Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշերի շղթան ավելացավ եւս մեկ պատմությամբ

Նոյեմբեր 13,2021 12:00

Արմինե Թութունջյանի ծննդյան 100-ամյակի առթիվ

Թեպետ Արմինե Թութունջյանի անունը հաճախ է մոռացության տրվում երաժշտության պատմությամբ զբաղվող մասնագետների կողմից, սակայն նա իրավացիորեն հայ օպերային արվեստի տաճարի քրմուհիներից էր, ինչպես Հայկանուշ Դանիելյանը, Գոհար Գասպարյանը եւ ուրիշներ:

Մեծանուն օպերային երգչուհու մասին մեր զրույցներում ակնածանքով էր պատմում մեծահամբավ թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը, որի անձնական արխիվում անգամ խնամքով պահպանվել են իրենց համատեղ համերգային ազդագրերը: Տեսնել էր պետք նաեւ լուսանկարիչ եւ գեղանկարիչ Վահան Քոչարի հրաջինջ աչքերը, երբ խոսում էր իր սիրելի Արմինե թանթիկից (մորաքրոջից):

Հատկանշական է, որ հայր ու որդի Քոչարների՝ «Ձեր կյանքի ժամանակը» խորագիրը կրող նկարաշարում հատուկ տեղ են գրավում երգչուհու՝ երիտասարդ եւ ծերունազարդ տարիներին ստեղծված դիմանկարները:

Թութունջյանի մասին հուշերի մաշող շղթան այսօր ավելանում է եւս մեկ պատմությամբ, որը ոչ միայն փաստագրական արժեքավոր տեղեկություններ է հաղորդում երգչուհու ստեղծագործական կյանքի վերաբերյալ, այլեւ խորհրդանշում է նրա դստեր բոլորանվեր սերն իր ծնողների նկատմամբ:

Հովսեփ եւ Արմինե Թութունջյանների միակ ժառանգ, լոսանջելեսաբնակ հոգեբան Անուշ Թութունջյանի հետ իմ հանդիպումը տեղի ունեցավ նրա ծնողների երեւանյան բնակարանում: Մեր զրույցից առաջ տիկին Անուշը հյուրասիրեց իր սիրելի մայրիկի բաղադրատոմսով պատրաստած անուշեղենը՝ ասելով. «Ցանկացա, որ մեր հանդիպմանը մորս շունչն ու հոգին զգացվի»: Այնուհետեւ ինձ փոխանցեց նրա մասին գրած ձեռագիր հուշը, որը մեր հարցազրույցի հետ միասին նվիրում ենք 20-րդ դարի երկրորդ կեսի հայ ականավոր օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արմինե Թութունջյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին:

Ո՞ւր են բերում ճանապարհները հեռավոր

Պատմական հիշողություն, մշակույթ պահպանելու ունակություն. միգուցե սրանք են այն կարեւորագույն գործոնները, որոնք թույլ տվեցին մեզ՝ հայերիս՝ աշխարհի հնագույն ազգերից մեկին, գոյատեւելու մինչ այսօր:

Եգիպտոսի հայկական համայնքը հատկապես 20-րդ դարի 30-40-ական թվականներին ոչ միայն հայաշատ էր, այլեւ մշակութային առումով՝ ամենահարուստը: 1946-ից սկսած ազգային հայրենասիրության վերելքը իր ալիքներով Եգիպտոսից հայրենիք բերեց մտավորականների, նկարիչների, երաժիշտների, որոնց թվում էր նաեւ Արմինե Թութունջյանը: Նշենք, որ 1950-ական թվականներին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի մեներգիչների հիմնական կորիզը կազմում էին Եգիպտոսից ներգաղթած երիտասարդ երգիչները՝ Գոհար Գասպարյանը, Արմինե Թութունջյանը, Միհրան Երկաթը, հետագայում՝ 60-ականներից նաեւ՝ Աննա Նշանյանը:

Արմինե Թութունջյանը (օրիորդական ազգանունը՝ Զաքարյան) ծնվել է 1921թ. հունվարի 4-ին, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Երեք քույրերից ամենափոքրն էր, ամենաչարաճճին եւ սիրվածը: Մորը կորցրեց վաղ հասակում, երբ 10 տարեկան էր, պահպանելով իր հիշողության մեջ նրա նուրբ, հմայիչ ձայնը:

Մեծ քույրը՝ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ Թագուհի Արամյանը, դարձավ Արմինեի ե՛ւ մայրը, ե՛ւ դաշնամուրի ուսուցչուհին՝ զարգացնելով սեր դեպի դասական երաժշտությունը, կերտելով երաժշտական ճաշակ եւ, իհարկե, երազելով, որ Արմինեն իր նման դաշնակահար դառնա: Սակայն իր լիրիկական ձայնը եւ երգարվեստի հանդեպ ունեցած սերը Արմինեին այլ ուղի մղեցին: Գոհար Գասպարյանի հետ միասին նա ստացավ Ֆելդմանի (վոկալ արվեստի նշանավոր իտալացի ուսուցիչ Էլիզ Ֆելդմանը հայրենիքից Եգիպտոս էր արտաքսվել Բ. Մուսոլինիի իշխանության օրոք տիրող գաղափարական հայացքներին ընդդիմանալու մեղադրանքով – Ս.Մ.) մոտ երգարվեստի առաջին եւ վերջին դասընթացները: Հետագայում՝ 1947 թ., Խորհրդային Հայաստան ներգաղթելով ամուսնու՝ Հովսեփ Թութունջյանի հետ, անմիջապես երգելու հնարավորություն է ստանում Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում: Առաջին դերը Անուշն էր 1948 թ. հունվարի 18-ին, իսկ «Անուշ» օպերայի 200-րդ ներկայացմանը նա երգեց Շարա Տալյանի հետ: Անուշի դերը դարձավ Արմինեի ամենասիրված դերերից մեկը: Հետագայում ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Բեքարյանը, ներշնչվելով Արմինե Թութունջյանի Անուշի կերպարով, ստեղծեց նրա դիմանկարը, որը երկար տարիներ ներկայացված էր Երեւանի պատմության թանգարանում:

Արմինե Թութունջյանի բնածին ձայնը, հուզականությունը, կերպարի հետ ներդաշնակ միաձուլվելու ունակությունը լիովին բավարար էին հարստացնելու օպերային բեմահարթակը: Նրա օպերային դերերի ցանկը բազմազան էր՝ Շուշան («Դավիթ-Բեկ»), Կարինե («Կարինե»), Վարդիթեր («Սոս եւ Վարդիթեր»), Նիգյար («Քյոռօղլի»), Միքայելլա («Կարմեն»), Նեդդա («Պայացներ») եւ, իհարկե, Չիո-Չիո-Սան՝ համանուն օպերայում, որը համարվում է լիրիկական սոպրանոյի ամենաբարդ դերերից մեկը: Այս բոլոր դերերում Արմինե Թութունջյանը հնչեցրել է իր գեղեցիկ լիրիկական սոպրանոն եւ միաժամանակ մարմնավորել է տարբեր կերպարներ՝ ներդաշնակորեն միացնելով վոկալ եւ դերասանական հատկությունները: Պատահականություն չէ, որ Վարդան Աճեմյանը, նկատելով Արմինե Թութունջյանի թատերական տվյալները, նրան հրավիրել է դրամատիկական թատրոն, սակայն Արմինեն չի դավաճանել վոկալ արվեստի հանդեպ ունեցած իր սիրուն:
Նրան մեծ բախտ էր վիճակվել ելույթ ունենալու հայ դիրիժորներ Մ. Թավրիզյանի, Մ. Մալունցյանի եւ երգիչներ Տ. Սազանդարյանի, Գ. Գալաչյանի, Ա. Պետրոսյանի եւ շատ ուրիշների հետ, որոնք կերտեցին հայ օպերային արվեստի պատմությունը:

Բեղմնավոր էին նաեւ համերգային գործունեությունը Ֆիլհարմոնիայի մեծ եւ փոքր դահլիճներում (Օհան Դուրյանի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարությամբ), Կոմպոզիտորների միության հետ ստեղծագործական սերտ կապերը, բազմաթիվ ձայնագրություններ ռադիոյում:
Հարկավոր է հատուկ նշել, որ Արմինե Թութունջյանը երբեք չէր վազում տիտղոսների, կոչումների հետեւից: 1956 թ. նրան շնորհվում են ՀԽՍՀ վաստակավոր արտիստի, իսկ 1967 թ.՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումները: 1956 թ. արժանանում է ԽՍՀՄ Պատվո շքանշանի: Երգչուհու համար, սակայն, ամենաարժեքավորը երաժշտասերի գնահատականն էր:

Բազմաթիվ ելույթների գործընկերներն էին դաշնակահարներ Նելլի Դանիել-Բեկը, Ելենա Տեր-Ղեւոնդյանը, Օլգա Վագենհեյմը, Հովհաննես Փարաջանյանը, Մարիաննա Հարությունյանը: Վերջինիս հետ պետական ռադիոյում ձայնագրվեց երգաշար արեւմտահայ եւ ամերիկյան-բրիտանական կոմպոզիտորների (Բ. Կանաչյան, Հ. Բերբերյան, Գերշվին, Բ. Բրիտտեն) երգացանկից: Մեծ մասն առաջին անգամ էր հնչում Հայաստանում:

Արմինե Թութունջյանը բեմը թողեց 1972 թ., երբ 51 տարեկան էր, դեռեւս եռանդուն, երիտասարդ, թարմ պահպանված ձայնով: Այդ քայլը նա բացատրում էր երկրպագուների հիշողության մեջ երիտասարդ մնալու ցանկությամբ, նաեւ ավելի երիտասարդ ուժերին հնարավորություն տալու:

Երգչուհու կյանքի պարզ փիլիսոփայությունը հետեւյալն էր՝ պետք է կյանքը նվիրել սիրած գործին եւ նույնիսկ մի փոքր բարի հիշատակ թողնել: Ըստ Զ. Ֆրոյդի՝ անմահությունը անծանոթ մարդկանց կողմից սիրված լինելն է… Կարծում եմ, որ Արմինե Թութունջյանը թողեց ջերմ եւ լուսավոր հիշողություն՝ իր հուզիչ ձայնի եւ բեմում մարմնավորած կանացի կերպարների շնորհիվ:

Մի վերջին հայացք գցելով Արմինե Թութունջյանի ուղու վրա եւ պահպանելով նրան բնորոշ լավատեսությունն ու ոգին՝ ցանկանում եմ մտաբերել հետեւյալ իմաստնությունը. «Բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ»:

Թերեւս վաղ թե ուշ կգա մի ժամանակ, երբ յուրաքանչյուր հայի ճանապարհը նրան կբերի Երեւան, ինչպես բերեց Արմինեին: Միգուցե սա երազանքի մի ակնթարթ է, բայց չէ՞ որ երազանքները կարող են իրականություն դառնալ:

Անուշ ԹՈՒԹՈՒՆՋՅԱՆ

Արմինե Թութունջյանի դուստրը

Առաջաբանը՝ Սերգեյ Մանվելյանի
Լուսանկարները՝ Անդրանիկ Քոչարի

«Առավոտ» օրաթերթ
12.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930