Ինչպես տեղեկացրել ենք, դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշարացված համայնքի ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 10 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն եւ 1 դաշինք:
«Մամիկոն Ասլանյան» դաշինքը ձևավորվել է «Ազատ դեմոկրատներ» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցություններից: Դաշինքի համամասնական ցուցակը կազմված է 47 հոգուց: Ինչպես տեղյակ ենք ցուցակում ընդգրկված են՝Վանաձորի քաղաքապետարանի ու ենթակա հիմնարկների աշխատակիցներ, տնօրեններ, ՍՊԸ-ների ու ՀԿ-ների ղեկավարներ:
Իսկ դաշինքը գլխավորում է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Ցուցակի երկրորդ համարը Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության, բարեկարգման եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կարեն Պառավյանն է: Իսկ քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Արեւհատ Հովհաննիսյանը ցուցակում երրորդն է:
Կարդացեք նաև
Ցուցակի չորրորդ եւ հինգերորդ համարները կրկին քաղաքապետարանի աշխատակիցներն են: Նրանք են՝ աշխատակազմի նախկին քարտուղար Արթուր Օհանյանն ու կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի նախկին պետ Գոռ Բադյանը: Վերջիններս աշխատանքից ազատվել են իրենց դիմումի համաձայն:
Դաշինքի կազմում է նաեւ «Ֆորտունա» Լոռու մարզային հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար, լրագրող Անահիտ Կարապետյանը:
Ցուցակում ընդգրկված է նաեւ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի նախկին տնօրեն Գայանե Քալանթարյանը, որը երկար տարիներ եղել է համայնքի ավագանու անդամ: Դաշինքում ընդգրկված են նաեւ համայնքի մի շարք նախկին ավագանու անդամներ եւս:
Հիշեցնենք, որ Aravot.am-ն առաջիկայում կներկայացնի նաեւ մյուս բոլոր ուժերի համամասնական ցուցակները:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ