Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավի կապակցությամբ հինգշաբթի երեկոյան կազմակերպվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք երեկոն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմիններին արված հատկացումներին, համայնքների զարգացմանն ու Սյունիքում առկա խնդիրներին։ Ըստ նրա՝ կառավարությունը հանրապետությունում, տեղական ինքնակառավարման ոլորտում կատարել է 100 միլիոն դոլար ներդրում՝ վերջին 3 տարում:
Խոսքը ոչ միայն համայնքների ստացած փոխանցիկ ներդրումների մասին է, որով ընթացիկ փոքր հարցեր են լուծել, այլ սուբվենցիոն ծրագրերով հատկացված գումարների մասին: «2018-ին ես ասել եմ, որ կառավարությունը չի մերժի ցանկացած նորմալ սուբվենցիոն ծրագրի գաղափար: Ինչքան համայնքները շատ ներդրումներ անեն, այդքան կառավարությունն ավելի շատ կաջակցի սուբվենցիոն ծրագրերին: 100 միլիոն դոլար լրացուցիչ ներդրումը մի ներդրում է, որ համայնքները երբեք չեն ստացել Հայաստանի կառավարությունից»,-նշեց ՀՀ վարչապետը։ Ի դեպ, ըստ նրա՝ այդ 100 մլն դոլարից ոչ մի կոպեկ «իրենց նախաճաշի կամ ընթրիքի սեղանին չի հայտնվել»:
Խոսելով՝ ՏԻՄ ընտրությունների մասին, վարչապետը նշեց, որ կառավարող ուժն արձանագրում է, որ ամեն տեղ չէ, որ պիտի հաղթեն։ «Սա նրանից չէ, որ մենք ամբիցիոզ չենք բառիս լավ իմաստով, մեր քաղաքական հավակնությունների կամ մեր նպատակադրումների ու վճռականությունների նշաձողը նվազել է։ Ընդհակառակը, դա նրանից է, որ մեր քաղաքական վճռականության սկզբունքայնության նշաձողը ամեն անգամվա հետ ավելի ու ավելի բարձր է լինում, որովհետեւ նույնիսկ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտվում է, այդ համայնքներում ՔՊ-ն հաղթում է, որովհետեւ ՔՊ-ն իշխանության է եկել համար մեկ կարգախոսով, որ ժողովուրդը որոշող է, եւ ժողովուրդն այսօր գիտի, որ որոշող է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
Վարչապետի համոզմամբ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ իր ձայնն անձեռնմխելի է։ «Հետեւաբար՝ ՏԻՄ բոլոր ընտրություններում հաղթում է ՔՊ-ն, կառավարությունն է հաղթում, մեծամասնությունն է հաղթում, որովհետեւ այդ մեծամասնությունն է, որ ժողովրդի մանդատով ապահովել է այսօրվա վիճակը»,-հայտարարեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր ոք կարող է գնալ ամենահեռավոր գյուղի ամենահեռավոր տուն եւ դիմել այդտեղ ապրողին։ «Ասացեք, որ իշխանությունն առաջիկա ընտրություններում կարող է կեղծել ընտրությունները, այդպիսի մարդ չի լինի, որ հավատա»,-ասաց վարչապետը։
«Ո՞վ չգիտի, թե ինչ կարող էր լինել խորհրդարանական ընտրություններում մեր պարտության պարագայում,- նաեւ ասաց Նիկոլ Փաշինյանը:- Մենք բոլորս դա գիտեինք: Մարդիկ արդեն փողոցներում մեր ընտանիքների գնդակահարություններն էին բեմադրում: Բայց մենք գնացել ենք այդ ճանապարհով, ասել ենք, որ եթե ժողովուրդը որոշի, որ մեզ պետք է գնդակահարել՝ մենք անմռունչ կկանգնենք գնդակահարության պատի տակ»:
Անդրադառնալով Սյունիքը մաս-մաս հանձնելու խոսակցություններին՝ վարչապետը նշեց, որ չի կարող հասկանալ այդ բանաձեւը։ «Այսօր մեզ ասում են՝ Սյունիքը մաս-մաս հանձնում են, եկեք նայենք, թե որն է Սյունիքի հանձման բանաձեւը․ 2018 թվականի դրությամբ Սյունիքի մարզի նախադպրոցական տարիքի երեխաների 4 տոկոսն է ունեցել հասանելիություն մանկապարտեզների եւ նախադպրոցական հիմնարկների։ Դուք պատկերացնու՞մ եք՝ 100 երեխայից միայն 4-ն է հնարավորություն ունեցել գնալ մանկապարտեզ 2018 թվականի դրությամբ Սյունիքի մարզում: Այսօր կառավարությունում խոսում էինք այն մասին, որ Սյունիքի միայն մի համայնքում բոլոր երեխաներին կրթական պրոցեսի մեջ ներգրավելու համար կառավարությունը 9 մլրդ դրամի հատկացում է անում։ Երեւանն ու Գյումրին հանենք, Հայաստանի պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ կառավարությունը միայն մեկ համայնքում 9 մլրդ դրամի կրթական ծրագիր իրականացնի»,-ասաց նա։
Երկրի ղեկավարն ընդունում է, որ անվտանգությունը մեր խոցելի տեղն է, բայց անվտանգության մարտահրավերը չի ծագում այն ժամանակ, երբ բոլորս տեսնում ենք։ «Դա ծագում է այն դեպքում, երբ դեռ չենք տեսնում, երբ երկրի կրտսեր դպրոցն ավարտած 35 տոկոսը 2019-ի թվականի դրությամբ կարդալ չգիտի։ Դա է անվտանգության մարտահրավերը, որ ջարդվել է մեր գլխին»,-ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք այս մարտահրավերները ընդունել են, դիմակայելու են։
«Մեր սրբազան նավը ալեկոծվող ծովի կենտրոնից հասցնելու ենք մեր երազանքների նավահանգիստին»,-իր խոսքը եզրափակեց Հայաստանի վարչապետը։
Պատրաստեց Արմեն ԴԱՎԹՅԱՆԸ