Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր այս հայերը որ իրենց տունը չքանդեն, ոչ ոք չի քանդի». Կարեն Դեմիրճյան

Նոյեմբեր 13,2021 14:00

Պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, ՀՀ ԱԺ նախագահ, Հայաստանի Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի խմբագրմամբ «Արարման հետագծեր… անջնջելի» գիրքը այլեւս մեր սեղանին է:

«Սիրելի ընթերցող, այս գիրքը նախապատրաստելիս պահանջվեցին բծախնդիր եւ ջանադիր աշխատանքի երկար տարիներ: Արդեն խունացած, ժամանակի փոշով ծածկված արխիվային նյութերը երեք տասնամյակից ավելի սպասում էին իրենց վերծանողին: Հապճեպ սղագրված արձանագրությունները տարընթերցումներից ապահովագրելու համար հաճախ անհրաժեշտ է եղել համադրել տարբեր կարծիքներ եւ մոտեցումներ՝ գտնելու հնչած խոսքի ճիշտ տարբերակը: Հին ու վաղուց արտադրությունից դուրս եկած տեխնիկայի կիրառմամբ, տեղ-տեղ վնասված ժապավենների ընթերցումը միշտ չէ, որ հնարավորություն էր տալիս ներկայացնել նյութի ամբողջական ու լիարժեք պատկերը: Մի առանձին բարդություն էր ատաջացնում հանդիպումների մասնակիցների տվյալների ճշգրտումը, հատկապես որ արձանագրություններում դրանք նշված էին այնպես, ինչպես հնչեցրել էր երկրի ղեկավարը: Իսկ Կարեն Դեմիրճյանը շատերին գիտեր անձնապես ու մտերմաբար դիմում էր ոչ միայն անունով, այլ անվան այն ձեւափոխմամբ, որ հայտնի էր նրանցից յուրաքանչյուրի նեղ շրջապատում»,-առաջաբանում ներկայացնելով գիրքը՝ նշել էին «Կարեն Դեմիրճյան հիմնադրամ»-ն ու համանուն թանգարանը:

Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսելով գրքում տեղ գտած բազմաթիվ նամակների մասին, որոնք հասցեագրվել են Կարեն Դեմիրճյանին նրա 14-ամյա կառավարման ժամանակահատվածում, գրել է. «Իհարկե, կան պրոբլեմատիկ (ինչպես ժամանակին էր ասվում) նամակներ, նաեւ բոլորս համոզված ենք, որ եղել են ու քննադատական, թերությունները, բացթողումները մատնանշող նամակներ, որոնք ուղարկվել են Մոսկվա՝ պոլիտբյուրո կամ Լենինի դամբարանին, բնականաբար այդ նամակները (հատկապես գորբաչովյան վերակառուցումից հետո) չեն ընդգրկվել այս գրքում, քանզի դրանք փոշոտվում են մոսկովյան արխիվներում: Համոզված եմ, եթե լինեին տիկին Ռիմայի ձեռքի տակ, դրանցից մի քանիսը նա կզետեղեր սույն հատորում… Նամակների բաժինը լավագույնս է շեշտում կուսակցական ղեկավարի մարդկային կերպարը»:

Գրքում տեղ են գտել ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի խոսքը, երկրի ղեկավարի՝ գրողների հետ հանդիպման բանավոր խոսքի ողջ սղագրությունը, կինեմատոգրաֆիստների հանդիպման համառոտագրությունը, Նկարիչների միության կուսակցական բյուրոյի նախագահության եւ սեկցիաների նախագահների, թատերական գործիչների հետ հանդիպումների արձանագրությունները:

Կինեմատոգրաֆիստները «խանդով» են վերաբերվել, որ իրենց հետ ուշ-ուշ է հանդիպում Կարեն Դեմիրճյանը, փոխարենը՝ գրողների, կոմպոզիտորների հետ շատ:

Ահավասիկ, այդ հանդիպումից մի հատված. «Հենրիկ Մալյան.-Դուք իրավացիորեն եք մեղադրում մեր Կինոմիությանը, Կինոկոմիտեի ղեկավարությանը իրենց գործունեության համար, բայց դուք չե՞ք համարում, որ նրանց ղեկավարն էլ Դուք եք: Եթե նրանք վատ են աշխատել, մեղքի մի մասն էլ ընկնում է ձեզ վրա: Այսպես շարունակում ենք ապրել:

Կարեն Դեմիրճյան.-Ուրեմն, ես է՞լ եմ մեղավոր:

Հենրիկ Մալյան.-Իհարկե:

Կարեն Դեմիրճյան.-Ապրես: Պետք է ապացուցես:

Հենրիկ Մալյան.-Կա այսպիսի առաջարկ, որ, եթե ես լինեի Ձեր տեղը, ես պետերին կնշանակեի այսպես՝ Սամսոնովին, Քալանթարին եւ Բալայանին նշանակել երեք պետ, երեքին էլ հանձնարարել այդ գործը, եթե չէին անի՝ երեքին էլ հանել:

Կարեն Դեմիրճյան.-Ես ընդունում եմ: Ասում եմ ընկեր Սամսոնով, Քալանթար եւ Բալայան, եթե կինոն վերջին երկու տարում լավ չեղավ, երեքիդ էլ հանելու եմ, բոլորի ներկայությամբ ասում եմ… Պետք է անել այնպիսի գործեր, որ, անկախ ամեն ինչից, մարդիկ հիացմունքով խոսեն»:

Գրողները Վարդգես Պետրոսյանի նախագահությամբ հանդիպել են երկրի ղեկավարին, հարցեր են տվել կաուչուկի գործարանից, տնտեսության հեռանկարներից, Կոսիգինի` Երեւան գալուց, Մեղրիի խնձորը փչանալու մասին մի հեռուստահաղորդումից, Աբովյանի «Սիրուս» գործարանից ու «Հայէլեկտրոյից», թթենիներից, Դեմիրճյանը դետալ-դետալ պատասխանել է:

Ատոմակայանի կառուցման մասին Դեմիրճյանի խոսքը «փակ դուռ բացելու» նման մի բան էր: Սիլվա Կապուտիկյանը ելույթ է ունենում, ասում, որ երկրի 24 ակադեմիկոսներ դեմ են արտահայտվել Երեւանից 30 կմ հեռավորության վրա ատոմակայան կառուցելուն: Մեր այս փոքր հողակտորը ատոմային ճառագայթման սպառնալիքից փրկելը բանաստեղծուհին համարում է փրկել մարդկային քաղաքակրթության օրրաններից մեկը:

Կարեն Դեմիրճյանի ամբողջական ելույթից մի հատված մեջբերեմ. «Այս պաշտոնը ստանձնելուց հետո ինձ մշտապես հուզել եւ այսօր էլ հուզում է, գիշեր-ցերեկ հանգիստ չի տալիս երկու հարց՝ մեկը Կիրովի գործարանի հարցը, մեկը՝ ատոմակայանի, ավելի ճիշտ՝ ատոմակայանի, ապա՝ կաուչուկի արտադրության: … Արդեն կառուցվում է, եւ ամեն միջոց մենք ձեռնարկեցինք, որպեսզի 1976-ին ատոմային էներգիա ստանանք… Այստեղ վեճ գնաց մյուս երկու հարեւանների միջեւ՝ մեկն ասում է՝ մեզ մոտ կառուցեք, մյուսը՝ թե մեզ մոտ… մեր ատոմակայանը դիտվում էր փորձնական ատոմակայան այն տեսակետից, որ սեյսմակայունության աստիճանը բարձրացվի: … Այդ վիճաբանությունը տեւեց շատ երկար, մոտ երկու-երեք տարի, Վրաստանո՞ւմ կառուցեն վեց միլիոնանոցը, թե՞ Ադրբեջանում: Հիմա թափոնների հարցը: Ես ձեզ ուզում եմ ավելի վախեցնել: Ատոմային կայանքի թափոններն ավելի քիչ են, քան մնացած թափոնները, որոնք առաջանում են ժողովրդական տնտեսության բնագավառում: Սկսած առողջապահությունից, մեր բոլոր ռենտգենյան ապարատներից, վերջացրած ֆիզիկայի լաբորատորիաներով: Հիմա գործարան չկա, որը սարքավորում չունենա՝ հիմնված տադիկատիվ էֆեկտի վրա… Մեր այս հայերը որ իրենց տունը չքանդեն, ոչ ոք չի քանդի: Սրանից որոշ ժամանակ առաջ այդ հայ կոչեցյալները, խելոք ու նախաձեռնություն ցույց տալու համար, առաջարկություն էին մտցնում, թե՝ բերեք ստեղծենք մի հատ մեծ գերեզմանոց եւ մեր ամբողջ թափոնները բերենք այնտեղ կուտակենք… մենք այստեղ գերեզմանոց ոչ ավելացնելու մտադրություն ունենք, ոչ առավել նորը կառուցելու»:

Առանձին բաժնով ներկայացված է Մարզահամերգային համալիրի հրդեհից հետո Կարեն Դեմիրճյանին հասցեագրված նամակները՝ բանվորից ճարտարապետ, ուսանողից թոշակառու… Սկսենք, հենց այս բաժնի նամակների ծաղկաքաղից, որը լավագույնս է բնորոշում «բռնատիրական» համակարգի ղեկավար-անհատ կապը, ղեկավար-քաղաքացի շփման յուրօրինակ պատուհան բացում: «Սիրելի Կարեն Դեմիրճյան, ամբողջ էությամբ կիսում եմ Ձեր մեծ վիշտը, Ձեր նման հայրենասերի եւ հայի համար շատ խորն է: Սակայն չեմ տարակուսում, որ Դուք կգտնեք ելքը մեր հոյակերտ կառույցը հնարավոր արագությամբ վերականգնելու…», «Ձեր թիկունքին կկանգնի ժողովուրդը, ի նշան երախտագիտության Ձեր հայրենանվեր գործերի», «Սրտանց միանում եւ ցավում եմ պատահածի համար, մեր հիասքանչ համալիրի հրդեհման կապակցությամբ: Խնդրում եմ Ձեր թույլտվությունը, որպեսզի մեր գործարանի աշխատակիցները օգնեն թե դրամական, թե անձնական աշխատանքով, որպեսզի կարճ ժամանակում վերականգնվի կորցրածը: Հենց լուսավորության տելեսկոպները պատրաստել եմ ես, որի համար շատ եմ ցավում…», «Անմիջապես մեկնեցի Երեւան…վերադարձա սգվորի նման…ամբողջ մեր կոլեկտիվը շրջապատեց ինձ, ցավով ու կսկիծով պատմեցի եղելությունը: Բոլորը հուզված էին ու տխուր, մի մասն էլ արտասվում էր: Այդ պահին ծնվեց մի միտք, ինչով կարող ենք օգնել կատարվածին: Եվ մեր կոլեկտիվի ընդհանուր ժողովը որոշեց. ամբողջ կոլեկտիվի աշխատավարձի 10 տոկոսը նվիրել համալիրի վերականգնմանը…», «Ես շատ եմ ուզում տեսնել այդ կառույցը իմ կյանքի մայրամուտին…Ես շատ ծեր եմ: Ուստի շատ եմ խնդրում, թույլ տաք իմ մեկ ամսվա կենսաթոշակի 50% -ը տրամադրելու մարզահամերգային համալիրի շուտափույթ վերականգնման համար»:

Բանահավաք Վերժինե Սվազլյանի նամակը նույնպես պահպանվել է եւ տեղ գտել գրքում. «Մտովի վերապրում էի Ձեր հոգեվիճակը, մանավանդ մենք միմյանց աչքերի մեջ տեսել էինք մեր հայրենիքի վերածնունդի խորին խորհուրդը: Հիշում եմ՝ 1964թ. Լեհաստանում երիտասարդները փողոցների անկյուններում կանգնեցնում էին անցորդներին՝ մոտեցնելով գանձանակը «Վարշավայի վերանորոգման համար»: Ես կարծում եմ սա եւս կարող է իրականություն դառնալ, եթե դուք ցանկանաք: Ես պատրաստ եմ «համալիրի ֆոնդին» հանգանակություն սկսել, որ մեր ժողովուրդը կամավոր ու լիասիրտ կարձագանքի: Չէ՞ որ դա մեր կոթողային հուշարձանների թվին է պատկանում»:

Գրքում տեղ են գտել բացառիկ ձեռագրեր, լուսանկարներ: Գիրքը տպագրել է «Էդիտ Պրինտ» հրատարակչությունը, հրատարակվել է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աջակցությամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930