«Թուրքիայի՝ Հայաստանին հղված նախապայմանները մնացել են ուժի մեջ՝ այսօր էլ կան»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին Թուրքիայի նախագահի եւ ԱԳ նախարարի վերջին հայտարարություններին։ «Դրանց իմաստը կայանում է նրանում, որ հայկական կողմը պարտավոր է հրաժարվել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից եւ տարածքային նկրտում չցուցաբերել Թուրքիայի հանդեպ։ Իսկ երբ Թուրքիան ակնարկում է, որ ՀՀ-ն պետք է կարգավորի հարաբերությունները հարեւանների հետ, առաջնահերթ նկատի ունի Ադրբեջանին։ Այսինքն՝ Ադրբեջանի ասածները գլխիկոր կատարեք, մենք էլ կապաշրջափակենք ճանապարհները»,-նշեց Աշոտ Մելքոնյանը։
Նրա բնորոշմամբ․ «Ըստ Թուրքիայի՝ Ադրբեջանի կամքը Հայաստանի կողմից կատարվելով է տարածաշրջանն ապաշրջափակվելու, Թուրքիան էլ դառնալու է դրա տերն ու տիրակալը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը մեզ առաջարկում է «3+3»-ի հարթակը, որը պատկերավոր ասած՝ հնչում է այսպես․ օտարները գալիս-մտնում են մեր հայրենիք, այն բաժանում են իրար միջեւ եւ վերջում ասում ցինիկաբար, որ եթե ՀՀ-ն ցանկանա միանալու հարթակին, կարող է միանալ։ Այսինքն՝ ցուրտ պատշգամբում մնացել է մեկ տեղ, որն էլ մեզ են առաջարկում զբաղեցնել։ Նման պայմաններում Հայաստանն ինչպե՞ս համաձայնի «3+3»-ին»։ Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ Թուրքիայի առաջարկած այս հարթակից Հայաստանն անվտանգային առումով ակնկալիքներ չի կարող ունենալ, որովհետեւ տնտեսական առումով ծանր վիճակում է․ «Թուրքիայի տնտեսության հետ մրցակցելու պարագայում կարող ենք տանուլ տալ։ Մյուս կողմից, Ալիեւն ու Էրդողանը հայտարարում են, թե ՀՀ-ին այլեւս բանակ պետք չէ, որովհետեւ «խաղաղության» իրավիճակ է ստեղծվել, բայց դա ասելուց մեկ նախադասություն հետո Ալիեւն ասում է, որ իրենց բանակն են արդիականացնում, միլիարդներ ավելացնում ռազմական բյուջեի համար։ Նման պայմաններում անվտանգությունից եւ մեր շահերը հաշվի առնելուց խոսելն անիմաստ է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ