«44-օրյա պատերազմը մեզնից չի հեռացել, դժվար թե այդքան շուտ հեռանա, քանի դեռ բոլոր խնդիրները՝ սկսած ռազմագերիների խնդրից, մինչև այլ խնդիրներ վերացված չեն»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) կողմից կազմակերպված «Հետպատերազմյա մարտահրավերներ. քաղաքական, իրավական, տնտեսական և հումանիտար ասպեկտներ» խորագրով անվտանգային ֆորումի ժամանակ հայտարարեց ՄԱՀՀԻ նախագահ Ստեփան Սաֆարյանը:
Նա ներկայացրեց «Ադրբեջանի Հանրապետության կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ իրականացված պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունները» վերտառությամբ ծավալուն զեկույցը։
Անդրադառնալով զեկույցում ներկայացված մարտահրավերներին՝ Ստեփան Սաֆարյանը վստահեցրեց՝ դրանք առաջացել են ոչ միայն պատերազմի ընթացքում, այլև հետպատերազմյան շրջանում ու շեշտեց. «Այն, ինչի մասին խոսեցինք, ամենևին անցյալի մասին չէ: Դրանք իրենց շարունակությունն են ստանում այլ հանցագործությունների հետևանքների տեսքով: Պատերազմի որոշ հետևանքներ դեռևս վերացված չեն»:
Ֆորումի մյուս նիստի ընթացքում ՄԱՀՀԻ Անահիտ Բայանդուր ակադեմիայի երիտասարդ հետազոտողները քննարկեցին նախորդ երկու նիստերում բարձրացված խնդիրները՝ ներկայացնելով իրենց դիտարկումները։
Կարդացեք նաև
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, հետազոտական ծրագրերի համակարգող Ռուբեն Մեհրաբյանը, դիմելով երիտասարդ սերնդի մասնագետներին, նշեց. «ՀՀ-ի առաջ կանգնած մարտահրավերները միջազգային իրավական հարցերով՝ կապված 44-օրյա պատերազմի և ընդհանրապես ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման հետ, ցավոք, ձեր սերնդի հետագա կյանքի ուղեկիցն են լինելու: Մեր սերունդը չկարողացավ ձեր սերնդին ձերբազատել այդ բեռից՝ թողնելով այն ձեզ վրա: Մեր խնդիրն է ուղղակի մեր ուժերի ներածի չափով նպաստել, որ դուք որոշեք՝ ուր եք տանելու այս գործը, ինչպես եք այն բերելու, հասցնելու իր տրամաբանական վերջաբանին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ