Լրահոս
Օրվա լրահոսը

Կինովավերագրողը ձեռնամուխ է եղել նոր աշխատանքի՝ գրքի հրատարակության

Նոյեմբեր 13,2021 13:00

Ժամանակին «Առավոտը» մեկ-երկու անգամ անդրադարձել է կինովավերագրող Գեորգի Ասատրյանի աշխատանքներին։ Հիշեցնենք վերջինը՝ «Աշխարհը ոտքիդ տակ» ութ մասից բաղկացած ֆիլմաշարը, որում ներկայացված է հայկական բազմաժանր ու բազմաճյուղ մշակույթի հետքն աշխարհում։ Այս կինովավերագրության նկարահանումները իրականացվել են Եվրոպայում, մասնավորապես՝ Իտալիայում, ողջ աշխատանքն էլ տեւել է շուրջ 5 տարի։

Մեր տեղեկություններով՝ արվեստագետը հրավեր էր ստացել ԱՄՆ-ից, ֆիլմը ցուցադրելու նպատակով։ Մեզ հետ հանդիպման ժամանակ Գեորգի Ասատրյանը նշեց, որ հրավերը համընկել է համավարակի սկզբի հետ ու հենց այդ պատճառով էլ չեղարկվել։ Իսկ այս անգամ կինովավերագրողի հետ հանդիպման առիթն այլ էր. նա ձեռնամուխ է եղել մի նախագծի՝ ոչ թե ֆիլմի, այլ գրքի տեսքով։ «Գրքիս նախնական վերանագիրն է «Մոխրից վերածնունդ»։

Այն կսկսվի Վիլյամ Սարոյանի մի ստեղծագործության մեջ դոմինանտող հետեւյալ մտքով, այն է՝ հայը մշտապես վերածնվել է, շարունակել իր գործունեությունը պարզապես մոխրից վերածնվելով։ Գիրքը կհրատարակվի եռալեզու՝ նաեւ անգլերեն ու ֆրանսերեն։ Նախատեսել եմ նաեւ կինովավերագրական նյութեր, որոնցում պատկերված կլինեն գրքի համար բազմաթիվ փաստերի հավաքագրման ընթացքը,- ասաց մեր զրուցակիցն ու շարունակեց,- իսկ գիրքը կներկայացնի ցեղասպանությունից առաջ եւ հետո հայ մարդու՝ ոսկերչի, ուսուցչի, մշակույթի գործչի կամ բիզնեսմենի եւ այլ մասնագետների հաջողությունները, ձեռքբերումները աշխարհում, չէ՞ որ այդ ձեռքբերումները դերակատարում են ունեցել այլ ժողովուրդների եւ պետությունների կյանքում։ Ասեմ, որ նյութերի հավաքագրման գործընթացը դեռեւս շարունակվում է, իսկ նախագծիս հիմքը, անկեղծ ասած, Վատիկանի արխիվից ձեռք բերված փաստաթղթերն են։ Մի ոչ պակաս կարեւոր հանգամանք. գրքում եւ տեսաշարում բացարձակ կբացակայի տասնամյակներ շարունակ մեզանում, թեեւ հասկանալի պատճառով, տեղ գտած ողբը»։

Դիտարկմանը՝ հիմնականում ԱՄՆ-ում եւ Եվրոպայում այսօր էլ շատ են հայտնի գիտնականներ, որ կարիերան սկսել են Թուրքիայում, բայց հասկանալի պատճառով չեն գնահատվել այդ երկրում, կինովավերագրողը պատասխանեց. «Միանգամայն իրավացի եք։ Այո, հայը որ Թուրքիայից տեղափոխվել է ԱՄՆ, ասենք՝ 40 տարեկանում, եւ կարճ ժամանակում գրանցել հաջողություններ, ուրեմն նա այնտեղ էլ բարձրակարգ մասնագետ էր։ Չեմ հիշում՝ վերեւում ասացի՞, որ բոլոր նյութերը, փաստաթղթերը վերցնում եմ ոչ թե Հայաստանից, այլ բացառապես դրսի արխիվներից։ Իսկ համապատասխան թույլտվությունները ստանալու համար աջակցում են ընկերներս»։

Ի դեպ՝ աջակցության մասին. նման աշխատանքը ենթադրում է հսկայական ֆինանսական միջոցներ։ Դրա մասին Գեորգի Ասատրյանի պատասխանը հակիրճ էր՝ «Մինչ այս պահը ինքս ինձ եմ աջակցում (ժպտում է), բայց վստահ եմ, որ հնարավորությունների տեր ցանկացած հայ նման աշխատանքի համար միջոցներ չի խնայի»։ Հարցին՝ մոտ ժամանակներս ո՞ր երկիր է նախատեսել այցելել, արվեստագետը հայտնեց. «Ծրագրված է Վատիկան, որտեղից ձեռք բերված նոր նյութերի հետքերով կմեկնեմ ԱՄՆ։ Հասկանալի է, որ գրքիս որոշ հերոսների ժառանգները պահպանած կլինեն իրենց ապուպապերի մասին տեղեկությունները»։

Նման ծավալուն աշխատանքը, որի ժամանակագրությունը սկսվում է ցեղասպանությունից առաջ եւ շարունակվում մինչեւ մեր օրերը, կարծես վերջ չի ունենա, մանավանդ այս վարակի պայմաններում. այս դիտարկմանը Գեորգի Ասատրյանը պատասխանեց. «Մեկ տարվա ընթացքում հնարավոր է ավարտել, եթե աշխարհին պատուհասած այս չարիքը մետաստազներ չտա, գոնե սկսի նահանջել»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ Գեորգի Ասատրյանը Սուրբ Ղազար կղզում

«Առավոտ» օրաթերթ
12.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930