Խորհրդարանում հյուրընկալվել է անվանի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ հանձնաժողովի անդամները նոյեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին:
Սիսակ Գաբրիելյանը բարձր է գնահատել ավելի քան 50 անվանի նվագախմբերի հետ հանդես եկած դիրիժորի ներդրումը դասական երաժշտության զարգացման գործում:
Կարդացեք նաև
Քննարկմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում դասական երաժշտության զարգացման խոչընդոտներին, ինչպես նաեւ դրանք հաղթահարելուն ուղղված քայլերին:
Արվեստի վաստակավոր գործիչը երազում է, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը լինի համաշխարհային բարձրակարգ նվագախմբերի շարքում: Նրա կարծիքով՝ երազանքը մոտ է իրականություն դառնալուն:
Մշտապես նոր գաղափարներով, հետաքրքիր ու բացառիկ նախագծերով հայտնի դիրիժորը մտահոգված է երաժշտական դպրոցների, երաժշտական կրթության շարունակականության հարցերով: Ընդգծվել է, որ այն պետական մշակութային քաղաքականության պարտադիր մաս պետք է դառնա:
Սիսակ Գաբրիելյանը, կարեւորելով քննարկված հարցերի հրատապությունը, նշել է, որ հանձնաժողովը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու մշակույթի վերելքին նպաստող բոլոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը:
ՀՀ ազգային ժողով