Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա պետության նկատմամբ հանցագործություն է, որն իրականացվում է բացահայտ՝ խաբելով հասարակությանը». Արտակ Զաքարյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին

Նոյեմբեր 12,2021 13:19

«Արցախյան պատերազմը, որը կարող էր եւ տեղի չունենալ, որն, ըստ էության, տեղի ունեցավ մեր ապիկար, դավադիր իշխանությունների տգետ, չհաշվարկված, անպատասխանատու քաղաքականության արդյունքում, ամբողջությամբ փոխեց տարածաշրջանում բոլոր տիպի հավասարակշռությունները, տարածաշրջանը վերածեց անկառավարելի քաոսի, որտեղ թուրք-ադրբեջանական տանդեմն առանց որեւէ խոչընդոտների, իրեն հարմար եղանակով իրականացնում է սեփական շահերի գեներացիա: Այդ գեներացիան տեղի է ունենում հիմնականում ՀՀ-ի հաշվին»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը:

Բանախոսի դիտարկմամբ, տարածաշրջանի նկատմամբ փոխվել է նաեւ խոշոր ուժային կենտրոնների վերաբերմունքը. «Տարածաշրջանում այս պահին տեղի են ունենում Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք աշխարհաքաղաքական խոշոր միջանցքների բախում. սա նշանակում է, որ շատ ավելի մեծ շահեր են բախվում եւ այդ բախման կետում, մեր, այսպես կոչված, իշխանությունները, որեւէ կերպ չեն կարողանում գլուխ հանել, պաշտպանել մեր երկրի, մեր ժողովրդի շահերը եւ շաբաթ առ շաբաթ՝ մեր երկրի վիճակը գնալով բարդանում է»:

Արտակ Զաքարյանի դիտարկմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանն Արցախում շատ ինտենսիվ ձեւով իր հեռահար ծրագրերն է իրականացնում եւ փորձում է շեղել, փակել Արցախի հարցի հետագա կարգավորման բոլոր հնարավորությունները, իսկ ՀՀ իշխանությունը չի կարողանում գտնել ճիշտ ժամանակն ու կետը, որտեղից պետք է հնարավոր լինի ետ դարձնել գործընթացը ու կանգնեցնել Ադրբեջանի հակահայկական, Արցախի հայաթափման գործընթացը:

Իր գնահատմամբ, Արցախի հարցում մեր միակ հենման կետը ռուսական խաղաղապահությունն է եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի դեռեւս ձեւական գոյությունը: Մինսկի խումբը թեեւ ժամանակ առ ժամանակ կենդանության նշաններ է ցույց տալիս, բայց Արտակ Զաքարյանի կարծիքով, Հայաստանը դեռեւս չունի այն իշխանությունը, որը հնարավորություն կտա միջազգային հանրությանը վերադառնալ կարգավորման օրակարգերին: «Այսօր, դեռեւս, մեր դավադիր իշխանությունները, Արցախից ձեռքերը լվանալուց հետո, շարունակում են իրենց վերընտրվելով, իրենց կեղծ լոզունգներով ՀՀ-ի, ՀՀ տարածքների, ՀՀ ռազմավարական հենակետերի հաշվին իրականացնել թուրք-ադրբեջանական պրոյեկտը»:

Անդրադառնալով երկու օր առաջ, Գորիս-Կապան ճանապարհին տեղադրված ադրբեջանական մաքսակետին էլ, Արտակ Զաքարյանը նկատում է՝ իբրեւ անակնկալ ձեւով եղավ, բայց նաեւ հիշեցնում է, որ իրենք շուրջ մեկ տարի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտից հետո, այդ մասին քանիցս են ասել ու դրա, այսպես ասած, առաջին ծիծեռնակները, ԻԻՀ մեքենաների երթեւեկության խոչընդոտումն ու հարկումն էր:

Այս առիթով նա հարցեր ունի իշխանությանը. «Իսկ ո՞վ է որոշել, որ դա պետք է իրականացնի հենց Ադրբեջանը, որտե՞ղ է որոշվել, որ ինչ-որ անհայտ քարտեզներով դա ադրբեջանական տարածք է: Այնինչ, վարչապետ կոչվածն, արդեն մի քանի անգամ, կառավարության նիստում, նշում է, որ դա Ադրբեջանի տարածք է: Եթե չկա սահմանազատում, եթե չի արվել սահմանանշում, չկան համապատասխան աշխատանքային խմբի եզրահանգումները, համաձայնությունները, ստորագրված փաստաթղթերը, կառավարություններին արվող առաջարկությունները, դրա հիման վրա կառավարությունների, պետությունների ղեկավարների կողմից ստորագրված, ԱԺ-ի կողմից վավերացված փաստաթղթեր, հանրային քննարկումներ, ո՞վ է որոշել, որ հենց ադրբեջանցիներինն է այդ տարածքը եւ այնտեղ իրենք պետք է իրականացնեն իրենց օրենսդրությանը համապատասխան մաքսային հսկումներ կամ բացթողումներ: Սա պետության նկատմամբ հանցագործություն է, որն իրականացվում է բացահայտ՝ խաբելով հասարակությանը, շեղելով հասարակության ուշադրությունը տարբեր, անեական, կեղծ, շինծու խնդիրների վրա: Արդյունքում Սյունիքը, որը Արցախից հետո եղել ՀՀ-ի ռազմավարական նշանակության կարեւորագույն խաղաքարտը եւ առանցքային խնդիրը՝ Հայաստան պետության գոյության, հայ ժողովրդի անվտանգության համար, տնտեսական, պարենային, կոմունիկացիոն, էներգետիկ, ֆիզիկական անվտանգության ապահովման երաշխիքներից մեկը, Նիկոլն առանց խղճի խայթի հանձնում է: Հանձնում է, որովհետեւ կամ այդպիսի խնդիր է դրված նրա առաջ, այն ուժերի կողմից, որոնք նրան բերել են իշխանության, կամ չունի բավարար գիտելիքներ, կապիտուլյացիոն ակտ ստորագրելուց հետո չունի նաեւ քաղաքական կշիռ, հեղինակություն, որպեսզի կարողանա պաշտպանել իրեն ընտրած, իր ժողովրդի շահերը: Իրեն ընտրած ժողովիդի մի հատված, նույնիսկ այսօր, այդ ճանապարհամերձ տարածքներում, հայտնվելու են շրջափակման կամ կիսաշրջափակման մեջ»:

Նա ցավով է արձանագրում, որ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունը, կարող էր իրավիճակ փոխել եւ վերադարձնել ժողովրդին արժանապատվությունը՝ հնարավորություն տալով ստեղծված իրավիճակից դուրս գալ, այլեւս կորսված հնարավորություն են, քանի որ ժողովուրդը կրկին պողպատե մանդատ տվեց մի ուժի, որը քանիցս հայտարարել ու ապացուցել է՝ Հայաստանի պետական եւ ազգային շահերն իրենց օրակարգում չկան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930