Լույս է տեսել հոգեբույժ, գրող, բ.գ.թ., գիտական, գիտահանրամատչելի, գեղարվեստական եւ հրապարակախոսական տասնյակ գրքերի հեղինակ Վարդգես Դավթյանի «Ցավից էլ հզոր» հոգեբուժական ճեպանովելների եւ մանրապատումների գիրքը, որը հրատարակել է «Ղիշա» հրատարակչությունը:
Հետաքրքիր ու ձգող վերնագրերի տակ զվարճալի, ապրած ու հիշողության մեջ դաջված դրվագներ են: Յուրաքանչյուր բուժառու մի նոր շունչ ու հմայք է տալիս Վարդգես Դավթյանի գրական ընթացքին: Ասում է՝ «Ցավից էլ հզոր» գրքում ընթերցողը սեր կգտնի:
Հարցին՝ ինչպե՞ս է կարողանում մեկտեղել գրականությունն ու հոգեբուժությունը եւ արդյո՞ք մեկը մյուսին օգնում կամ լրացնում են, հեղինակը պատասխանել է. «Երբեմն օգնում են, երբեմն էլ` խանգարում: Բայց հիմնականում ապրում են հաշտ ու թեւանցուկ, նույն հարկի տակ, որովհետեւ երկուսն էլ նույն նպատակին են ծառայում. մարդուն ճանաչել, չհիասթափվել, օգնել»:
Վարդգես Դավթյանը 2000 թվականից ԱՄՆ-ում է ապրում: Ասում է՝ հայրենիքից հեռու ապրելն առօրյա-կենցաղային գիտակցության մեջ շատ դժվար է, բայց հոգեւոր-ստեղծագործական ոլորտներում օգնում է բացահայտել իմացության եւ գործունեության նոր հնարավորությունները:
Նա սկսեց գրել այն պահից սկսած, երբ զգաց, որ մարդկանց օգնելու համար անհրաժեշտ է հնարավորինս անկեղծ լինել նրանց ու առաջին հերթին՝ ինքդ քո հանդեպ: Եվ այդպես էլ ծնվեցին գրքերը՝ մեկը մյուսին լրացնող, օգտակար, հոգեւոր ներուժով հագեցած:
Նշեմ, որ այս տարի լույս է տեսել նաեւ Վարդգես Դավթյանի եւ գրականագետ Անի Փաշայանի համահեղինակային «Առնետի դարի մայրամուտը» գիրքը, որը նպատակ ունի ցույց տալու, որ գեղարվեստական գրականությունն ավելին է, քան մեզ ուսուցանում են ավանդաբար:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.11.2021