ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի այսօրվա առցանց նիստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի վարչապետ Ալի Հասանովը հակադարձեցին միմյանց: Հայկական կողմը մեղադրեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության դրույթներն Ադրբեջանը չի իրականացնում, Հասանովն էլ հակառակն էր պնդում։
ՀՀ վարչապետ Մհեր Գրիգորյանն իր ելույթում ասել է․«Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում 40 հազար մարդ մնաց անօթեւան եւ կորցրեց ունեցվածքը, ավերվեցին 17 հազար քաղաքացիական օբյեկտներ եւ ենթակառուցվածքներ, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք զոհվեցին եւ վիրավորվեցին, շատերի ճակատագիրը դեռեւս անհայտ է։ Չնայած ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ գերության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների, ինչը ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի, այլեւ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։
Խեղաթյուրելով տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները՝ Ադրբեջանի կողմից շահարկվում է «միջանցքի» գաղափարը, որն ուղեկցվում է ուժի կիրառման սպառնալիքներով»։
Կարդացեք նաև
Ադրբեջանի վարչապետ Ալի Հասանովը, պատասխանելով Մհեր Գրիգորյանին, ասել է․ «44-օրյա պատերազմն ավարտվել է, Ադրբեջանն ազատագրել է երեսուն տարի օկուպացված իր տարածքները։ Մենք հավատարիմ ենք եռակողմ հայտարարության բոլոր կետերի իրականացմանը եւ կկատարենք։ Մասնավորապես, 9-րդ կետը, որը ենթադրում է ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Այս տարի հունվարի 11-ին Մոսկվայում ընդունված որոշման համաձայն ստեղծվել է աշխատանքային խումբ, որի շրջանակներում 9-րդ կետի հարցերն են, կոնկրետ ենթակառուցվածքների ապաշրջափակումն է քննարկվում։ Այս դեպքում ասել, որ Ադրբեջանը տրանսպորտային խնդիրների լուծումը ուղեկցում է ուժի սպառնալիքով․․․ առանց մեկնաբանության։ Սա եռակողմ խմբի շրջանակներում որոշվող հարց է եւ սա միայն Ադրբեջանի շահերի հետ չի կապված, այլ նաեւ տարածաշրջանի այլ երկրների»։
Հասանովն անդրադառնալով Մհեր Գրիգորյանի՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին չվերադարձնելու մասին հայտարարությանը, ասել է՝ Ադրբեջանն ամբողջությամբ իրականացնում է եռակողմ հայտարարության 8-րդ կետը։ Նա հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին, ասել է՝ ռուս խաղաղապահների մասնակցությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 122 զինծառայող եւ կալանավորված անձ, նրանցից 105-ը՝ Հայաստան, 17-ը՝ Ադրբեջան։
«Միաժամանակ, հրադադարի ստորագրումից հետո դեկտեմբերի 13-14-ին Ադրբեջանի տարածքում կալանավորվել են 62 զինված անձինք, որոնք բոլոր միջազգային նորմերով չեն համարվում ռազմագերիներ, նրանք մտել էին մեր երկրի տարածք՝ դիվերսիոն նպատակներով։ Չնայած, Ադրբեջանը նրանցից 29-ին վերադարձրել է հայկական կողմին, 33-ը դատապարտվել են եւ պետք է կրեն պատասխանատվություն։ Այս տարի սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ում Ադրբեջանը հայտարարել է՝ իր տարածքում որպես Լեռնային Ղարաբաղ միավորում այլեւս գոյություն չունի։ Ադրբեջանում կա Ղարաբաղի տնտեսական շրջան եւ արեւելյան Զանգեզուրի տնտեսական շրջան»,-ասել է Հասանովը։
Ադրբեջանի վարչապետին առարկել է ՀՀ փոխվարչապետը։ Մհեր Գրիգորյանն այս առնչությամբ ասել է․ «Հայաստանը հավատարիմ է մնում նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրած եռակողմ հայտարարությունների բոլոր կետերի իրականացմանը, ինչպես նաեւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածության իրականացմանը, եւ անխոս, այդպես էլ տեղի է ունենում հայկական կողմից։ Սակայն, պետք է նշեմ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը չի կարող ուժով լուծվել։ Հակամարտության կարգավորումը հնարավոր է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով, բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներում։ Այս իմաստով իրավիճակը լիցքաթափելու եւ տարածաշրջանում խաղաղ զարգացման փուլ մտնելու համար անհրաժշետ է, որպեսզի Ադրբեջանն ընդունի կառուցողական դիրքորոշում եւ հրաժարվի ագրեսիվ հռետորաբանությունից եւ թշնամական գործողություններից»։
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ