«Ձգտել անել մի բան, որը քեզնից ավելի բարձր է՝ արդեն իսկ մեծ աշխատանք է: Ինչպես ասում են՝ ջանքն ավելին է, քան արդյունքը: Եվ չնայած այս ճանապարհին ունեցած մի շարք սայթաքումներին՝ մեկ է, ջանում եմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց դերասան, գրող Վարդան Պետրոսյանը: Նոյեմբերի 11-ին «Զանգակ» գրատանը կայացավ Վարդան Պետրոսյանի «Սկիզբ» գրքի շնորհանդեսը։
«Սկիզբ»-ը ինքնակենսագրական վեպ է, որտեղ ներկայացված է անազատության մասին երկու զուգահեռ պատում՝ Վարդան Պետրոսյանի կալանավորման, բանտարկության, դատավարության, այնուհետեւ՝ հաջորդող համաճարակային շրջանում ինքնամեկուսացման մեջ՝ Ֆրանսիայում անցկացված օրերը։ Հումոր, թախիծ, փիլիսոփայություն, դառը իրականություն, ջերմ, լուսավոր սեր։ Այսպես է հեղինակը ներկայացնում իր կալանքի պատմությունը եւ համադրում այն աշխարհում համավարակի մեկուսացման օրերի հետ։ Կալանքը շրջադարձային եղավ հեղինակի կյանքում՝ հանդիսանալով նոր հոգևոր կյանքի սկիզբ։ Արդյոք նույնը կլինի՞ նաեւ մարդկության հետ՝ հիվանդության պատճառով ինքնամեկուսացումից հետո․․․
Կարդացեք նաև
«Հասկանում էի, որ այն ինչ գրում եմ՝ քիչ է: Մի գրքով չէի կարող կալանքիս եւ կորոնավիրուսի մասին գրել, դրա համար հատորներ պետք կգային: Մտածում էի, որ այդ մեծածավալ աշխատանքը կկոմպենսացնեմ նկարներով, այդպես էլ արեցի, շուրջ 90 նկար տեղ գտավ վեպումս: Ընթերցողը կարող է տեսնել ոչ թե կալանավայրի կերպարներին, այլ քնարական կերպարներ, որոնք շատ ռոմանտիկ են, չէ՞ որ նկարելու ոճն արդեն իսկ այդպիսին է՝ թախծոտ, մի քիչ զվարճալի: Գրքի նկարները լրացնում են այն բացը, որը զգացել եմ: Ինձ համար այս գիրքը նոր սկիզբ է, շրջադարձային սկիզբ, եւ, եթե գիրքս էլ ընթերցողի համար մի սկիզբ լինի, ապա իմ գործն արված կհամարեմ»,-ասաց հեղինակը:
Վարդան Պետրոսյանի խոսքով՝ իր մեջ այնքան մտքեր ու ապրումներ կային, որոնցով ուզում էր կիսվել հասարակության հետ, ինչն էլ առիթ հանդիսացավ գիրքը լույս տեսնելուն: Սկզբում չէր կարծում, որ իր գրառումները կդառնան մի ամբողջական գիրք: Ասում է՝ կալանքից հետո ինքը՝ շատ է փոխվել, առաջվանը չէ: Նրա խոսքով՝ բանտից հետո կարիերան իր համար դարձել է երկրորդական: Վարդան Պետրոսյանի ձեւակերպմամբ, տարիքի հետ գալիս են այլ առաջնայնություններ, որոնք դերասան-գրողի մոտ ի հայտ եկան կալանքից հետո: Վարդանի բնորոշմամբ՝ գիրքը նրանց համար է, ովքեր ունեն մխիթարության կարիք, որովհետեւ գիրքը դժվար տարիների մասին է, որտեղ կա լույս:
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ