«Այո, հնարավոր է իրականացնել վերափոխումներ, այո, հնարավոր է, Սյունիքի հատվածում ամբողջությամբ փոխել իրերի դասավորվածությունն այնպես, որպեսզի ՀՀ-ն լինի իր սուվերեն տարածքում բոլոր տիպի կոմունիկացիաների միակ վերահսկողը»,- «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը՝ հավելելով՝ «սրանք կամ դավադիր են, կամ տգետ՝ խելքները չի հերիքում, ոչ էլ դուխներն է հերիքում, որ անեն»:
Նա նկատում է՝ քաղաքականության մեջ անհնարին ոչինչ չկա եւ շատ իրավիճակներում, նույնիսկ անհավանականությունները՝ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների պարագայում, կարող են հավանական դառնալ: Խնդիրն այն է, թե շահերն ինչպե՞ս են գեներացվում եւ երբ մենք կունենանք նորմալ իշխանություն, եթե, իհարկե, դա շատ ուշ չլինի, քանի որ մենք կորցնում ենք հնարավորությունները, հնարավոր է ոչ միայն վերանայել, այլ որոշակի վերափոխումներ իրականացնել, այդ թվում նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում, քանի որ դրա երկու կետերը կատարված չեն Ադրբեջանի կողմից, եւ ստիպել, որպեսզի դրանցում արվեն որոշակի փոփոխություններ. «Այն, ինչը որ սրանք կատարել են՝ ափալ-թափալ, ցավոք, հողերի, որոշակի տարածքների հանձնում եւ այլն, դա այս պահի դրությամբ անհնարին է որեւէ կերպ վերանայել կամ փոփոխություն մտցնել: Անիմաստ է որեւէ փոփոխություն մտցնել: Նման պարագայում պետք է փոփոխություն մտցնել աշխարհագրության մեջ, ոչ թե փաստաթղթի տեքստերի մեջ: Բայց փաստաթղթի տեքստերի մեջ այն, ինչը որ կատարված չէ, հմուտ քաղաքականության արդյունքում հնարավոր է փոփոխություն մտցնել՝ նաեւ Սյունիքի շուրջ, կոմունիկացիաների վերաբերյալ, Արցախի կարգավիճակի եւ գերիների վերադարձի վերաբերյալ: Իսկ այս իշխանությունները նույնիսկ քաղաքական կամք չունեն որոշ հարցեր բարձրաձայն ասել, անտեսում են»:
Հաջորդ խնդիրը աշխարհաքաղաքական ուժերի, գերտերությունների հետ համաչափ եւ հետեւողական աշխատանք իրականացնելն է եւ շահերի համադրման արդյունքում, Արտակ Զաքարյանի համոզմամբ, հնարավոր է ՀՀ անվտանգային հարցը լիարժեք ապահովել, ստիպել Ադրբեջանին՝ հարգել ՀՀ-ի անվտանգային եւ ռազմավարական շահերը. դրա հնարավորությունները կան, աշխարհաքաղաքական դասավորությունները դա մեզ թույլ են տալիս: Մեր գերխնդիրը բանախոսը համարում է Արցախի անվտանգության ապահովումը՝ երկարատեւ կտրվածքով, բայց քանի դեռ այս իշխանությունը կա՝ Արցախը հայաթափման վտանգի առաջ է:
Անդրադառնալով վերջին շրջանում կրկին օրակարգ եկած 3+3 տարբերակին էլ, Արտակ Զաքարյանը նկատեց՝ ՀՀ շահերի տեսանկյունից այս պահին այդ պլատֆորմը դեռ չի արտահայտվում, քանի դեռ լիարժեք տեսք չի ստացել Արցախի խնդրի կարգավորման օրակարգը, քանի դեռ ՀՀ անվտանգային գոտին՝ սահմանազատումներ եւ սահմանանշումներ հասկացություններ-գործողությունները չեն կապակցվել ԼՂՀ կարգավորման գործընթացի հետ եւ չկան հավասարակշռող մեխանիզմները՝ որ պարագայում ՀՀ-ն ինչ փաստարկներ պետք է կիրառի, «իսկ դա քաղաքականություն է, միմոսություն եւ գժի տեղ դնել չէ, ինչը, որ անում է այս իշխանությունը՝ երկիրը աղետի հասցնելով»:
Կարդացեք նաև
Արտակ Զաքարյանի դիտարկմամբ, այսօր Հայաստանում կա նաեւ կեղծ ընդդիմադիր հատված, որը ՀՀ շահերին չի նպաստում, թեեւ նույն բանն է ասում, բայց ասելն այլ բան է, անելն՝ այլ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ