Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է պետական քաղաքականություն, սոցիալական գովազդներ, փաթեթավորման առանձնահատկություն, որպեսզի սպառողի համար հայկական արտադրությանը ավելի տեսանելի եւ գրավիչ լինի. Խաչատուր Սուքիասյան

Նոյեմբեր 12,2021 22:03

Աշխատանքային քննարկում ՀՀ-ում արտահանման քաղաքականության խթանման վերաբերյալ

Նոյեմբերի 12-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ֆինանսական ոլորտով զբաղվող պատգամավորների առաջարկով Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանի Հանրապետությունում արտահանման քաղաքականության խթանման վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Կառավարության անդամներ, ոլորտի պատասխանատուներ, ներկայացուցիչ Կենտրոնական բանկից:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ հանդիպման նպատակն է ՀՀ-ում արդյունաբերության զարգացմանը միտված քայլերն ուսումնասիրելը, որի արդյունքում հասկանալի կդառնա, թե ինչպես մեր երկրում ներմուծման ծավալները փոխարինել արտահանման ծավալներով: Այդ համատեքստում կարեւոր է նաեւ հասկանալ, թե արդյունաբերության զարգացման համար ո՞ր ուղղություններն են ընտրվելու՝ ճյուղային, թե հորիզոնական:

Խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, անդրադառնալով ներքին արդյունաբերության քաղաքականության զարգացման մշակմանը, առանձնացրել է դրան միտված մի շարք ուղղություններ: Դրանց շարքում ԱԺ փոխնախագահն առաջնային է դիտարկել որակյալ տվյալների վիճակագրությունը:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, կարեւորելով հայկական արտադրությանը զարկ տալը, նշել է, որ դրա համար անհրաժեշտ է պետական քաղաքականություն, սոցիալական գովազդներ, փաթեթավորման առանձնահատկություն, որպեսզի սպառողի համար այն ավելի տեսանելի եւ գրավիչ լինի:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ արդյունաբերության ոլորտի առաջնահերթությունների հայտարարումն ու հիմնավորումը եռամսյա ժամկետում արձանագրված է նաեւ Կառավարության ծրագրում:

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, կարեւորելով արտահանման ծավալների ընդլայնումը, նշել է, որ դրան կնպաստի նաեւ թղթաբանության ժամկետների նվազումը: Ըստ նրա՝ արտահանող կազմակերպություններն ամենաքիչ ժամանակը պետք է ծախսեն հենց դրա վրա: Շուշանիկ Ներսիսյանն ընդգծել է, որ իրենք աշխատում են այդ ուղղությամբ:

Կողմերն առանձնացրել են արդյունաբերության գերակա ուղղությունները՝ նշելով, որ առաջնային է զարգացման  հիմնական ճյուղերը հասկանալը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի կարծիքով՝ պետք է հստակեցնել գերակա ուղղության նշանակությունը: Ըստ նրա՝ դա կարող է սկսվել դիվանագիտական աշխատանքից ու վերջանալ ֆիսկալ քաղաքականության վրա ազդեցություններով:

Գեւորգ Պապոյանը, ամփոփելով աշխատանքային քննարկումը, նշել է, որ այն կլինի շարունակական եւ մի քանի շաբաթից վերստին կհանդիպեն գործադրի ներկայացուցիչների հետ՝ ավելի առարկայական քննարկում անցկացնելու ակնկալիքով:

ՀՀ ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930