Այսօր Իջևան համայնքի ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրն է։
Նախընտրական քարոզարշավի ամփոփման գնահատականներ ստանալու նպատակով փորձեցինք զրուցել ընտրություններին մասնակցող ՀՅԴ կուսակցության ցուցակը գլխավորող Վահան Ղազումյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող, Իջևան համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանի հետ։
Ղազումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինչպես նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում, այնպես էլ այսօր՝ ամփոփիչ օրը, ինքն անհատական հանդիպումներ է ունեցել համայնքի բնակիչների հետ և զրուցել տեղացիների խնդիրների, սպասելիքների և պահանջների մասին։
«Ես քարոզարշավի ամեն րոպեն օգտագործում եմ քաղաքացիների հետ հանդիպելու և զրուցելու համար։ Ինչպես ամբողջ քարոզարշավի ընթացքում, այնպես էլ վերջին օրը, ես անձնական հանդիպումներ ունեցա ընտրողների հետ»։
Կարդացեք նաև
Ղազումյաննն ընդգծեց, որ ամբողջ ընթացքում քարոզարշավն ընթացել է առանց խոչընդոտների և հանգիստ միջավայրում։
Թեկնածուի խոսքով ընտրության օրն էլ ինքը պատրաստվում է անձամբ պտտվել ընտրատեղամասերով և խախտումների դեպքում իր վստահված անձանց հետ օպերատիվ արձագանքել։
Իսկ ՔՊ թեկնածու, ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանի հետ այդպես էլ չստացվեց կապ հաստատել։ Վերջինս անպատասխան թողեց մեր զանգերն ու նամակները։
Նշենք, որ նոյեմբերի 14-ին Իջևանում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, որին մասնակցում են 2 ուժեր ՀՅԴ-ն և ՔՊ-ն։
Սաթենիկ Հովսեփյան