերեւավորներ, ցողունավորներ եւ արմատապտուղներ ունեցող բանջարեղենը: Շաքարը թանկացել է 20,3 տոկոսով: 8,9 տոկոսով էլ աճել են մրգախյուսերի գները:
Նշենք, որ սպառողական գների ինդեքսը հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Ըստ նույն աղբյուրի, չորացրած բանջարեղենի, այլ պահածոների եւ մշակված բանջարեղենի գները աճել են 11,4 տոկոսով: Շոկոլադեղենը նույնպես 11,2 տոկոսով թանկացել է: Հրուշակեղենի գները 11,3 տոկոսով են աճել: 9,4 տոկոսով մանկական սննդի թանկացում է եղել: Սուրճի գները նույնպես աճել են: Նախորդ տարվա հոկտեմբերի համեմատությամբ սուրճը, թեյը եւ կակաոն թանկացել են 7,3 տոկոսով: 6,2 տոկոսով թանկացել են զովացուցիչ ըմպելիքները:
Ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային ապրանքատեսակներն, ընդհանուր առմամբ, 9,7 տոկոսով են թանկացել: Հագուստն ու կոշիկն էլ՝ 11,7 տոկոսով: Ի դեպ տղամարդկանց հագուստն ավելի շատ է թանկացել քան՝ կանանցը: 13,2 տոկոսով տղամարդկանց հագուստի գինն է բարձրացել, 11,5 տոկոսով՝ կանանց հագուստեղենի գինը:
Համատարած թանկացումների ֆոնին, 4,2 տոկոսով ավելացել են նաեւ հագուստի մաքրման, նորոգման եւ վարձույթի ծառայությունների գները:
Կարդացեք նաև
Կոշկեղենը 10,4 տոկոսով է թանկացել: Այս դեպքում էլ տղամարդկանց կոշիկներն ավելի թանկ են, քան՝ կանանցը: Բայց առավել բարձրացել է մանկական կոշիկների արժեքը: Նախորդ տարվա հոկտեմբերի համեմատությամբ մանկական կոշիկները թանկացել են 18,3 տոկոսով:
Ինչպես տեղեկանում ենք կոմիտեի հրապարակած ցանկից, 5,5 տոկոսով էլ աճել են վարձով տրվող բնակարանների գները: 2,9 տոկոսով թանկացել են նաեւ բնակարանի նորոգման եւ սպասարկման համար նախատեսված նյութերը: Բնակարանի նորոգման եւ սպասարկման ծառայություններն էլ՝ 1,8 տոկոսով:
Դեղագործական ապրանքների, բժշկական սարքավորումների ու սարքերի շուկայում նույնպես գնաճ է արձանագրվել: Դեղագործական ապրանքները 10,9 տոկոսով են թանկացել: Բժիշկների ծառայությունները՝ 6,7 տոկոսով: Ստոմատոլոգիական ծառայություններն էլ՝ 2,1 տոկոսով:
Բայց, ըստ կոմիտեի տվյալների, 2,6 տոկոսով էժանացել են բժշկական հետազոտական լաբորատորիաների եւ ռենտգեն կաբինետների ծառայությունները: Տեղեկանում ենք նաեւ, որ 8,4 տոկոսով թանկացել են տրանսպորտային ծառայությունները: Նոր եւ գործածված ավտոմեքենաների գները եւս բարձրացել են: Ընդ որում օգտագործված ավտոմեքենաներն ավելի են թանկացել՝ 8,8 տոկոս, նորերը, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատությամբ, 4,9 տոկոսով են թանկացել:
4,4 տոկոսով բարձրացել է անվադողերի արժեքը:
Զգալի՝ 43, 2 տոկոսով բարձրացել է դիզելային վառելիքի գինը: 44,1 տոկոսով էլ՝ բենզինն է թանկացել:
Զգալի՝ 80,4 տոկոսով աճել են փոստային ծառայությունների գները, փոստային առաքումներինն էլ՝ 317,3 տոկոսով:
Օդային տրանսպորտի միջազգային չվերթներ իրականացնող ծառայությունները թանկացել են 9,6 տոկոսով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.11.2021