Ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից. այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը հետեւյալ քայլերն առաջարկեց. «Իրավական առումով աշխատանք կա անելու եւ եթե հնարավոր լինի ընդդիմությանը հավաքել հասարակության մեծամասնության աջակցությունը, իրավական, սահմանադրական եղանակով իշխանափոխություն իրականացնել, պահանջել դավադիր իշխող ուժի հրաժարականը, Հայաստանում ստեղծել նոր քաղաքական իրավիճակ, որոշումների կայացման նոր մեխանիզմ եւ ստիպել, որպեսզի միջազգային հանրությունը հաշվի նստի Հայաստանում ստեղծված նոր իրավիճակի հետ, հավատացեք, դա հնարավորություն կտա շատ խնդիրներ վերականգնել, շատ խնդիրներ լուծել ի նպաստ ՀՀ-ի»:
Բանախոսի դիտարկմամբ, Հյուսիս-Հարավը Հայաստանի համար միշտ եղել է ռազմավարական կարեւորության խնդիր եւ շատ երկար ժամանակ ՀՀ-ն իր Հյուսիս-Հարավ ճանապարհով եւ նախագծով, գլոբալ աշխարհաքաղաքական ծրագրի մաս է կազմել: Այսօր ադրբեջանցիները՝ թուրքերի հետ միասին Նախիջեւանը Ադրբեջանի հարավային տարածքների հետ կապելու խնդիր դնելով՝ փորձում են Իրան-ՌԴ առանցքը՝ Հյուսիս-Հարավը, փոխել Արեւելք-Արեւմուտքով: Այսինքն, չինական շուկան՝ դեպի Եվրոպա, դեպի Արեւմուտք, ապահովել Ադրբեջանի եւ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվելիք կոմունիկացիայով, ինչն, իր հերթին, նշանակում է՝ Հայաստանին դուրս թողնել որեւէ ազդեցությունից եւ անգամ չնչին դերակատարությունից:
«Սուտ է ասում վարչապետ կոչվածը, որ միջանցքային տրամաբանություն չկա, եթե ադրբեջանցիները միջանցքային տրամաբանություն էին ասում, իրենք իբր չէին համաձայնում եւ ադրբեջանցիները որոշեցին, որ Գորիս-Կապան ճանապարհը պետք է լինի ադրբեջանական: Ըստ էության, կատարվել է ապօրինի ինչ-որ գործարք եւ ես չեմ հավատում, որ ադրբեջանցիները՝ առանց համաձայնության, այնտեղ մաքսակետեր են դրել: Առնվազն ՌԴ-ն դա չէր կարող թույլ տալ: Դա նշանակում է, որ Հայաստանի համաձայնությունը եղել է»,- ասաց Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ մանկապատանեկան խաղեր են այն հայտարարությունները, որ մենք էլ մաքսակետ կդնենք, քանի որ այդ ճանապարհը չի գործելու իբրեւ միջազգային ճանապարհ եւ նոր սարքվող ու անընդհատ գովերգվող ճանապարհը՝ Տաթեւ-Աղվանի, շատ դեպքերում, աշխարհաքաղաքական առումով, այնքան մեծ գրավչություն չունի, որ կարողանա ամբողջ ծավալով ապահովել Հյուսիս-Հարավի նշանակությունը, մանավանդ, որ այն արդեն իսկ անհարմարություններ է բերում տարբեր տիպի տարանցումների համար:
Ըստ բանախոսի, մենք այժմ գտնվում ենք մի իրավիճակում, երբ ունենք փայլուն հնարավորություն՝ ետ բերելու մեր թեկուզ տարածաշրջանային նշանակությունը, բայց գործող իշխանության միջոցով ՀՀ-ն այդ հնարավորությունն էլ է մսխում: Արտակ Զաքարյանը հարցեր է հնչեցնում՝ ինչո՞ւ նրանք մնացին իշխանության, ինչո՞ւ պայքարեցին իշխանության համար՝ խաբելով, թե խաղաղություն ենք բերում. «Ոչ մի խաղաղություն էլ չեն բերում: Պատերազմի ռիսկայնությունները ինչպես եղել են, այնպես էլ շարունակում են գոյություն ունենալ եւ այս իրավիճակում՝ Սյունիքը ևս դառնում է շատ վտանգավոր բախման կետ: Այդ բախման կետը կարող է հրահրվել դրսից՝ դրսի ուժային կենտրոններից, իսկ թատերաբեմը, ցավոք, կարող է լինել հենց ՀՀ տարածքը, տուժողները կարող են լինել ՀՀ քաղաքացիները: Սրանք չեն հասկանում այսքանը, սրանք պատասխանատու չեն իրենց ասածների համար, սրանք չեն հասկանում ՀՀ քաղաքացու անվտանգության կարեւորությունը: Սրանք չեն հասկանում, որ տնտեսություն չես կարող զարգացնել, քանի դեռ դու անվտանգության խնդիր ունես, որ ներդրումներ չեն կարող լինել, քանի դեռ դու քո տեղը, դերը, արժեքը, կշիռը չունես միջազգային հանրության մեջ եւ չես կարող երաշխավորել որեւէ ներդրում»: Այս իմաստով, տեղի ունեցողը նա համարում է ոչ թե միայն շուռնուխցու եւ որոտանցու խնդիրը, այլ բոլորինս, անգամ 450 կմ այդ տարածքից հեռու գտնվող Աշոցքի բնակչի:
Կարդացեք նաև
Արտակ Զաքարյանը չի հասկանում երկու անգամ ավելի աշխատավարձ ստացող այն ոստիկանների պահվածքը, որոնք իբր պետությունն են պահպանում, բայց իրականում՝ այն փոքրաթիվ մարդկանց, ովքեր փորձում են իրականությունը ներկայացնել՝ թեւերը ոլորելով տանում են, որ ընդդիմության ցույցը չհաջողվի: Նա այդ ոստիկաններին զգուշացնում է, որ եթե այսպես շարունակվի՝ պետությունը չի լինելու եւ մնացյալի նման իրենք ու իրենց երեխաներն էլ են գաղթական դառնալու:
«Ընդդիմությունը, հավատացեք, այսօր իշխանության համար չի պայքարում: Եթե իշխանության համար պայքարեր, կասեր՝ լավ, երկու խմբակցություն ունենք ԱԺ-ում, կաշխատենք մինչեւ հաջորդ ընտրություններ: Իսկ մինչեւ հաջորդ ընտրություններ, հավատացեք, ՀՀ-ն կարող է էլ չլինի, սրանք էլ՝ փախած լինեն»,- ասաց նա՝ բոլոր մտածող եւ սրտացավ մարդկանց կոչ անելով հասկանալ իրավիճակի լրջությունը, համախմբվել ընդդիմության շուրջ, իսկ դա չի նշանակում՝ սատարել որեւէ մեկին՝ որեւէ պաշտոնի հասնելու համար, եւ երկիրը դուրս բերել այս իրավիճակից: Նա նաեւ զգուշացնում է, որ գնալով ավելի վատ բաներ են պարզվելու եւ հասկանալի դառնալու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ