Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ում կստեղծվի ՀՀ-ում կլիմայի փոփոխության ազդեցության տակ ինվազիվ և վտանգված տեսակների տարածման փոփոխության մոդելավորման լաբորատորիա

Նոյեմբեր 12,2021 12:34

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել «Հայաստանի վտանգված և ինվազիվ կենդանատեսակների տարածման մոդելավորումն ու համակարգումը» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնը:

Նշենք, որ գիտական թեման ֆինանսավորման է երաշխավորվել Գիտության կոմիտեի կողմից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում «Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» մրցույթի արդյունքում:

Վերոնշյալ գիտական ծրագրի ղեկավար, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարինե Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց գիտական խումբը բաղկացած է 7 անձից: Խմբում ընդգրկված են Կենսաբանության ֆակուլտետի 1-ին կուրսի 1 մագիստրոս և 2 ասպիրանտ, կենսաբանական գիտությունների 2 թեկնածու և կենսաբանական գիտությունների 2 դոկտոր:

Նրա խոսքով, գիտական ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել կլիմայի փոփոխության նկատմամբ զգայուն, վտանգված ու առավել վտանգավոր ինվազիվ անողնաշարավոր և ողնաշարավոր կենդանատեսակներ ընդգրկող տվյալների բազա և այդ կենդանիների աշխարհագրական տարածվածության տվյալների շտեմարան:

«Դրանց հիման վրա մոդելավորվելու են ուսումնասիրված կենդանատեսակների տարածվածությունը, ինչպես նաև վերջինիս փոփոխությունները Հայաստանում մարդածին գործոնների և կլիմայի փոփոխության ազդեցության ներքո»,- հավելեց պրոֆեսորը:

Կենդանաբանության ամբիոնի վարիչն ընդգծեց, որ կլիմայի փոփոխությունը, մարդածին ճնշումների ազդեցությունն ու դրա նկատմամբ էկոլոգիական խորշերի արձագանքի ճշգրիտ կանխատեսումը կարևոր նշանակություն ունեն ինչպես վայրի բնության արդյունավետ կառավարման, այնպես էլ՝ օտար տեսակների ներխուժումների դեմ պայքարում, ինչն անհրաժեշտ է Հայաստանի կենսաբանական անվտանգության ապահովման համար:

Մարինե Առաքելյանը, խոսելով գիտական ծրագրի արդյունավետության մասին, նշեց, որ նախագիծը գիտական և կիրառական մեծ նշանակություն ունի. «Ինվազիաները կենսաբանական գլոբալ փոփոխությունների հիմնական բաղադրիչն են, քանի որ դրանք էապես ազդում են կենսաբազմազանության և էկոհամակարգերի վրա: Տեսակների տարածման և կլիմայի փոփոխության կանխատեսման մոդելները կարևոր դեր են խաղում ինվազիվ տեսակների ներխուժման ռիսկը գնահատելու հարցում: Վտանգված տեսակների մոդելավորման արդյունքներն արժեքավոր են ապագա հետազոտությունները դյուրացնելու տեսանկյունից և կարող են օգտագործվել որպես բնապահպանական կազմակերպությունների ուղեցույց՝ այդ տեսակների առավել կարևոր բնակավայրերը պահպանելու համար»:

Պրոֆեսորի փաստմամբ, գիտական ծրագրի իրականացման արդյունքում ստացված տվյալների շնորհիվ ընդլայնվելու են գիտական պատկերացումները Հայաստանի կենդանիների էկոլոգիայի և նրանց կարգավիճակի մասին, քանի որ Հայաստանը, պայմանավորված իր լանդշաֆտների և կլիմայական գոտիների բազմազանությամբ, աշխարհում կենսաբազմազանության ու տեսակառաջացման կարևոր կենտրոններից մեկն է. «Մարդածին գործոնների, կլիմայի փոփոխության և ինվազիվ տեսակների ազդեցությունները կառավարելու կարողությունների զարգացումը մեծ կարևորություն ունի ոչ միայն ազգային, այլև տարածաշրջանային մակարդակով, քանի որ Հայաստանը գտնվում է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում: Սա ապագայում հնարավորություններ է ստեղծելու այլ երկրների հետ համատեղ լայնածավալ գիտական նախագծեր մշակելու համար»:

Կենդանաբանության ամբիոնի վարիչը կարևորեց, որ գիտական ծրագիրն իրականացվելու է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ու ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագետների ներգրավվածությամբ:

Նա նշեց, որ հնգամյա գիտական թեմայի շրջանակում նախատեսվում է խորացնել ուսանողների կապը գիտության և բնության հետ. «Գիտական նյութեր հավաքելու համար ամբիոնը նախատեսում է Հայաստանի տարբեր մարզերում իրականացնել բազմաթիվ գիտահետազոտական գործընթացներ, որոնցում ուսանողների ներգրավվածությունը նպաստելու է նրանց գիտելիքների աճին և աշխատանքային փորձի ձեռքբերմանը»:

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930