«CEPA-ն շատ կարևոր համաձայնագիր է, բայց կարծում եմ ավելի կարևոր է դրա իրականացումը»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) կազմակերպած «Հետպատերազմյա մարտահրավերներ. քաղաքական, իրավական, տնտեսական և հումանիտար ասպեկտներ» խորագրով անվտանգային ֆորումի ընթացքում հայտարարեց Նիդեռլանդների Թագավորության Ն.Գ. դեսպան Նիկո Սխերմերսը:
Դեսպանի հավաստմամբ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հնարավորություն է տալիս տարբեր գործողություններ իրականացնել բազմաթիվ ոլորտներում: Նա մանրամասնեց. «Կարծում եմ՝ իմ կառավարության համար սա լավ ազդանշան է Հայաստանի հետ աշխատել, խորացնել և ուժեղացնել երկու երկրների գործունեությունը, համագործակցությունը: Սա վերաբերում է նաև անհատական համագործակցությանը ՀԿ-ների միջև, առանձին նախաձեռնությունների շուրջ համագործակցությունը: Մենք կարող ենք աջակցել, փորձի փոխանակում իրականացնել, նաև կարևոր է բիզնեսի, մարդկային շփումը»:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը հետաքրքրվեց՝ ո՞րն է պարոն դեսպանի սիրելի զբաղմունքը և հիշեցրեց՝ ակնարկեցիք, որ շատ սիրեցիք Սյունիքի լեռներ մագլցելը, այնուհետև ասաց՝ հուսանք առաջիկայում Դուք կշարունակեք դա անել և առավել ևս Սյունիքում, ինչպես այլ դեսպաններ են փորձում իրենց ազատ ժամանակն անցկացնել, դեսպան Սխերմերսն արձագանքեց. «Լեռների մագլցումն իմ սիրելի զբաղմունքներից է: Իմ բոլոր հանգստյան օրերն այդպես եմ անցկացնում: Սյունիքի լեռներ մագլցել դեռ չեմ հասցրել, սակայն անցյալ շաբաթ Վայոց ձորում էի, ինչպես նաև իմ աշխատանքային մեկ տարին Հայաստանում նշել եմ Արագածի բարձունքում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ