Սկիզբը՝ այստեղ:
Առաջարկներ՝ երկարաժամկետ արտաքին քաղաքականության զարգացման համար
1. Ղարաբաղի մասին
Ներքո նշվածները Ղարաբաղի ապագայի վերաբերյալ վարկածային հնարավորություններ են.
Կարդացեք նաև
Ա. Անկախություն: Սա պատերազմից առաջ եղած նպատակն էր եւ դեռեւս Ղարաբաղի արտաքին քաղաքականության նպատակների ցանկի մեջ է՝ չնայած այլեւս առաջատարը չէ։ Այդ արշավը հիմնվում էր ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա։ Այնուամենայնիվ, անկախությունն ավելի քիչ հավանական է պատերազմից հետո, քան պատերազմից առաջ էր, որի պատճառներն արդեն վերը քննարկվել են այս զեկույցի մեջ։
Բ. Անջատում հանուն փրկության (remedial secession): Սա անկախության տանող մեկ այլ ուղի է, որն օգտագործվեց Կոսովոյի համար։ Սակայն Արեւմուտքի կողմից այդ ուղին ստեղծելու եւ օգտագործելու պատճառն ավելի շատ կապված էր աշխարհաքաղաքական շահերի հետ, որոնք Ղարաբաղի դեպքում կիրառելի չեն։ Հակառակը, այստեղ այլ պետությունների աշխարհաքաղաքական շահերը պարտադրում են Ղարաբաղի անկախության չճանաչում՝ որեւէ պարագայում, քանի դեռ անհնարը չի դարձել հնարավոր եւ Ադրբեջանը դրան չի համաձայնել։
Գ. Ռուսական խնամակալություն՝ որեւէ տեսակի: Սա ներկայիս կարգավիճակն է եւ տարածվում է Ղարաբաղի այն հատվածի վրա, որն Ադրբեջանի ուղղակի վերահսկողության տակ չէ։ Կարո՞ղ է այս կարգավիճակը կամ նրա որեւէ տարբերակ լուծում հանդիսանալ։ Հրադադարի հայտարարությունը, որով հաստատվեցին խաղաղապահ ուժեր, կարող է երկարաձգվել յուրաքանչյուր հինգ տարին մեկ։ Սակայն չի կարելի բացառել այն հնարավորությունը, որ դա կարող է մի օր ավարտվել, քանի որ Ադրբեջանը կարող է պահանջել ռուսներից՝ հեռանալ, կամ, որ քիչ հավանական է, Ռուսաստանը կարող է որոշել հետ քաշվել։ Անորոշությունը, որը ցույց է տալիս այս իրավիճակը, լուրջ արգելք կարող է հանդիսանալ անվտանգության եւ վստահության համար, որի կարիքը Ղարաբաղի ժողովուրդն ունի՝ վերադառնալու եւ վերակառուցելու համար։ Բացի այդ, ինչպես Ադրբեջանը կորցրեց համբերությունը` բանակցային լուծմանն սպասելով, այնպես էլ այս դեպքում նույնպես կարող է հասնել մի պահ, երբ նա չհանդուրժի ռուսական զորքերի ներկայությունը կամ Ղարաբաղի հայերի կողմից պատերազմի ելքի տրամաբանության մերժումը։ Հարցը, որին անհրաժեշտ կլինի անդրադառնալ, այն է, թե արդյո՞ք Ռուսաստանը կպնդի մնալ Ադրբեջանում, եթե Ադրբեջանը գործի դնի Ռուսաստանի ներկայությունը դադարեցնելու իր իրավունքը։
Դ. Ռուսական խաղաղապահների փոխարինումը մեկ այլ, թերեւս ԵԱՀԿ ոչ համանախագահող երկրով: Ռուսաստանը կընդդիմանա նման քայլին, քանի որ դա կսպառնա տարածաշրջանում իր շահերին. Ադրբեջանը կարող է ողջունել այն՝ որպես իր ինքնիշխանությանն ավելի նվազ սպառնալիք ներկայացնող. Ղարաբաղը, անշուշտ, դեմ կլինի դրան, քանի որ չի վստահում ուրիշներին եւ կարող է զգացողություն ունենալ, որ դավաճանում է Ռուսաստանին։
Այն, ինչ առկա է, սցենարներ են, որոնք ավելի շուտ շեշտում, քան նվազեցնում են Ղարաբաղի եւ Ադրբեջանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի, Ռուսաստանի եւ Արեւմուտքի, եւ, հնարավոր է, Ղարաբաղի եւ Հայաստանի՝ փոխբացառող դիրքորոշումների միջեւ եղած ճեղքերը։ Այս բազմաթիվ հակադրությունները ոչ մի լավ բան չեն նախանշում անվտանգության համար. անվտանգություն, որը հայերը պետք է զգան, երբ վերադառնան Ղարաբաղ կամ որոշեն, թե արդյո՞ք պիտի մնան այնտեղ կամ հեռանան այնտեղից։
Ղարաբաղի ապագայի համար գոյություն ունի նաեւ հինգերորդ հնարավորությունը.
Ե. Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ փոխհամաձայնություն: Ղարաբաղի կողմից Ադրբեջանի ինքնիշխանության ընդունումը՝ բարձր ինքնավարությամբ տարածքայնորեն սահմանված կարգավիճակի եւ ռուսական/միջազգային երաշխիքների ու ռուսական/միջազգային որոշ ներկայության դիմաց։ Այս տարբերակը, գուցե, նույնպես կարելի է պահեստային համարել։
Այս տարբերակը շատ ղարաբաղցիների կողմից դիտվում է որպես Ղարաբաղի «նախիջեւանացման» հստակ ուղի. այն է՝ Ղարաբաղի հայկական մեծամասնության դանդաղ նոսրացում եւ հայերի վերջնական կորուստ։ Նման հավանականություն, անշուշտ, կա։ Սակայն մինչ ամենավատը ենթադրելն ու դա համարելը որպես ամենահավանական հեռանկար, անհրաժեշտ է լուրջ եւ առարկայական վերլուծություն կատարել։ Նման վերլուծությունը պետք է հաշվի առնի, որ Ղարաբաղն ինքնին այլեւս սպառնալիք չէ Ադրբեջանի համար, եւ պատասխանի հետեւյալ հարցին. հնարավո՞ր է, որ Բաքուն ունենա իր սեփական պատճառները, որպեսզի հայերը մնան Ղարաբաղում։ Այս տրամաբանությամբ չափից ավելի ենթադրույթներ են ընդունվել որպես անքննարկելի ճշմարտություններ, եւ չափից ավելի քիչ վարկած է ուսումնասիրված՝ այդպիսով սահմանափակելով այն այլընտրանքները, որոնք կարելի է նկատի ունենալ առնվազն որպես քննարկման արժանի։
Արժե կրկնել. անհնարինին ձգտելը կարող է թողնել առանց որեւէ ձեռքբերման. աշխատանքը՝ ուղղված նրան, թե ինչ է հնարավոր եւ ինչը կարելի է փրկել, ավելի հավանական է, որ արդյունք տա:
Ա. Իդեալականորեն, Ղարաբաղի եւ Հայաստանի կատարած ընտրությունների միջեւ որեւէ տարբերություն պետք է ծառայի միեւնույն ընդհանուր նպատակին. պահպանել Ղարաբաղի հայ բնակչությանը իր նախնյաց հողում՝ ապահով եւ հնարավորինս ազատ. ինքնիշխանության հնարավորինս փոքր մասի զոհաբերումը՝ ի շահ ավելի մեծ անվտանգության եւ խնդրո առարկա հանդիսացող անհատների ու համայնքների գոյաբանական (existential) կարիքների բավարարման։
Բ. Այնուամենայնիվ, Հայաստանը կարող է եւ պետք է եզրակացնի, որ իր սեփական երկարաժամկետ անվտանգությունը, կայունությունն ու բարեկեցությունը պահանջում են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում։ Հայաստանը պետք է նաեւ ընդունի, որ (ա) Ղարաբաղը թվում է, թե որոշում է կայացրել դուրս թողնել բոլոր տարբերակները, բացի ռուսական զորքերի ներկայությանն ամբողջական ապավինումից՝ անկախ նրանից, թե Հայաստանն ինչ է մտածում, եւ (բ) Երեւանն ավելի քիչ լծակներ ունի Ղարաբաղի ապագայի վրա ազդելու համար։ Այս հանգամանքներում Հայաստանը գուցե ստիպված լինի որոշում կայացնել, թե որքանով է խոհեմ ապագայի նկատմամբ Ղարաբաղի դիրքորոշումը որդեգրելը. դիրքորոշում, որը բացառում է որեւէ այլ տարբերակի շուրջ քննարկումներ ու որեւէ բանակցություն, բայց եւ մի դիրքորոշում, որ Ստեփանակերտը հորդորում է Հայաստանին որդեգրել՝ իր համար որոշ վտանգներով հանդերձ։
Գ. Ղարաբաղում նպատակն ավելի շուտ պետք է լինի տեղի բնակչության իրավունքների շուրջ բանակցելը, քան ձեւակերպելը մի կատարյալ լուծում՝ որպես վերջնական ու անբանակցելի նպատակ։ Այս նպատակին հասնելու համար տեղի բնակչությունը պետք է գործուն մասնակցություն ունենա տարածքի կարգավիճակի շուրջ բանակցություններին։ Նրանք այլեւս չեն խոսում Ղարաբաղի անկախության կամ Հայաստանին կցվելու մասին, այլ ավելի շուտ խոսում են Ադրբեջանին չինտեգրվելու եւ ինքնորոշման վերջնական իրավունքի մասին։ Ղարաբաղի ղեկավարները պետք է իրենց լուրջ եւ առարկայական վերլուծությունն ունենան իրական տարբերակների ու ռիսկերի վերաբերյալ, եւ իրենց մտքերի ընթացքով կիսվեն սեփական ժողովրդի հետ։
Դ. Հակամարտության երկարաժամկետ լուծման բանալին, թերեւս, Լեռնային Ղարաբաղի հարցերով սահմանափակված բանակցություններում չէ. ավելի շուտ, այն կարող է կապված լինել նոր եվրոպական ու եվրասիական անվտանգության ճարտարապետության շրջանակներում հայկական արդյունավետ արտաքին քաղաքականության հետ։ Այն պիտի պահանջի շատ զգույշ հավասարակշռման գործողություն, Ռուսաստանի եւ այլ միջնորդների կողմից այս նպատակների հնարավոր որդեգրում, եւ տեղի բնակչության կողմից դրանց ընդունում։ Սակայն, ի տարբերություն անկախության, այն ավելի հասանելի նպատակ կլիներ՝ հաշվի առնելով հիմնական խաղացողների մեջ շահերի ավելի ընկալունակ համաստեղության հնարավորությունը։
Ե. Կարճաժամկետ հեռանկարում հիմնական որոշումները կկայացվեն Մոսկվայում, Անկարայում եւ Բաքվում, սակայն Երեւանի դիրքորոշումները պետք է պատշաճ կերպով ձեւակերպվեն ու պաշտպանվեն։ Հետեւաբար, Հայաստանի ապագա կառավարությունը պետք է անցնի բազմակողմանի մոտեցման. Բաքվի եւ Անկարայի հետ ուղղակի խոսույթի ուղիների բացում, տարածաշրջանում տնտեսական կապերի բացմանն ուղղված օժանդակություն, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի մեջ ներգրավում եւ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու պատրաստակամության հստակեցում։
Վերջում, Ղարաբաղի ղեկավարներն ու ժողովուրդը պետք է ռիսկերի կառավարման խոր վերլուծություն իրականացնեն՝ մտքում ունենալով 2020 թ. պատերազմից առաջ իրենց կատարած սխալ հաշվարկները։ Ղարաբաղի եւ Հայաստանի ղեկավարները պետք է կշռեն յուրաքանչյուր այլընտրանքի հետ կապված ռիսկերը, քանի որ չկա լավ լուծում, չկա նույնիսկ վատ լուծում. այն, ինչ կա, շատ վատ եւ ամենավատ լուծումներն են։ Ո՞ր տարբերակն ավելի մեծ հավանականություն ունի հայկական Ղարաբաղին ապահովելու երկարաժամկետ եւ անվտանգ կյանքով։ Ավելի քան երկու տասնամյակ Ղարաբաղի մասին մտածելն այնքան խստորեն սահմանափակվել էր, որ ո՛չ Ղարաբաղի, ո՛չ էլ Հայաստանի ղեկավարները չունեին պահեստային ծրագիր, եթե իրենց առաջին ծրագիրը տապալվեր։ Նրանք չպետք է այդ նույն տեղում լինեն այժմ։
Շարունակելի
«Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները
ՌՈԲԵՐՏ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)
ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)
ԹԱԼԻՆ ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)