Լրացավ մեկ տարին, ինչ Դադիվանքը Ռուս խաղաղապահների պահպանությամբ և հայ հոգևորականների աղոթական ներկայությամբ շարունակում է ապրել իբրև նվիրական սրբավայր համայն հայության համար:
Ուղիղ մեկ տարի առաջ նոյեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անմիջական ջանքերով, Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի միջնորդությամբ և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհիվ դրախտավայր Քարվաճառից հնարավոր դարձավ հայկական պահել Դադիվանքի վանական համալիրը:
Անցնող մեկ տարվա ընթացքում ի հեճուկս ադրբեջանական կողմից պարբերաբար ուղեկցվող խոչընդոտների և սահմանափակումների՝ Դադիվանքում ռուս խաղաղապահների պահպանությամբ այսօր էլ մեր հոգևորականները շարունակում են աղոթել, ապրել վանական կյանքով և անաղարտ պահել Դադիվանքի հայկական դիմագիծը:
Օրվա խորհրդով Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպս. Աբրահամյանի օրհնությամբ և նախաձեռնությամբ նոյեմբերի 10-ին Դադիվանքում անցկացվեց խաղաղապահների օրհնության կարգ, ընթերցվեց Սրբազան Հոր ողջույնի և գնահատանքի խոսքը.
Կարդացեք նաև
«Հարգելի խաղաղապահ,
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանում կա մի գեղեցիկ խոսք, որը գովաբանում է բոլոր հաշտություն բերողներին. «Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն» (Մատթ. 5:9): Ի՞նչը կարող է լինել ավելի ցանկալի ու մխիթարող, քան խաղաղությունը, որի բացակայությունը կործանում է և մեղավորություն: Խաղաղությունն այն հիմնարար արժեքն է, որը որոշում է մեր կյանքի և ապագայի ուղին:
2020 թվականին՝ Արցախյան պատերազմից հետո, ռուս խաղաղապահների ներկայությունը դարձավ վստահության կարևորագույն գործոնը, որն օգնեց արցախցիներին ընտանիքներով վերադառնալ իրենց տները։ Հիմա եկել է Արցախում խաղաղապահ ուժերի հերթափոխի ժամանակը, երբ խաղաղապահները կվերադառնան հայրենի օրրան՝ իրենց կարոտը առնելու և ընտանեկան ջերմությունը զգալու համար։
Ուստի այս առիթով ձեզ ենք բերում մեր օրհնությունն ու երախտագիտությունը Արցախում անցած վեց ամիսների ընթացքում ձեր ծառայության համար։ Մենք աղոթում ենք, որ Տեր Աստված զորացնի ձեզ՝ ձեր հաջորդ աստվածահաճո առաքելությունների իրականացման համար:
Աղոթքով և օրհնությամբ:»
Այնուհետև ռուս զինվորականներին բաշխվեցին հուշանվերներ և Կարեն Վարդանյանի բարերությամբ՝ Աստվածաշնչեր:
Օրհնության կարգից հետո Դադիվանքի հոգևորականների կողմից պատրաստված տոնական սեղանի շուրջ վանականներն ու ռուս խաղաղապահները միմյանց փոխանցեցին սրտաբուխ մաղթանքներ և ջերմագին խոսքեր:
Արցախի թեմ