Նոյեմբերի 12-ին «Կամար» բիզնես կենտրոնը, որտեղ տեղակայված է Բրիտանական դեսպանատունը, լուսավորվել է կանաչ գույնով` ի նշանավորումն Կլիմայի փոփոխության համաժողովի ավարտի։ Համաժողովը տեղի է ունեցել Միացյալ Թագավորության Գլազգո քաղաքում՝ հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 12-ը։
Կլիմայի փոփոխությունն ամենամեծ համաշխարհային մարտահրավերն է, որին առերեսվում ենք բոլորս: Կլիմայի փոփոխության 26-րդ տարեկան համաժողովը, որը հայտնի է նաև Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողով կամ COP26 անվամբ, հյուրընկալել են Միացյալ Թագավորությունը (ՄԹ) և Իտալիան։ Այն կլիմայի փոփոխությունը վերահսկողության տակ վերցնելու լավագույն հնարավորությունն է։
Համաժողովը մեկ հարկի տակ էր հավաքել շուրջ 120 պետությունների ղեկավարների և ամբողջ աշխարհի տասնյակ հազարավոր փորձագետների, կառավարությունների ներկայացուցիչների, գործարարների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով խթանել կլիմայի փոփոխության աղետալի հետևանքները կանխելու համար անհրաժեշտ միջոցառումները։
Կարդացեք նաև
ՄԹ-ն հավատարիմ է կլիմայի փոփոխության դիմագրավման հանձնառությանը և սերտորեն համագործակցել է բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ՝ գլոբալ տաքացումը սահմանափակելու նպատակով հավակնոտ պարտավորություններ և թիրախներ սահմանելու համար:
Միացյալ Թագավորությունը շատ ուրախ էր Կլիմայի փոփոխության համաժողովում ողջունելու Հայաստանի պատվիրակությանը` նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության՝ կլիմայի փոփոխության դիմագրավման հավակնոտ նպատակները, որոնք ամրագրված են «Ազգային մակարդակով սահմանված գործողություններ» կոչվող ազգային ծրագրում։
COP26-ն աշխարհի համար վերջին լավագույն հնարավորությունն է՝ կլիմայի աղետալի փոփոխության դիմագրավմանն ուղղված գործողությունների շուրջ համաձայնության գալու, ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցությունն արդեն կրողներին աջակցություն ցուցաբերելու համար: Երկրները պետք է քայլեր ձեռնարկեն՝ Փարիզի համաձայնագրի նպատակները հարգելու և ջերմաստիճանի բարձրացումը մինչև 1,5 աստիճան սահմանափակելու ուղղությամբ: Մարտահրավերն այնքան ակնառու է, որ Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական խորհուրդն իր զեկույցում նշել է, որ սա կլիմայի համար աղետի ազդանշան է: Ակնկալվում է, որ համաժողովի արդյունքները կհրապարակվեն առաջիկա օրերին։
Այսօր Բրիտանական դեսպանատունը, «Կամար» բիզնես կենտրոնի հետ համագործակցությամբ, գրասենյակի շենքը լուսավորել է կանաչ գույնով՝ նշանավորելու համաժողովի ավարտը և կլիմայի փոփոխության դիմագրավմանն ու կանաչ զարգացման խթանմանն ուղղված համաշխարհային ջանքերը։
Բրիտանական դեսպանատունը լուսավորման համար ընտրել է «Կամար» բիզնես կենտրոնը՝ հաշվի առնելով, որ այս շենքն առաջինն է Հայաստանում արժանացել BREEAM հավաստագրման (Building Research Establishment Environmental Assessment Method՝ շենքի էներգաարդյունավետության գնահատման մեթոդ): Այս մեթոդը մշակվել է British BRE Global ընկերության կողմից՝ շենքերն ըստ էկոլոգիական արդյունավետության ստանդարտների գնահատելու նպատակով։ Բրիտանական դեսպանատունն ուրախ է համագործակցել «Կամար»-ի հետ՝ շենքը կանաչ գույնով լուսավորելու միջոցով կանաչ զարգացման կարևորությունը խորհրդանշական կերպով ընդգծելու համար: Շնորհակալ ենք «Կամար»-ի մեր գործընկերներին այս նախաձեռնությունը ֆինանսավորելու համար:
Հայաստանում բրիտանական դեսպանատուն