Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզի երեք գյուղերի հետ կապը կպահպանվի այլընտրանքային նոր ճանապարհով

Նոյեմբեր 12,2021 23:03

Սյունիքի մարզի Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերը կտրված չեն արտաքին աշխարհից։ Գյուղերի հետ կապը իրականացվում է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհով, որը այս պահին կառուցվում է։

Նշենք, որ ադրբեջանցիները երկու օր առաջ մաքսակետ են տեղադրել իրենց վերահսկողության անցած Գորիս-Կապան Մ2 ճանապարհի Որոտանով անցնող հատվածում, եւ փաստացի դադարել է երթեւեկը այդ հատվածով։ Այդ գյուղերի դպրոցներում աշխատող ուսուցիչները, որոնք ապրում են Գորիսում եւ Կապանում՝  չեն կարողանում հասնել դպրոցներ։ Այս մասին ահազանգել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Շուռնուխ ու Բարձրավան դպրոցների երթեւեկող ուսուցիչների երթեւեկը կազմակերպելու համար մարզպետարանի հաշվեկշռում գտնվող մեքենաներից մեկը՝ վառելիքով տրամադրվել է Շուռնուխի դպրոցի տնօրենին, որպեսզի ուսուցիչները երթեւեկեն։ Վաղը մեքենա կտրամադրվի Որոտանի դպրոցի տնօրենին»,-ասում է Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը։

Որոտանի դպրոցում 44 աշակերտ է սովորում։ 19 ուսուցիչներից 15-ը գյուղ հասնում են Գորիսից։ Ուրբաթ օրը դպրոցում դասերը հեռահար են կազմակերպվել։ Տնօրեն Արա Գրիգորյանի տեղեկացմամբ՝ երկուշաբթի օրվանից մանկավարժները դպրոց կտեղափոխվեն Սյունիքի մարզպետարանի տրամադրած ամենագնացով՝ Խոտ–Որոտան ճանապարհով։

Իսկ հինգշաբթի՝ երկու մարդատար ավտոմեքենայով Խոտ–Որոտան ավտոճանապարհով հասել են դպրոց։ «Ուղղակի այդ ճանապարհը դեռ պատրաստ չի, հողաշինարարական աշխատանքներն ավարտված չեն։  Շատ լավ, ընտիր ճանապարհ են կառուցում»,–ասում է տնօրենը։ Մեր այն դիտարկմանը, թե հնարավոր է, մանկավարժները աշխատանքից ազատվելու դիմում գրեն՝ պայմանավորված նոր իրավիճակով, տնօրենը հերքեց։ «Այսքան ժամանակ Որոտանով, ադրբեջանցիների վերահսկողության տարածքով գնացել-եկել ենք, խնդիր չենք ունեցել, մարդիկ նվիրված աշխատում են»,-ասաց Արա Գրիգորյանը։ Վերջինս առաջարկում է՝ հնարավորության դեպքում, մինչեւ այլընտրանքային Խոտ-Որոտան ճանապարհի կառուցման ավարտը, մանկավարժներին Որոտանում ժամանակավորապես տներ հատկացնեն։

«Հո չենք թողնելու մեր գյուղերը դատարկվեն, եւ թուրքը ինչ ուզի անի։ Դա երբեք չի լինելու»,-վստահեցրեց Արա Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է Որոտանում, Շուռնուխում, Բարձրավանում ապրողների բուժօգնության հարցերին, ապա այդ բնակավայրերի բուժակ–մանկաբարձական կետերը ժամանակավորապես կսպասարկվեն Կապանի բժշկական կենտրոնի կողմից։

«Շտապ օգնության կանչերը ավտոմատ կհասցեավորեն Կապանի բժշկական կենտրոն, առողջապահության նախարարության հետ քննարկում ենք այդ 3 գյուղերից մեկում 24 ժամյա ռեժիմով շտապ օգնության բրիգադ պահելու հարցը»,-նշում է Էդգար Մարտիրոսյանը։ Մարզպետարանի քարտուղարը հերքում է այն տեղեկությունները, որ շտապ օգնության մեքենան հինգշաբթի չի կարողացել հասնել Բարձրավան։

«Երեկ Գորիսի, Կապանի, Սիսիանի շտապ օգնության կայանները ոչ մի կանչ չեն ընդունել Շուռնուխ, Բարձրավան, Որոտան գյուղերից»,-ասում է պատասխանատուն՝ ավելացնելով, որ Սյունիքի մարզպետարանը անընդհատ կապի մեջ է Որոտանի, Բարձրավանի, Շուռնուխի վարչական ղեկավարների հետ, համապատասխան գրություն է ուղարկվել Գորիսի համայնքապետարան։ «Ցանկացած խնդիր, անգամ ամենամանր խնդրից մինչեւ սննդամթերքի մատակարարում, պատրաստակամ ենք աջակցելու»,-ասում է Էդգար Մարտիրոսյանը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930